Մարդիկ փախչում են «վայրի կապիտալիզմի և ֆեոդալիզմի խառնուրդից»

ԷՍՍԵ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 18, 2011 0:36

2011-ի առաջին կիսամյակում  օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 377 584 մարդ, ժամանել` 322 401-ը: Մեկնողների թիվը  ժամանողների թիվը  գերազանցել է 55 183-ով: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` Հայաստանից  5672-ով ավելի մարդ է հեռացել:

Սրանք շարքային տվյալներ կլինեին, եթե վերջին շրջանում ամենուրեք ու ամեն ոք չխոսեր երկրից հեռանալու իր ծրագրերի մասին: Լրացնելու է գալիս նաև ՄԱԿ-ի 2009-ին կատարված հետազոտությունը, ըստ որի` Հայաստանի բնակչության 44 տոկոսն իր ապագան երկրում չի տեսնում:

«Եթե ինձ դրսում աշխատանք գտնեմ, անպայման կգնամ, ինձ նման մասնագետներն այլ երկրներում ապահովված ապրում են, իսկ ես այստեղ հազիվ ընտանիքս օրվա  հացով եմ ապահովում»,- վերջերս ասաց տնտեսագետ ծանոթներիցս մեկը, որ իր ոլորտում լավագույն մասնագետներից է և կարիերայի բարձրակետին է հասել:

«Մսի կիլոգրամը 3000-3500 դրամ է, ամիսը քանի՞ անգամ կարող եմ իմ աշխատավարձով թույլ տալ միս տուն բերել,- ասում է Լևոնը,- ի՞նչ է, ողջ կյանքս պիտի աշխատեմ միայն ուտելու հարցը լուծելու համա՞ր, երեխաներս մեծանում են, ուսման, բնակարանի հարցերը պետք է լուծվեն, ինչը Հայաստանի պայմաններում անհնար է»:

Նման հայտարարությունների դեմ կարելի է ընդվզել, հեռանալու ցանկություն հայտնողներին էլ համարել թուլակամ, ազգի դավաճան: Բայց մի փոքր մտածելու դեպքում պարզ է դառնում, որ առկա խնդիրը ո՛չ քննադատությամբ կլուծվի, ո՛չ էլ անտեսելով:

Խնդիրը յուրահատուկ դրսևորում ունի հատկապես մարզային բնակավայրերում. այստեղ աշխատավարձերը երևանյան աշխատավարձից անհամեմատ փոքր են, փոխարենը բարձր են  մթերքների և ծառայությունների գները: Մյուս յուրահատկությունն էլ այն է, որ աշխատատեղեր գրեթե չկան, և մարդիկ պատրաստ են աշխատել անմարդկային պայմաններում ու նվազագույն գումարով, միայն թե կարողանան երեխաներին օրվա հացով ապահովել:

Նման կերպ շահագործվողներից  է նաև համակարգչային օպերատոր  Լիլիթը: Նա աշխատում  է  բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին, ամսվա կեսը արտաժամյա է  մնում մինչև ուշ երեկո, աշխատանքից տնօրինությունը երբևէ չի դժգոհել,  բայց նա ամենաքիչն է ստանում   հիմնարկությունում, քանի որ միայն օրենքի սահմաններում է աշխատում և հրաժարվում է  կեղտոտ գործերից: «Ցանկացած առարկության դեպքում տնօրենը երեսիս է շպրտում. «Դժգոհ ես, ազատվի գնա, լիքը մարդ կա, որ քեզանից ցածր վարձատրությամբ կաշխատի: Վճարում եմ` ոնց ուզեմ կաշխատացնեմ»: Ես ինձ իմ երկրում չորրորդ կարգի մարդ եմ զգում, անիրավունք, նվաստացած, էլ չեմ դիմանում»,- ասում է Լիլիթը:

Հատկապես մարզերում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, օրենքից ավելի գործուն են ծանոթությունները և փողը, ավելի ստույգ` կաշառքը: Այս ամենը հանգեցրել է նրան, որ կրթված խավը, որը ուզում է օրենքի երկրում ապրել ու օրենքի շրջանակներում գործել, իրեն ճնշված և ոչ արժանվույն գնահատված է զգում, ինչն էլ  ձևավորում է արտագաղթի նոր միտումներ:

Եթե նախկինում երկրից հեռանալու ցանկություն հիմնականում հայտնում էին աշխատանք չունեցող անձինք, ապա այժմ` որակյալ մասնագետները, որոնք մեր երկրում «միջին խավն» են կազմում:

Երկրից հեռանալու պատճառների թվում է նաև դժգոհությունը օրենքներից, հատկապես հարկային օրենսդրության անկատարությունից: Մանր բիզնեսի ներկայացուցիչների հիմնական դժգոհությունն այս է. «Հարկայինում ծանոթ-բարեկամ ունեցար, բիզնեսդ առաջ կտանես, չէ, էնպիսի պայմաններ կստեղծվեն, որ մարդ ունեցվածքն էլ վաճառի` հազիվ պարտքերի տակից դուրս կգա. ոչ մեկին չի հետաքրքրում, թե որքան ես աշխատել ու ինչ եկամուտ ստացել, թե օրենքով ինչքան պիտի վճարես, կա վերևից դրված պլան, որը պիտի կատարվի, և վերջ»:

Արտագաղթի պատճառներից է նաև հարուստ-աղքատ ծայրահեղ բևեռացումը: «Հավասարությունից են անընդհատ խոսում: Ինչո՞ւ պիտի իմ արյուն-քրտինքով պահած տղան գնա հայրենիքի սահմանները պաշտպանելու, իսկ հարուստի տղան իր համար թրև գա: Ի՞նչ է, հայրենիքի հանդեպ պարտավորությունը աղքատինն է, վայելքները հարուստի՞նը»,- ասում է Ալլան, ում որդին հեռացել է Հայաստանից բանակից վերադառնալուց հետո, դստեր ընտանիքն էլ առաջիկա ամսում է նախատեսում հաստատվել ՌԴ-ում:

Հոգեբան Նարինե Խաչատրյանը  մարդկանց երկրից հեռանալու հիմնական պատճառ է համարում  ապագայի նկատմամբ անվստահությունը. «Մարդիկ անգամ մոտ ապագան հստակ չեն տեսնում, չկա ապագայի տեսլականը, չգիտեն` կարճ ժամանակ անց իրենց կյանքն ինչպիսին կլինի, ինչն էլ հեռանալու ցանկություն է առաջացնում»:

Մարդկանց մեջ խուճապային իրավիճակ է ստեղծում նաև այն, որ տեսնում են` իրենց շրջապատում շատերն անվերադարձ հեռանում են: «Մարդիկ մտածում են, որ արտերկրում էլ կաշխատեն այնպես, ինչպես այստեղ, փոխարենը կունենան ստաբիլություն և կանխատեսելի ապագա»,- ասում է հոգեբանը: Խաչատրյանը  նշում է, որ մարդը տեղեկատվությունը սելեկտիվ կերպով է ընկալում, այսինքն,  եթե դժգոհ է այստեղի իրավիճակից և ուզում է հեռանալ, դրսից եկած տեղեկություններից ընկալում է միայն դրականը, ինչը համապատասխանում է  արտերկրում հաստատվելու հետ կապված իր ծրագրերին:

Արտագաղթը կանխելու համար, ըստ հոգեբանի, պետք են գործնական քայլեր, միայն հոգեբանական ազդեցությամբ  հարց չի լուծվի. «Փուչ տեղը չես կարող ասել` լավ կլինի, դիմացիր, մարդուն ապացույցներ են պետք»:

Արտագաղթը մտահոգել է նաև մտավորականներին, նրանք վերջերս նամակ հղեցին ԱԺ նախագահին  և վարչապետին: Նամակին միացած մտավորականներից է Կարինե Դանիելյանը:  Նրա խոսքով` մտահոգությունը աճում է, երբ ամեուրեք տեսնում ես, որ մարդիկ գնալու պլաններ են կազմում: Արտագաղթ Հայաստանից միշտ էլ եղել է, բայց հասել ենք մի պահի, երբ քանակը որակի է հանգեցրել. «Հատկապես մարզերում ունենք դատարկված և ծերացող գյուղեր, երկիրն ամայացել է, բոլորն ուզում են գնալ»:

Ստեղծվել է մթնոլորտ, որտեղ տիրում է «երկիրը երկիր չէ» տրամադրվածությունը, ինչը և մտահոգիչ է: Այս իրավիճակի պատճառը  Դանիելյանը համարում է բևեռացված հասարակությունը. խիստ բևեռացված հասարակության մեջ հնարավոր  չէ ո՛չ զարգացում, ո՛չ արդարություն: Ձևավորվել է վերնախավ, որն օրենքներին չի ենթարկվում, և օրենքից դուրս վերնախավին հետևող հասարակություն: «Վայրի կապիտալիզմի և ֆեոդալիզմի խառնուրդ է, որի հետ այլևս չեն ուզում հաշտվել  մարդիկ: Իրավիճակը շտկելու համար հիմքային փոփոխություններ են հարկավոր»:

2000-2010 թթ. Հայաստանից հեռացել է շուրջ 250 հազար մարդ: Արտագաղթն էլ շարունակվում է:

Թե պետական մակարդակով ինչ քայլեր կձեռնարկվեն արտագաղթը կանխելու համար, ժամանակը ցույց կտա: Սակայն օրերս վարչապետի կատակով արած հայտարարությունը («ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությո՞ւն») առնվազն կասկածի տեղիք է տալիս, որ ձեռնարկված քայլերը արդյունավետ կլինեն:

 

 

 

 

 

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply