Ալավերդիին հարող պատմաճարտարապետական կոթողները. դրսի հայացք ներսից

ԷՍՍԵ | | July 10, 2011 16:29

Երեկոյան ժամը 5-ի կողմերն է: Հաղպատավանքի Սբ Նշան եկեղեցում ժամերգություն է: Տերունական աղոթքի ժամանակ դպիրը գլխով է անում, որ միակ ունկնդիրս ոտքի կանգնեմ. եկեղեցում ես եմ, վանահայրն ու նա:

Վանականի սքեմը հանելով` հայր Ասպետը դուրս է գալիս եկեղեցուց: Մոտենում եմ, հարցուփորձ անում: Պարզվում է` գյուղի բնակչությունը եկեղեցի չի հաճախում:

«Գյուղացիները եկեղեցի գալիս են տարին երկու անգամ` Զատիկին և խաղողօրհնեքին,- ասում է հայր Ասպետը,- որովհետև այդ օրերին խաղող և ձու է բաժանվում, եկեղեցին լցված է լինում»:

Հայր սուրբն ասում է, որ Հայաստանի հայությունը աստվածավախ ու հավատացյալ չէ: Դպիրն էլ գյուղի իններորդ դասարանցի մի ժպտերես տղա էր, որ որոշել է կյանքը կապել վանքի հետ, որովհետև իր տոհմում շատերն են ծառայել եկեղեցուն:

Հաղպատավանքը գտնվում է Լոռու մարզում, Ալավերդի քաղաքից մոտ 6կմ դեպի հյուսիս-արևելք: Այս շրջանը հարուստ է պատմաճարտարապետական կոթողներով ու վանական համալիրներով. Ալավերդուց տարբեր ուղղություններով` մոտ 6-15կմ հեռավորության վրա են գտնվում Օձունը, Արդվին, Սանահինը, Քոբայրը, Ախթալան:

Ու եթե Իջևանի Սբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սիմեոն քահանան տեղացի ժողովրդի անհավատությունը կապում է եկեղեցիների բացակայության հետ, ապա այս պարագայում այդ փաստարկը անհիմն է. շուրջբոլորը վանքեր ու աղոթատեղիներ են:

Հաղպատի մոտ 800-հոգանոց համայնքի երիտասարդ բնակիչները կնքվել են խմբերով, մոտ 5-6 տարի առաջ: «Գյուղում կնքված մարդ չկար, որ քավոր կանգներ,- պատմում է հաղպատցի Շուշան Իսրայելյանը,- հայր Արտակն է քավոր հրավիրել»:

Այս շրջանում ամենահավատավորը, փաստորեն, Օձունն է, որտեղ սովորական շաբաթ օրվա կես ժամում գյուղի 4 բնակիչ վանք եկավ մոմ վառելու:  Օձունի վանական համալիրն էլ ամենալավ պահպանվածն է, իսկ քարը կարմիր տուֆ է` ի տարբերություն շրջակայքում գերակշռող մոխրագույնի:

Բայց եթե Հաղպատավանքում գոնե վանական կա, որ կատարում է եկեղեցական ծիսակարգը, ապա Հաղպատին կպած Սանահինի հսկա վանական համալիրը ծառայող չունի:

«Եթե անհրաժեշտ է լինում, վանական ենք հրավիրում Հաղպատից կամ Օձունից»,- ասում է Սանահինի վանական համալիրի ցավով ապրող մի կին:

Ալավերդուց Սանահին, որը համարվում է քաղաքի մի թաղամաս, կարելի է գնալ քաղաքի ճոպանուղով: Սարահարթ կոչվող բանավանը ոչնչով չի տարբերվում Երևանի որևէ վարչական շրջանից. ամենուր բարձրահարկ շենքեր են, որոնք շրջանցելով մոտ 10 րոպեում հայտնվում ես մեկ այլ ժամանակում:

Ճանապարհի եզերքից` սաղարթախիտ ծառերի արանքներից երևում է լքված Սանահին վանահամալիրի կնճռոտ դեմքը. բոլոր եկեղեցիների գմբեթներն ու պատերը պատված են խոտի  խիտ շերտերով: Անմխիթար վիճակ է, զանգակատունը զանգեր չունի:

Այս շրջանում եկեղեցու զանգերը բացակայում են, որովհետև դրանք Հայրենական պատերազմի տարիներին ձուլվել են փամփուշտ ստանալու համար: Հաղպատավանքի երկու զանգերը 20 ամիս առաջ են միայն շուքով կախվել: Այդ մասին պատմեց համալիրի պահակ Մաքսիմը, որը զանգերի հարցում գործուն մասնակցություն է ունեցել:

Մոտ երեք տարի առաջ Կրասնոդարից Հաղպատ է ժամանել մի նորապսակ զույգ, որ ցանկություն է հայտնել նպաստ բերել եկեղեցուն: Մաքսիմն ասել է, որ լավ կլիներ` զանգերի հարցը լուծեին, եթե հնարավոր է, բայց կասկածել է, որովհետև շատ թանկ են:

«Ահագին ժամանակ անցավ, և մի օր զանգեց Արամն ու ասաց, որ զանգերն ուղարկում է,- պատմում է Մաքսիմը,- զանգերն արժեին 16 հազար դոլար, դրանցից Վրաստանի սահմանին վրացական կողմը մաքս չի գանձում, քանի որ վանքի համար են, իսկ Հայաստանի մաքսատանը մեր զանգերը մի քանի օր մնացել են, մինչև ինչ-որ կերպ իմաց են տվել Գուգարաց թեմի առաջնորդին, որպեսզի գնա Բագրատաշենի անցակետ: Ի վերջո, 80 հազար դրամ մաքս է վճարվել»:

Մաքսիմը Հաղպատավանքը պահող շունչն է, որն առավոտ կանուխ բացում է բոլոր դռներն ու հետևում մաքրությանը: Փաստորեն, այս շրջանում ամենաբարվոքը Հաղպատավանքն է ու Օձունը: «Մի տարի որ շատ բողոքեցինք գմբեթների վրա աճող խոտերից, Մայր Աթոռից մարդ ուղարկեցին,- ասում է նա,- նա եկել ու գործիքը տալիս, երկու քարերի արանքը բաց է անում, որ խոտն արմատով հանի: Ես էլ ասում եմ, որ դու քարի ճեղքն ես մեծացնում ու պարարտ հող ստեղծում, որ անձրևներից հետո սերմերը լավ ծիլ տան»:

Այս շրջակայքի եկեղեցիներն  ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Մաքսիմն ասում է, որ  ցուցանակների վրա բազմաթիվ ոչ ճիշտ տեղեկություններ կան:

Մաքսիմը Հաղպատավանքը պահող շունչն է

Ճամփորդելն ու հանգիստ վայելելը Ալավերդու շրջակայքում թանկ հաճույք է: Գիշերավարձը` առավոտյան նախաճաշով, մեկ անձի համար սովորական տանն արժե 5000 դրամ, իսկ Հաղպատում գտնվող հյուրանոցում` 8000: Ալավերդիում և շրջակա տուրիստական գոտի համարվող գյուղերում տներ կան, որոնք զբոսաշրջիկներ են զբաղեցնում: Տաքսին  նույնպես թանկ է. 6-8 կմ ճանապարհի համար 1000 դրամից պակաս ոչ ոք չի վերցնում: Ալավերդուց Արդվի մոտ 10 կմ է, 4000 դրամով են տանում, այդ ճանապարհը շատ վատն է ու գտնվում է բարձունքի վրա: Արդվիում է Հովհաննես Օձնեցու վանքը, որտեղ էլ գտնվում է կաթողիկոսի դամբարանը: Այնտեղ Օձի պորտ կոչվող աղբյուր կա, որ բխում է վերին ժայռերից,  այստեղից էլ գյուղի բնակչությունը խմելու ջուր է տանում: Ժողովուրդը հավատում է, որ Օձի պորտի ջուրը բուժիչ է և լավ է մաշկային հիվանդությունների համար: Այս գյուղը շատ լքված վիճակում է, դպրոցն  էլ մոտ 20 աշակերտ ունի: Ի դեպ, այս գյուղում է Փարաջանովը նկարահանել նշանավոր «Նռան գույնը»:

Ավելի հետաքրքիր է Քոբայրի վանքը, որը գտնվում է մինչև Ալավերդի մտնող ճանապարհին` բարձրաբերձ ժայռերի գագաթին: Վանք տանող ճանապարհը, որ ձգվում է թեք բարձունքի երկայնքով, բնակեցված է: Անհավատալի է, բայց հայերը քարերի ու ծերպերի մեջ էլ են ապրելու հնար գտնում: Այստեղ բնակվում է մոտ 100 հոգի, իսկ երեխաներն ամեն օր իջնում և հաճախում են Թումանյան ավանի դպրոց, որը գտնվում է Քոբայրից 2 կմ հեռավորության վրա:

Քոբայրը կիսաքանդ վիճակում է, և պահպանվել է արտաքին ճակատը, որը ներսի կողմից պատված է հոյակապ որմնանկարներով: Այս տարի այնտեղ վերանորոգումներ են սկսել, և ծածկ կա կապված:

Լոռին չքնաղ բնաշխարհ ունի, և Ալավերդուն հարող այս հատվածը` իր հնագույն եկեղեցական ճարտարապետությամբ, գրավիչ վայր է զբոսաշրջիկների համար: Սակայն այս անարատ գեղեցկությունը խաթարում է Ալավերդու պղնձաձուլարանի ծխնելույզը, որը թունավոր օձի պես խրվել է այս հատվածի սիրտն ու օրը 24 ժամ և տարին 12 ամիս անդադրում թույն է փչում: Այս կողմերում 200 տարուց ավելի գունավոր մետաղների հանքարդյունաբերություն է իրականացվել և ձուլվել, որում գերիշխող դիրք են ունեցել ֆրանսիացիները: Այստեղ աշխատելու համար շրջակա գյուղերից մարդիկ էին գալիս, և գիշերելու համար տներ են կառուցվում, ինչն էլ, ի վերջո, հանգեցնում է քաղաքի ստեղծմանը:

1988 թ. ցույցերից հետո «Նաիրիտի» ու ատոմակայանի ճակատագրին արժանանալով` պղնձաձուլարանը փակվում է, սակայն մի քանի տարի է արդեն, որ վերագործարկվել է: Եվ եթե նախկինում արտանետվող թունավոր նյութերի քանակը բավարարել է սահմանված չափորոշիչներին, ապա այժմ դրանք չեն ապահովվում և էապես ազդում են շրջակա միջավայրի վրա:

 

 

Դիտվել է 1899 անգամ:
Print Friendly

Leave a Reply