Վարչապետը մասնակցել է հայ բժիշկների միջազգային համագումարին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 7, 2011 13:56

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում ներկա է գտնվել Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի բացման արարողությանը, որին մասնակցում են 600 բժիշկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:

Կառավարության ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի բացման արարողության ժամանակ

«Տիկնայք և պարոնայք,

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից ողջունում եմ համագումարի բոլոր մասնակիցներին: Այս համագումարն ունի իր յուրահատուկ նշականությունը, ոչ միայն այն պատճառով, որ այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, այլ նաև այն պատճառով, որ ամբողջությամբ համընկնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի և գերակայությունների հետ:

Ձեզ համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ, առաջին անգամ մեր պատմության մեջ, ստեղծվեց Սփյուռքի նախարարություն: Այդ նախարարության ստեղծումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 21-րդ դարում, աշխարհը դառնալով օր-օրի ավելի փոքր, պարտադրում է առավել արդյունավետ կառույցներ ձևավորել, որոնք հնարավորություն կտան համախմբել հայության ողջ ներուժը և այդ տեսակետից այս համագումարն առաջին հերթին մենք դիտարկում ենք որպես հայության ինտելեկտուալ կարողությունների համախմբում: Համոզված եմ, որ համահայկական նման ժողովներն ու համագումարներն ունեն մեծ ապագա: Մեզ համար երկրորդ կարևորագույն հանգամանքը այն է, որ առողջապահությունը գլոբալացվող բացառիկ ոլորտներից մեկն է, որտեղ համաշխարհային համագործակցությունը խիստ անհրաժեշտ է: Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ թափով են իրականացվում ինտեգրացիոն գործընթացներն առողջապահության ոլորտում. ստանդարտների ներդրումը, նոր հայտնագործությունների տարածումը:

Այդ տեսակետից, համոզված ենք, որ այս համագումարը մեզ հնարավորություն է տալու այն բազմաթիվ թեմաների շրջանակներում, որոնք քննարկելու եք, բացահայտել բոլոր նորամուծությունները և այդ գիտելիքները ծառայեցնել հայ ժողովրդին:

Համագումարի օրակարգը բազմազան է. սկսած առողջապահության կազմակերպումից ՝ մինչև նեղ մասնագիտական խնդիրներ: Դա վկայում է այն մասին, որ հայ բժիշկները և առողջապահության մասնագետներն այսօր թափանցել են առողջապահական համակարգի բոլոր ոլորտներ: Այդ առումով այս ինտելեկտուալ կարողությունները մենք պարտավոր ենք ծառայեցնել նաև Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առողջապահության ոլորտում ձեռնամուխ է եղել համարձակ բարեփոխումների:

Այդ բարեփոխումներն իրականացնելիս՝ արդեն ունենք շոշափելի արդյունքներ: Հիշատակենք անվճար ծննդաբերական օգնության համակարգի ներդրումը, որը մեր բնակչության աջակցությանն է արժանացել և ստացել է բարձր գնահատական: Դրա մասին են վկայում մեր բոլոր հարցումները: Այդ բնագավառում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, քանի որ ապահովում ենք ոչ միայն անվճար ծննդօգնություն, այլ նաև բարձր որակի սպասարկում: Հիշատակենք մինչև յոթ տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը, որը նույնպես հնարավորություն է տալիս լուծել ինչպես սոցիալական, այնպես էլ առողջապահական համակարգի առջև ծառացած լուրջ խնդիրներ: Շտապ օգնության բնագավառում ներդրվում է նոր համակարգ, տեղի է ունենում տեխնիկական միջոցների արդիականացում, և մեր բնակչությունը զգում է շտապ օգնություն ծառայության որակի բարձրացումը: Միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք, որ առողջապահության ոլորտում կան ծառայություններ, որոնցից օգտվում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ նաև սփյուռքահայերը` գնահատելով, որ ծառայությունների մակարդակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, միևնույն ժամանակ գնային առաջարկները ավելի ընդունելի են, քան աշխարհի բժշկական այլ կենտրոններում:

Սա մեզ համար լինելու է կարևորագույն ուղղություն: Մենք, առաջին հերթին, փորձելու ենք ընդլայնել այդ ծառայությունների մատուցման հնարավորությունները Սփյուռքի մեր հայրենակիցների համար: Միևնույն ժամանակ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ սկսել ենք մի նոր ծրագիր իրականացնել օնկոլոգիական հիվանդությունների բուժման կենտրոնի ձևավորման ուղղությամբ՝ մասնավոր-պետություն համագործակցության շրջանակներում, Ազգային մրցունակության խորհրդի օժանդակությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան պայմանագիր է ստորագրել Բելգիայի կառավարության հետ և ստացել է ֆինանսական միջոցներ, որպեսզի Հայաստանում կառուցվի ժամանակակից արագացուցիչ և այդ արագացուցչի շնորհիվ ձևավորվի նաև օնկոլոգիական կենտրոն, որը կօգտագործի արտադրված իզոտոպները:

Դա լինելու է ժամակակակից կենտրոն և ներդրումները կկազմեն շուրջ 50 մլն դոլար: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ այս ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք հրավիրել նաև մասնավոր ներդրողների, որպեսզի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում ծրագիրը հասնի իր տրամաբանական ավարտին: Կարևոր է նաև, որ Հայաստանում առկա է լուրջ ինտելեկտուալ ներուժ ֆիզիկայի բնագավառում, ինչը հնարավորություն է տալու շահագործել այդ արագացուցիչը: Դա գիտության մեջ մեր հարաբերական առավելություններից մեկն է, և ֆիզիկայի ու բժշկության այս համագործակցությունը, կարծում ենք, տալու է դրական արդյունքեր:

Առողջապահության ոլորտում ռեֆորմները իրականացնելիս նախաձեռնությունները բազմաթիվ են: Վերջերս առողջապահության նախարարությունը ներդրել է համաֆինասնավորման նոր հայեցակարգ, որի նպատակն է ապահովել, որ պետությունը շուկայական գներով օգտվի առողջապահական պատվերներ տեղադրելիս: Դա կստեղծի մրցակցային դաշտ առողջապահության ոլորտում` նպաստելով կոռուպցիայի նվազմանը:

Հասկանալի է, որ դա հեռուն գնացող բարեփոխում է, և մեզանից պահանջվելու են ջանքեր այն ավարտին հասցնելու համար: Այդ տեսակետից, համոզված եմ, որ համաժողովի առողջապահության կազմակերպման սեկցիայի աշխատանքներն ու միջազգային փորձի ուսումնասիրությունը հետաքրքրական կլինեն մեզ համար:

Հարգելի է գործընկերներ,

Ուրախալի է, որ այս համագումարը առանձնանում է նրանով, որ երիտասարդ սերունդ է մասնակցում համագումարին, ինչն ապահովելու է բժիշկների համախմբավածության շարունակականությունը:

Ավարտելով խոսքս ցանականում եմ շնորհակալություն հայտնել համագումարի մասնակիցներին, որ նրանք եկել են Հայաստան և մասնակցում են համահայկական այս կարևոր միջոցառմանը: Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք:

Շնորհակալություն»:

 

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply