«Ոսկե ծիրանը» դառնում է «ընտրյալների» փառատո՞ն

ԷՍՍԵ | | July 20, 2011 13:10

Այսօր դժվար թե գտնվի մեկը, որ ժխտի այն դերն ու նշանակությունը, որ գոյության ութ տարիների ընթացքում ձեռք է բերել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Հայաստանի մշակութային կյանքում:  Լուրջ կինո այսօր ոչ մի վարձույթի սրահում էլ չես գտնի, իսկ քաղաքի միակ կինթատրոնն էլ ցուցադրում է կոմերցիոն լայն սպառման կինո: Իսկ փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսը տարին մեկ անգամ` մեկ շաբաթվա ընթացքում, հնարավորություն է ունենում դիտել համաշխարհային կինոյի լավագույն նմուշներից, այդ թվում միջազգային «Ա» դասի` Կաննի ու Բեռլինի միջազգային կինոփառատոններում գլխավոր մրցանակներ շահած ֆիլմեր` այսպիսով հնարավորություն ունենալով տեսնել, թե այսօր ինչպիսի կինոն է արժևորվում աշխարհում, ինչ միտումներ կան  երկրագնդի ամենատարբեր կետերի մշակույթներում`սկսած Մեքսիկայից ու Արգենտինայից մինչև Թաիլանդ ու Կորեա:

Հայաստան են գալիս աշխարահռչակ դերասաններ և ռեժիսորներ. Թոոդորոս Անգելեպուլոս, Բելա Տար, Աբաս Քյառոսթամի, Կլաուդիա Կարդինալե, Ֆաննի Արդան և այլն: Բոլոր այս մարդկանց հետո հնարավորություն է ստեղծվում շփվելու կինոփառատոնի ընթացքում, որը երիտասարդ կինոգործիչների, սցենարիստների և կինոյի հետ գործ ունեցող մարդկանց համար չափազանց կարևոր է` ինչ-ինչ կապեր ձեռք բերելու կամ ցանկացած համագործակցության եզր գտնելու համար:

Փառատոնը զարգանում է. այս տարի մեկնարկել է «Ոսկե կորիզ» անվանակարգը, երկու տարի առաջ էլ` «Ռեժիսորներ առանց սահմանի» կինոպլատֆորմը, ամեն տարի ավելի շատ կառույցներ են ընդգրկվում «Ոսկե ծիրանին»  այս կամ այն կերպ աջակցություն ցուցաբերելու հարցում. նախորդ տարվանից  փառատոնին միացել է Բրազիլիայի դեսպանատունը, որն այս տարի խոստացավ, որ մյուս տարի լինելու է  բրազիլիական կինոյի օր, իսկ այս տարի Լեհաստանի դեսպանատան շնորհիվ ցուցադրվեց Վոյչեխ Մարչևսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրություն` ռեժիսորի ներկայությամբ:

Դժվար է թվարկել այն ամեն դրականը, որ բերում է իր հետ փառատոնը, սակայն լավի հետ միշտ էլ պետք է նաև ընդգծել այն թերությունները, որոնք կան` քանի որ թերություններ չեն լինում միայն գործ չանելու պարագայում:

Փառատոնի պատմության առաջին տարիներից սկսած միշտ էլ խնդիր է եղել ֆիլմերի հայերեն նշագրերի(սուբտիտրեր) հարցում: Ֆիլմի կեսից կամ կամայական տեղից հանկարծ հայերեն նշագրերն անհետանում են, հետո հնարավոր է, որ անհետանա նաև անգելերեն տարբերակը, ինչպես այս տարի եղավ, օրինակ, Բելա Տարի «Թուրինյան ձիու» հոյակապ ֆիլմի հետ «Նաիրի» կինոթատրոնի ցուցադրության ժամանակ, երբ ֆիլմի կեսից երևացին հայերեն նշագրերը, իսկ անգլերենն այդպես էլ չեղավ, մինչդեռ դահլիճում երեք արտասահմանցի ունկդիր կային, որոնցից մեկին, որ կողքս էր նստած` չիմացածս կիսակոտրտված անգելերենով մի քանի բառ թոթովեցի, սակայն նա, այդպես էլ ֆիլմից ոչինչ չհասկացավ, իսկ դիմացի շարքում նստած արտասահմանցու ուղեկցորդը սինխրոն կամացուկ թարգմանություն էր անում: Այս այլևս նախկին կինոթատրոնն, ընդհանրապես ասած, արժանի է մեկ հոդվածով հիշատակման, քանի որ այնտեղ շահույթ ստանալով և տոմս վաճառելով` դահլիճը ամառային տապին չէր հովացվում այն պատճառաբանությամբ, որ սարքերը չեն աշխատում, ինչպես նաև այնտեղ ընոդւնված պրակտիկա է դարձել ֆիլմերը սկսել ուշացումով և նույն  տեղի համար երկու տոմս վաճառել:

«Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն ասում են, որ նշագրերի հարցն իրենցից կախված չէ, որ ֆիլմերից շատերն այդպիսի խոտանով են գալիս: Հավանաբար, դա շատ բարդ է հասկանալու համար, թե ինչպես է արվում այդ կարգավորումները, սակայն նույն «Թուրինյան ձին» Մոսկվա կինոթատրոնում նորմալ ցուցադրություն է ունեցել, ինչը չի նշանակում, թե այս կինոթատրոնում ցուցադրված բոլոր ֆիլմերում նշագրերի հարց չի եղել. այդ խնդիրը բոլոր տարիներին և բոլոր տեղերում էլ եղել է:

Եթե տեխնիկական ինչ-ինչ պատճառներով  այս հարցերն այժմ անլուծելի են, ապա ի՞նչ ասես հայերեն ուղղագրության մասին. չի՞ կարող «Ոսկե ծիրանը» գրագետ մարդու հանձնարարել այդ գործը, որ կոպիտ ուղղագրական սխալներն էկրանից աչք չծակեն. «ոչ»-ը գրվում է «վոչ»,  օժանդակ «էին» բայը` «եին» և այլն:

Մեկ այլ աչք ծակող «դրական» կողմ` կինոփառատոնի անփոխարինելի ատրիբուտ կարմիր գորգը: Բոլոր լրագրողները, այդ թվում սույն հոդվածագիրը, գրում են. «Պատվավոր հյուրերը կարմիր գորգի վրայով քայլեցին դեպի բացման կամ փակման հանդիսավոր արարողությունը»:

Իրականում դա ոչ թե գորգ է, այլ քրջոտ ու կեղտոտ մի փալաս` պատված տարիների հնության կեղտաբծերով, կարճ է և չի ծածկում Ազնավուրի հրապարակի այն ամբողջ հատվածը, որտեղից մուտք են գործում, և ի լրում ամենի` թեթև է և քամու թեթև հարվածից ծալծլվում է:

Այս տարի փառատոնի բացմանը` տարիների «ծիրանյան» փորձ ունեցող մշակութային լրագրողներից մեկին հարցրեցի, թե ինչու, օրինակ, այդ մասին չի գրում: Պատասխանեց, որ չի ուզում փնովել այն միակ լավին, որ կա հայ մշակութային իրականությունում: Սա ճիշտ մոտեցում չէ. կառուցողական քննադատությունը պետք է թերությունները մատնացույց անելու և դրանք շտկելու համար:

Հենց այդ պատճառով Հայաստանում գոյություն չունի որևէ ոլորտի քննադատություն այն իմաստով, ինչպիսին քննադատությունն է, չկան գրաքննադատներ, կինոքննադատներ, թատերագետներ և այլ քննադատներ: Եթե մեկ-երկուսը կան, դա ոչ մի ազդեցություն չի ունենում դաշտի ձևավորման վրա, իսկ չեն քննադատում, որովհետև մտածում են ճիշտ և ճիշտ գործընկերոջս պես. «հազիվ մի բան են անում, ինչո՞ւ քննադատես»: Հենց այդ պատճառով էլ Հայաստանում ոչինչ «հազիվ մի բանի» մակարդակից առաջ չի շարժվում, որովհետև մեր մոտ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելը համարվում է գերմարդկային և ոչ հայի «ատամի բանը»:

Այդ նույն լրագրողին, որը տարիներ շարունակ մեծ սիրով և նվիրումով լուսաբանել է «Ոսկե ծիրանը»` Կաննի մրցանակակիր «Կենաց ծառի» միակ ցուցադրության ժամանակ դուրս հրավիրեցին` հետո մուտք գործելու պատճառաբանությամբ: Սա էլ հաջորդ խնդիրն է, որ հունից հանում է բոլոր կինոսիրողներին:

Փառատոնում սահմանված կարգ կա. սկզբից մտնում են հրավիրատոմս և տոմս ունեցողները, այնուհետև հավատարմագրված լրագրողները, որոնց համար մուտքն անվճար է, և, եթե տեղ է լինում` նաև թողնում են անտոմս կինոսիրողներին:

Սա մի կատարյալ անհեթեթ իրավիճակներ է ստեղծում որոշ ֆիլմերի ժամանակ: Հայտնի է, որ փառատոնը հրավիրատոմսեր է տալիս հովանավորներին, ինչը բնական է: Այդ հրավիրատոմսերից տալիս են նաև հավատարմագրված լրագրողներին, սակայն դրանք բաշխվում են հայկական տարբերակով, այսինքն` ծանոթի միջոցով: Փառատոնի տնօրինությունը միշտ էլ զգուշացնում է, որ վերջում բոլորն էլ մտնելու են, ինչպես դրսում կես ժամ սպասելուց հետո մտավ փառատոնը միմիայն լավագույն լույսի տակ լուսաբանած գործընկերս, սակայն չի կարելի արդյո՞ք այդ ամենը լուծել քաղաքակիրթ տարբերակով, որպեսզի մեկանգամյա պրեմիերա-ցուցադրությունների ժամանակ` վիզներս ծուռ չկանգնենք մուտքի մոտ, մինչև կինոյի հետ կապ չունեցող մարդը անաագել մուտք գործի կինոթատրոն և «Մելանխոլիայի» կամ «Պարգևի» ժամանակ աղմուկով չլքի կինոդահլիճը, քանի որ փառատոնային կինո նայելն այնքան էլ հեշտ չէ. դա այն թեթև, հոլիվուդյան կոմերցիոն կինոն չէ, որ արևածաղիկի սերմ չրթելու պես կնայես:

Բացի այդ փառատոնի բացման և փակման արարաղությունները միմիայն հրավիրատոմսերով են և ստացվում է, որ դրանք լուսաբանելու համար պետք է հրավիրատոմս «մուրաս»:

Կաննում, օրինակ, այդ հարցը լուծված է: Այնտեղ գոյություն ունի հավատարմագրված լրագրողների դասակարգում: Այսինքն տարբեր լրագրողներ ունեն տարբեր հավատարմագրեր, որոնք ապահովում են տարբեր ցուցադրությունների մուտք: Միթե՞ դժվար է այդ տարբերակը կիրառել այստեղ: Այս տարի «Ոսկե ծիրանը» լուսաբանելու համար հավատարմագրվել է 300 լրագրող, ուսանող, լուսանկարիչ և այլն: Բոլոր այս 300 հոգուն տրամադրված հավատարմագրերը հավասար մուտք են ապահովում կինոդահլիճ: Սակայն պետք է տարբերակում մտցնել այն լրագրողի համար, որն, օրինակ, նոր է ուզում լուսաբանել փառատոնի գործունեությունը, այն լրագրողից, որը դա արել է տարիներ շարունակ: Անշուշտ, գնահատման կարգը կարող է ներառել նաև նյութի խորությունը և բազմաթիվ այլ ցուցանիշներ, որոնք կարելի է հաշվի առնել: Երկու տարի հետո փառատոնը տոնելու է 10-ամյա հոբելյանը, որի ժամանակ, վստահ եմ, կլինեն բազմաթիվ անկնակալներ, որոնց կուզենա մասնակցել յուրաքանչյուր կինոսիրող: Որևէ մեկի համար հաճելի չէ ներս սողոսկելու հույսով մուտքի մոտ սպասել, մինչև «Ոսկե ծիրանի» կամավորը թույլ կտա ներս մտնել, իսկ հատուկ ցուցադրությունների ժամանակ էլ մարդիկ հրմշտոցով են ներս խցկվում:

«Ոսկե ծիրանը» կարող է լրագրողական մրցույթ հայտարարել որոշակի անվանակարգերում և մրցանակներ սահմանել, որոնք բացի դրամականից` կարող են լինել ինչ-ինչ ֆիլմների ցուցադրություննների մուտք: Կամ, օրինակ, «Ոսկե ծիրան-9»-ը լրագրողական մրցույթի մրցանակակիրները ունենան ինչ-ինչ առավելություններ «Ոսկե ծիրան-10»-ի ժամանակ:

Պետերբուրգցի կինոքննադատ, լրագրող Օլգա Շերվուդը «Ոսկե ծիրանի» գոյության ութ տարիներից յոթին ներկա է եղել, երկու անգամ` որպես ժյուրի: Նա «Անկախին» ասաց, որ չափազանց հավանում է փառատոնի ջերմ մթնոլորտը և ասում է, որ ի տարբերություն ռուսական շատ փառատոնների, որոնք կազմակերպվում են փող աշխատելու համար. «Ոսկե ծիրանն»  արվում է հանուն կինոյի: «Փառատոնը մարդկանց նորից սովորեցնում է կինո նայել,- ասում է նա,- երբ նոր էր սկսվել` ցուցադրությունների ժամանակ դահլիճը գրեթե դատարկ էր, իսկ հիմա երեկոյան ցուցադրություններում ասեղ գցելու տեղ չկա»:

«Ոսկե ծիրանն», անշուշտ, կայացել է, սակայն տնօրինությունը պետք է մտածի, որ դա ծառայի այն նպատակի համար, ինչի համար որ ստեղծվել է` այսինքն կինոյի և չդառնա ընտրյալների փառատոն, ինչը օրինաչափ երևույթ է Հայաստանում:

 

 

 

 

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply