Մայրաքաղաքում ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 16:24

Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու նպատակով, Երևանի 60 բանուկ խաչմերուկներում և կանգառներում արդեն ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարել է համաժամանակյա ռեժիմով շարունակել մոնիտորինգի աշխատանքները և իրականացնել մշտական վերահսկողություն:

ՙԱնվտանգ քաղաք՚ հայեցակարգի շրջանակում քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագիր իրականացնել` մեկ ընդհանուր բազայում համատեղելով ոստիկանության և այլ կառույցների տրամադրության տակ գտնվող տեսախցիկները:

 

Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տեսախցիկներ են տեղադրվում նաև Երևանի մետրոպոլիտենում:

Հանձնարարվել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում և լուրջ ուշադրություն դարձնել մետրոյի սպասարկման որակին:

 

Անդրադառնալով ապօրինի, ժամկետանց և չգործող կրպակների ապամոնտաժման գործընթացին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքը, միաժամանակ շեշտելով, որ նոր կրպակների տեղադրման թույլտվություն չի տրվելու:

Զեկուցվել է, որ հուլիսի 1-ի դրությամբ մայրաքաղաքում արդեն ապամոնտաժվել է 893 ապօրինի, չգործող կրպակ:

 

Ֆինանսական մուտքերի մասով զեկուցվել է, որ անցած 6 ամիսների կտրվածքով բյուջեի կատարողականը սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի մասով կազմել է 93 տոկոս: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ ընթացքի մեջ են  գույքային հարկերի բազայի ճշտումները, որոնց հիման վրա ևս ակնկալվում է ֆինանսական ցուցանիշների բարելավում:

 

Որոշակի տեղաշարժ է արձանագրվել աղբահանության և սանմաքրման ոլորտում հավաքագրումների մասով` պայմանավորված զգալի թվով տնտեսվարողների և անհատ քաղաքացիների պայմանագրային դաշտ բերելու հետ:

 

Անդրադառնալով մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել բակերի մաքրումը բնակիչների կողմից ապօրինի հողազավթած, ՙբոստանային՚ տարածքներից ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:

Նշված տարածքներում կտեղադրվեն ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված մարզագույք ու մանկական ժամանակակից խաղեր:

 

Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, այժմ լայն թափով բարեկարգվում են քաղաք մտնող գլխավոր մայրուղիները: Երևան-Աշտարակ, Երևան-Զովունի խճուղիների միջնաշերտն ու Արգավանդի խաչմերուկից դեպի մայրաքաղաք տանող Իսակովի պողոտայի հարակից տարածքները բարեկարգվելուց հետո, ամբողջությամբ կկանաչապատվեն ու կծաղկապատվեն: Ծրագրի համաձայն նշված տարածքները ապահովված կլինեն նաև ոռոգման նոր ցանցով:

 

Անդրադառնալով համատիրությունների գործունեությանն ու խնդիրներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած նրան, որ համատիրությունները բնակիչների կողմից կամավոր ստեղծված կառույցներ են, այսօր շատ բազմաբնակարանների սեփականատերեր տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ ողջ գործընթացը, սկսած գումարների հավաքագրումից մինչև ծախսերի արդյունավետ տնօրինում, պետք է վերահսկեն իրենք` շենքերի բնակիչները և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել արդյունավետ աշխատել համատիրությունների ղեկավարների հետ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply