Լևոն Մալխասյան. « Եկա, որովհետև Երևանն ինձ համար ավելի կարևոր է »

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 11, 2011 19:00

«Եթե հարցնում եք, թե ինչ է ջազը, ուրեմն երբեք էլ չեք հասկանա»,- հաճախ էր կրկնում Լուի Արմսթրոնգը: Պատմությունն ասում է, որ ջազը ծնունդ է առել ԱՄՆի սևամորթների ժողովրդական երաժշտությունից: Հետզհետե ընդլայնել է աշխարհագրությունը և 1938-ից հաստատվել նաև մեր երկրում: Խորհրդային ժամանակներում հասարակությունը ջազին լուրջ չէր վերաբերվում, մարդիկ չէին հասկանում, թե իրականում ինչ երաժշտություն են լսում: Երկար ժամանակ պահանջվեց, որ ջազը դառնար որոշ մարդկանց օրվա ուղեկիցը:

Ավելի քան կես դար է, ինչ Լևոն Մալխասյանն ապրում է ջազով: Հայտնի ջազմենը հարցազրույց շատ չի սիրում, նախընտրում է արածչարածի մասին չխոսել: «Անկախի» զրույցը Լևոն Մալխասյանի հետ անկասկած կարելի է բացառիկ համարել:

Արդեն 50 տարի է, ինչ ջազը ձեր անբաժան ուղեկիցն է, ինչի՞ց սկսվեց այս ամենը:

-Այս ամենը սկսվեց հենց այս մարդուց (ցույց է տալիս  XX դարի լավագույն ջազային դաշնակահարներից մեկի` Օսկար Փիթերսոնի նկարը): Հենց նա էր այն միակ «մեղավորը», որ ծանոթացա ջազային արվեստին: Ճիշտ ասացիք` մոտ հիսուն տարի առաջ էր, հեռու ժամանակներ էին:

Սկսեցի հավաքել նրա ձայնասկավառակները, և  նրա նվագի վրա սովորեցի ինքնուրույն նվագել: Այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էի: Դժբախտաբար, երաժշտական կրթություն չունեմ, բայց Օսկար Փիթերսոնն ինձ համար դարձավ և՛ երաժշտական ուսումնարան, և՛ կոնսերվատորիա, և՛ ամեն ինչ…

Լսել եմ, գիտեմ, որ ընդունվեցիք Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան

– Բրյուսովի անվան ինստիտուտ ընդունվելու էական պատճառներից մեկն այն էր, որ բացի ջազից, անչափ սիրում էի գրականություն: Մինչ ուսանողական տարիներն իմ կյանքում առանձնահատուկ տեղ էր գրավում ռուս գրականությունը: Իսկ ո՞ւր պետք է ընդունվեի, եթե երաժշտական կրթություն չունեի… Մինչև կոնսերվատորիան պետք է կա՛մ Չայկովսկու դպրոցը, կա՛մ էլ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտեիր: Բայց չեմ փոշմանում, որ ավարտեցի հենց բանասիրության բաժինը, չորս-հինգ տարվա ընթացքում ջազն անպակաս էր իմ կյանքից:

Ջազն ու գրականությունը նմանություններ ունե՞ն:

-Գրականությունն իմ երկրորդ սերն է, առաջինը ջազն է: Շատ ռուս հեղինակների ստեղծագործությունների ազդեցության տակ անցան իմ երիտասարդության լավագույն տարիները: Գիտեք, ես հասկացա, որ գրականությունը հարստացնում է քո ներքին աշխարհը, իսկ ջազը, եթե թարգմանություններից մեկով դատենք, նշանակում է  կյանք: Ոնց որ ապրում եմ խառը կյանքով, այդպես էլ նվագում եմ. դա է ջազը (ծիծաղում է):

Պարոն Մալխասյան, Ձեր առաջին լուրջ ելույթը պարտավորեցնո՞ղ էր: Ի՞նչն էր պատճառը, որ ելույթից հետո որոշեցիք մինչև հիմա հավատարիմ մնալ այս երաժշտությանը:

-Այո, անշուշտ, պարտավորեցնող էր: Առաջին լուրջ ելույթը եղավ 1970 թ.` առաջին համամիութենական փառատոնի ժամանակ: Ես հենց այն ժամանակ, երբ վերջին ակորդից հետո լսվեցին հանդիսատեսի բուռն ծափահարությունները, հասկացա, որ ջազն իսկապես իմն է: Եվ դրանից հետո ուրիշ տեղ էլ ինձ չէի պատկերացնում: Եվ մի բան էլ ասեմ. ինչ պաշտոն էլ ինձ առաջարկել են, մերժել եմ, չեմ ուզում լինել անհամեստ, բայց ցանկությունս էր լինել ազատ, այնքան ազատ, որքան ջազն է:

Լևոն Մալխասյանը երիտասարդության տարիներին նաև հաջողեց հրաշալի եռյակ, ապա քառյակ ձևավորել, չէ՞:

– Այո, 60-ականներին: Ես էի, Արմեն Թութունջյանը` Չիկոն, և Արթուր Աբրահամյանը, այնուհետև մեզ միացավ սաքսաֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը:

Մոսկվայի հայտնի լրագրող և ջազային քննադատ Ալեքսեյ Բատաշևը համամիութենական փառատոներից հետո` 1972 թ., տպագրեց «Սովետական ժամանակների ջազային հանրագիտարան» գիրքը, որում տեղ գտան տեղեկություններ նաև մեր «Լևոն Մալխասյան» քառյակի մասին, տպագրվեց նաև մեր չորսի լուսանկարը:

Հիշում եմ` մեր համերգները միշտ լեփ-լեցուն դահլիճներում են եղել: Հիմա հեռուստատեսությամբ հաճախ են ասում, թե 2-3 տարի է, ինչ ջազը սկսել է նոր թափ ստանալ: Ես սկսում եմ ծիծաղել, երբ հիշում եմ, թե այն ժամանակ մենք ի՜նչ համերգներ էինք տալիս: Զարմանալի է, 1960-ից մինչև մեր օրերը ջազը միշտ Երևանում հարգի է եղել, միշտ բազմաթիվ երկրպագուներ են եղել:

Ջահել տարիներին երաժիշտներով հավաքվո՞ւմ էիք հաճելի միջավայրում, նվագում, երգում

-Իհարկե, բա առանց դրա: Քեզ ասեմ, որ մենք մի քանի անգամ ջազ ակումբ ենք բացել: Ընդ որում, այդ ջազային ակումբները գործում էին 2-3 ամիս (ծիծաղում է): Այն ժամանակվա իշխանությունները մեզ շփոթում էին հիփիների հետ, այդ շարժումներին մասնակցող ակտիվիստ երիտասարդների հետ, այդ իսկ պատճառով հաճախ էին փակում ակումբները: Բայց սա` «Մալխաս» ջազ-ակումբը, ամենաերկարատևն է. 6 տարին քիչ չէ: Ջազը կոմերցիոն ժանր չէ: Ջազն ու բիզնեսը հակառակ բաներ են:

Հասկանալի է, որ դժվար տարիներ են եղել, խոչընդոտներն է՞լ անպակաս էին:

-Պետք է ասեմ, որ ավելի շատ խոչընդոտում էին Մոսկվայում ու Լենինգրադում, այնտեղ

արգելքներն ավելի լուրջ էին, քան մեզ մոտ: Շատ լուրջ արգելքներ, խոչընդոտներ չեն եղել, ուղղակի մեր հոնորարն այն էր, որ ընդամենը թույլ տային` նվագենք. դա մեր ամենաթանկ հոնորարն էր (ծիծաղում է):

Ձեր ճանապարհին եղե՞լ են մարդիկ, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնել ձեզ, խորհուրդներ տալ

-Անշուշտ, պատահել են: Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնցից ես ոչ միայն սովորել եմ, այլև շատ բան ընդօրինակել: Այդ մարդիկ անմոռանալի են. Առնո Բաբաջանյան, Կոստանտին Օրբելյան, Մարտին Վարդազարյան, Ռոբերտ Ամիրխանյան: Թվարկածներս այն մարդիկ են, որոնցից ինչ-որ բան քաղում էի, լսում էի, սովորում էի, էլ չեմ ասում արտասահմանցի երաժիշտների մասին: Բացի Օսկարից, ես գրեթե բոլորին լսում էի: Օսկարին, ցավոք, իմ կյանքում չկարողացա հանդիպել:

Պարոն Մալխասյան, նույն ժպիտով էլ կթվե՞ք նրանց անունները, ովքեր արգելք են եղել ձեր ճանապարհին:

-Գիտեք, չէ, չեմ կարող հիշել: Ջազը ոչ փոփ է, ոչ ռաբիս է, ոչ էլ դասական: Չեն եղել այդպիսի մադիկ, որովհետև այս աշխարհը լրիվ այլ է: Սա այն եկամտաբեր ժանրը չէ, որտեղ մեծ լինի մրցակցությունը: Ամբողջ աշխարհում ջազը եկամտաբեր չէ, չկարծեք, թե միայն մեզ մոտ է այդպես: Ջազն առանձին բան է:

Ձեր ծնողներն ի՞նչ էին ասում այն ժամանակ, երբ իմացան սիրելի տղայի անկոտրում երազանքի մասին. ճանապարհ անցնել ջազի հետ միասին:

-Չէ, չեմ հիշում, որ նրանք ինչ-որ բան ասեին: Երևի հակառակը, միշտ էլ խրախուսել են, որովհետև նկատել են, որ դա իմն է: Բրյուսովում սովորելն էլ  նրանց համար հիմք չէր, ոչ ոք չէր էլ մտածում, որ բանասեր եմ դառնալու, որովհետև 16 տարեկանից արդեն տարբեր խմբերում նվագում էի: Բայց ծնողներս մի բան շատ  դժվար հասկացան, թե ինչպես ես, առանց երաժշտական կրթության, սկսեցի զբաղվել երաժշտությամբ: Բայց ջազն ամեն ինչ ինձ սովորեցրեց:

Ջազի հետ անցնող ձեր ճանապարհին երկու հրաշալի անցորդ է պատահել, երկու ֆանտաստիկ կին` Էլվինա Մակարյան ու Տաթևիկ Հովհաննիսյան, որոնց հետ դուք բազմաթիվ համերգներ եք տվել

-Այո, դրանք հրաշալի ժամանակներ էին: Իհարկե, Էլվինայի հետ համերգային շրջագայություններն ավելի շատ էին, քան Տաթևիկի հետ, բայց երկուսն էլ հրաշալի էին ջազում: Ափսոս, Էլվինան հիմա մեզ հետ չէ: Երկուսն էլ ջազի իսկական ֆանատներ էին, մոլի երկրպագուներ: Նրանց հնարավոր չէր պատկերացնել առանց ջազի:

Ասեմ, որ ջազային վոկալն այս վերջին մի քանի տարիներին է մի քիչ ակտիվացել, մինչ այդ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ջազային վոկալը թերի էր: Նկատել եք երևի, որ երգիչ-երգչուհիները մեծ ոգևորությամբ սկսում են ջազից, հետո շատ գեղեցիկ անցում են կատարում այլ ժանրերի: Պատճառը մեկն է. այնտեղ եկամուտ կա, իսկ ջազը եկամտաբեր չէ:

Ջազում չգիտեմ, բայց արվեստում առհասարակ ասում են, որ շատ են կոնֆլիկտները: Էլվինայի ու Տաթևիկի հե՞տ էլ անպակաս էին «վիճաբանությունները»:

-Չէ, չէ, կոնֆլիկտներ երբեք չեն եղել, չեն եղել, որովհետև ես հեշտ մարդ եմ:

Ո՞նց ստացվեց առանց երաժշտական կրթություն ստանալու այսքան մեծ հաջողություններ ունենալ:

-Մեծ սեր. վերջ, ուրիշ ոչինչ: Դու ջազով պետք է զբաղվես ամեն օր, դա ես կարող եմ հանգիստ ասել: Ջազը 50 տարի իմ կյանքն է:

Միայն ջա՞զն էր ձեր երազանքը:

-Երևանում ես շատ երազանքներ ունեի: Մասնակցել միջազգային փառատոների` դա եղավ, մեկնել Ամերիկա, նվագել կամ ծանոթանալ այնտեղի լավագույն ջազային կատարողների հետ` դա էլ եղավ: Երրորդ երազանքս էր բացել ջազ ակումբ, 2006-ին ստեղծվեց «Մալխաս» ջազ-ակումբը: Երեք երազանքներս էլ կատարվեցին, մնաց չորրորդը`  բացել ջազային դպրոց-ստուդիա:

Ձեր բոլոր երազանքներն էլ կատարվել են, կարելի՞ է ձեզ ճակատագրի սիրելին համարել:

– Իմ բոլոր երազանքները կատարվեցին հենց Երևան քաղաքում: Այս իմաստով, այո, կարելի է երևի ինձ բախտավոր մարդ համարել:

Նշանակալի են նաև երեք պետական մրցանակները, որոնք ստացել եք

-Այո, 1999 թ. «Մովսես Խորենացի» շքանշանի արժանացա, երկրորդը 2003-ին էր` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը, երրորդը` 2007-ին` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:

Երեքն էլ, վստահ եմ, կարևոր են, բայց ո՞րն է ամենից հարազատը:

– Երևի Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը, որի համար անչափ շնորհակալ եմ:  Ես ծնվել եմ այս քաղաքում և 66 տարի ոչ մի  ուրիշ տեղ չեմ ապրել: Եղել եմ մոտ 23 երկրներում, նույնիսկ երկիր է եղել` մի քանի անգամ եմ այցելել, բայց ամենաերկարատև ժամանակը 13 օր էր, 14-րդ օրը ես Երևանում էի: Թե ինչու` անբացատրելի է, ոչ ոք չի կարող բացատրել: Եթե մութ ու ցուրտ տարիներին շատ-շատերը թողեցին ու գնացին Երևանից, ես այդ ժամանակ հյուրախաղերի էի Նյու Յորքում, կարող էի, չէ՞, մնալ, բայց ոչ: Եկա, որովհետև Երևանն ինձ համար ավելի կարևոր է:

 

Զրուցեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

 

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply