Ի՞նչ իրավունքներ ունեն ամուսինները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | July 13, 2011 7:00

Ամուսինների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելու պահից:

Ամուսնության շնորհիվ ամուսինների ձեռք բերած իրավունքները բաժանվում են երկու խմբի`

  • ամուսինների անձնական ոչ գույքային իրավունքներ,
  • ամուսինների գույքային իրավունքներ:

Ամուսինների անձնական ոչ գույքային իրավունքները, չունենալով նյութական, տնտեսական բովանդակություն, չեն կարող գնահատվել դրամական ձևով, այսինքն` արժեքային ձև չունեն: Դրանք են` ամուսինների ազգանվան իրավունքը, պատվի, արժանապատվության իրավունքը, երեխաներ ունենալու, ծնողական իրավունքներ ձեռք բերելու, ամուսնալուծվելու, երեխա որդեգրելու և այլ իրավունքներ: Իրավունքների այս խումբը կազմում է ընտանեկան իրավունքի կարգավորման առարկան: Մինչդեռ ամուսինների գույքային իրավունքները նյութական, տնտեսական բովանդակություն ու արժեքային ձև ունեն և կարող են գնահատվել դրամական արտահայտությամբ: Դրանք ամուսինների սեփականատիրական իրավունքներն են, ինչպես նաև մեկը մյուսից ապրուստի միջոց` ալիմենտ պահանջելու իրավունքը:

ՀՀ ընտանեկան օրենսդրությունն ամուսինների փոխհարաբերությունների հիմքում դնում է տղամարդու և կնոջ լիակատար իրավահավասարության սահմանադրական սկզբունքը:

ՀՀ ընտանեկան օրենսդրության մեջ ամուսինների իրավահավասարության սկզբունքի մասին են վկայում հետևյալ կանոնները.

  1. Ամուսնությունը գրանցվում է ամուսնանալ ցանկացող տղամարդու և կնոջ կողմից ներկայացված դիմումի հիման վրա:
  2. Ամուսնանալիս ամուսիններն իրենց ցանկությամբ են ընտրում ամուսնական ազգանունը:
  3. Ամուսինները հավասար իրավունքներ ունեն ընտանեկան կյանքի բոլոր հարցերը, այդ թվում նաև երեխաների դաստիարակության հարցերը լուծելու գործում: Հայրը և մայրն իրենց զավակների նկատմամբ հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն: Նրանք այդ իրավունքներն ու պարտականությունները կրում են նաև ամուսնալուծությունից հետո:
  4. Ամուսինները փոխադարձ համաձայնությամբ են լուծում երեխաների անվան, ազգանվան, նրանց բնակության վայրի հարցերը, ուսման ու դաստիարակության մեթոդի հարցերը: Եթե ամուսիններն առանձին են ապրում, դարձյալ իրենք պետք է որոշեն, թե ծնողներից որի մոտ պետք է մնա երեխան:
  5. ՀՀ ընտանեկան իրավունքը չի ճանաչում ընտանիքի գլուխ հասկացությունը:
  6. Ամուսնաընտանեկան օրենսդրությունն ապահարզանի իրավունք է տալիս երկու ամուսիններին էլ, և նրանք այդ իրավունքն ազատորեն իրացնելու հնարավորություն ունեն:

Տղամարդու և կնոջ իրավահավասարությունն ապահովված է նաև ՀՀ Սահմանադրությամբ նրանց համահավասար աշխատանքի, հանգստի, սոցիալական ապահովության, կրթության և այլ իրավունքներ տալով, մոր և մանկան շահերի պետական պաշտպանությամբ, բազմազավակ և միայնակ կանանց տրվող պետական օգնությամբ, կանանց հղիության ժամանակ վճարովի արձակուրդ տալով, երկրում ստեղծված ծննդատների, նախադպրոցական հաստատությունների լայն ցանցով:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 2886 անգամ:
Print Friendly

Leave a Reply