«Ոսկե ծիրանն» ավարտվեց. գլխավոր մրցանակը շահեց «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» իրանական ֆիլմը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 18, 2011 15:16

Ավարտվեց «Ոսկե ծիրան» ութերորդ միջազգային կինոփառատոնը և լարված շաբաթն ու կինոդիտումներն այլևս դարձան հիշողություն:

Փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել «Լաթար» հյուրանոցային համալիրի բակում` շաբաթօրյա հորդառատ անձրևից հետո` պաշտպանված դեղին պոլիէթիլենային թիկնոցներով:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ ստացավ իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը:  2010թ. նկարահանված այս ֆիլմը 61-րդ Բեռլինի փառատոնում «Ոսկե մեդալ» է ստացել` որպես փառատոնի լավագույն ֆիլմ, ինչպես նաև «Արծաթե մեդալ»` կնոջ և տղամարդու դերերի համար: Ֆիլմում գլխավոր ակցենտը դրվում է իրանական տեղական սովորությունների վրա, երբ կինը կարող է դատարանում խաբել, սակայն հրաժարվում է Ղուրանի վրա երդվել: Ֆիլմում սպանություն կամ ողբերգություն չկա, սակայն երկու ընտանիքների միջև ծագած կոնֆլիկտը երկու ժամ լարված է պահում հանդիսատեսին`սյուժեի զարգացումներով ամբողջությամբ կլանելով հանդիսատեսին:

Այս անվանակարգում «Արծաթե ծիրանը» գնաց Հարավային Կորեա` Փարկ Չուն-բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմի համար: Իսկ  ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ Պաուլա Մարկովիչը` «Պարգևը» ֆիլմի համար: Այս ֆիլմը նաև արժանացել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին:  2011թ. Բեռլինիալեում «Պարգը» մրցանակներ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն նկարչական ձևավորման համար: Գլխավոր հերոսուհի 7-ամյա Սեսիլիան չգիտի, թե ինչ են ուզում իրենցից «վատ զինվորները», նա մոր հետ թաքնվում է ափամերձ մի տնակում և առանց փաստաթղթերի հաճախում է դպրոց: Աղջիկը դրսևորում է գերազանց ունակություններ և արգենտինական բանակի հայտարարած շարադրության մրցույթում շահում է գլխավոր մրցանակ այն բանի համար, որ գովերգել էր բանակի զինվորականությանը այն դեպքում, երբ «վատ զինվորները» սպանել էին իր զարմուհուն, իսկ հորից լուր չկար:

FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակը  ստացել է Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը, իսկ Էկումենիկ կամ Եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակ շնորհվել է Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս»ֆիլմին:  Այս ֆիլմը մեկ մարդկային ճակատագրի ողբերգական ոլորապտույտների մասին է, որի արդյունքում մարդը մնում է ձեռնունայն, սակայն այդ ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները կարծես թե նրան վերափոխում են ու ստիպում նոր հայացքով նայել կյանքին: Ռումինական մի փոքրիկ ափամերձ գյուցում ապրող Նաեն ժառանգում է քեռու պարտքերը այն դեպքում, երբ վերջինս տունը լքել է մոր երեխա լինելու ժամանակից: Այդ ընթացքում նա կորցնում է մորը, սեփական տունը` գրավի դիմաց, իսկ քեռուց ժառանգած ավտոմեքենան ու փոքրիկ մոտորանավակը բռնագրավում են տեղական ոստիկանությունում, և նա մնում է ձեռնունայն` հեռավոր Ֆրանսիայից, ուր մեկնել էր ժառանգությունը ստանալու համար, ռումինական հայրենի գյուղ գալու ճանապարհի ընթացքում հանդիպած մի էշի հույսին:

Միջազգային վավերագրական ֆիլերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ շնորհվել է  Ալեքսանդր Նանաուի «Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի» ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրան»` «Ամառային արոտավայր». ռեժիսորներ` Լին Թրու, Նելսոն Ուոքեր , Ցերինգ Պերլո:

Այս տարի միջազգային խաղարկային ֆիլմերում ընդգրկված հայ ռեժիսորի աշխատանք չկար, իսկ 2010թ.ընդգրկված էր երկու ֆիլմ` Վիգեն Չալդրանյանի «Մաեստրոն» և Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն, որն, ի դեպ, արժանացել էր ժյուրիի հատուկ մրցանակին:

Հայկական համայնապատկեր անվանակարգում առաջադրված  Հարութ Շատյանի  «Բեռնելով կյանքս» ֆիլմը «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ ստանալուց զատ` արժանացել է նաև  Բրիտանական Խորհուրդի սահմանած մրցանակին, ինչպես նաև ստացել է «Նուարդ» մրցանակ:

Այս ֆիլմի գլխավոր հերոսը ինքն է` ռեժիսորը, որը մշտական երկխոսության մեջ է տեսախցիկի հետ: Պատմությունը ուսանող երիտասարդի մասին է, ով զինվորական ծառայության ժամանակ հիվանդանում է շաքարախտով և զորացրվում որպես զինծառայությանը ոչ պիտանի մարդ: Բուժման համար անհրաժեշտ դեղերը, որոնք ամեն օր անհրաժեշտ են, և պետք է անվճար տրամադրվեն, ուշանում են, և ուսանող գործազուրկին մնում է գողություն անել:

Հայկական համայնապատկերի «Արծաթե ծիրան» շնորհվել է  Էմիլ Մկրտչյանին` «Տիեզերանավը» ֆիլմի համար: Այն նաև արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի:

Հետաքրքիր էր «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը, որը մեկնարկեց այս տարի: Այս անվանակարգին մասնակցելու համար ներկայացվել էր 135 հայտ, որոնցից ընտրվել են 25-ը 18 երկրներից:  Հայաստանից ընտրվել է ընդամենը 3 ֆիլմ, որը, մասնագետների կարծիքով վատ ցուցանիշ է հայկական կինոյի համար:

Կազմակերպիչների կարծիքով` «Կորիզ» անվանակարգը ստեղծվել է, որպեսզի այսօրվանից փորձ արվի հասկանալ, թե ինչ մարտահրավերների է դիմակայելու կինոն վաղը, ինչպես նաև այս մրցույթը լավ հնարավորություն է փոքր բյուջեով հետաքրիքր ֆիլմեր ստեղծելու համար:

Այս անվանակարգում «Ոսկե ծիրանի» է արժանացել Պյոտր Սուբոտկոյի «Գլազգո» ֆիլմը:

 

Դիտվել է 1634 անգամ:
Print Friendly

Leave a Reply