Վերականգնված է Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 28, 2009 17:16

mhm43399-copyԵրեկ ավարտվել են Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքները:

Արման Ավետիսյանը` Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենն ու նկարչի որդին, ասում է , որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Մինասի որմնանկարներն էլ հայտնվել են անմխիթար վիճակում:

«Այսօր մենք արդեն ունենք այդ որմնանկարի 20 տոկոս կորուստ, և բացի «Թորոս Ռոսլինի ծննդից»` պետք է փրկվեն ևս 8 որմնանկարներ»,- ասում է Ավետիսյանը:

«Թորոս Ռոսլինի ծնունդը» Մինաս Ավետիսյանը ստեղծվել է 1973թ. Գյումրիի Էլեկտրատեխնիկական ֆաբրիկայի ճաշարանի պատին: Վերականգնված տարբերակը այժմ փակցված է  Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարանի պատին:

«Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի ռեստավրատորներն են իտալացի Ֆաբրիցիո Յակոպինին և Լորենցո Կասամենտին: Նրանք երկուսն էլ աշխատել են Ֆլորենցիայում: Յակոպինին հիմնականում վերականգնել է 1.300.-1.500-ական թթ. նկարված որմնանկարները, իսկ Կասամենտին, որն ավելի մեծ փորձառություն ունի, վերականգնել է Ֆլորենցիայի Սուրբ Խաչ Բազիլիկա եկեղեցու 130 քմ մեծությամբ որմնանկարը:

«Մինասը միամիտ նկարչի պես է կիրառել գույների համադրությունը, բայց միևնույն ժամանակ օգտագործել է գույների այնպիսի թափանցիկություն, որ ստացել է հետաքրքիր ստվերներ, որը բնորոշ է մեծ նկարչին»,- ասում է Կասամենտին:

«Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքները ֆինանսավորել է Մշակույթի նախարարությունը: Աշխատանքների առաջին փուլի համար հատկացվել է 5 մլն դրամ: Վերականգնողական աշխատանքները նկարահանել է«Շողակաթ» հեռուստաընկերությունը:

«Պատրասվելու է վավերագրական ֆիլմ, որը ցույց կտա որմնանկարի նախկին ու ներկա վիճակը, ինչպես նաև կպատկերի վերականգման աշխատանքների ողջ ընթացքը»,- ասում է մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը: Վավերագրական ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբեր ամսին:

Սոնա Հարությունյանի խոսքով` հաջորդը նախատեսվում է վերականգնել Մինասի` Վահրամաբերդում գտնվող «Արմենիա» որմնանկարը: «Արմենիան»-ն ունի շատ մեծ չափսեր. լայնությունը 3 մետր է, իսկ երկարությունը` 5 մ.: Այս որմնանկարի վրա կաշխատեն կրկին Յակոպինին և Կասամենտին:

Վերականգնողական աշխատանքների համար նախատեսված բոլոր նյութերն ու գործիքները բերվել են Իտալիայից:

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply