Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 8, 2011 13:46

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստան է ժամանել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը փոխանցելու նպատակով:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահի շարունակական աջակցության համար և վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման հասնելու շահագրգռվածությունը: Նա նշել է, որ հայկական կողմն ուշադրությամբ կուսումնասիրի Դմիտրի Մեդվեդևի առաջարկություններն ու մոտ ժամանակներում կներկայացնի իր պատասխանը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի և լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն և կայունություն»,-ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ Նախագահ Դմիտրի Մեդվեդևն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի և վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են:

 

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply