Ամերիկյան հայկական համագումարը հետևում է հայ-դատի գրասենյակի օրինակին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2009 15:13

Արփի ՎարդանյանԱմերիկյան հայկական համագումարը պատրաստվում է նամակով դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նախորդ շաբաթ Կալիֆորնիայի դաշնային 9-րդ վերաքննիչ դատարանի վճռի կապակցությամբ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նամակն իր բովանդակությամբ նման է Հայ-դատի ամերիկյան գրասենյակի կողմից օրեր առաջ ԱՄՆ նախագահին ուղարկած նամակին: Նա ասաց, որ օգոստոսի 20-ին դատարանը ցեղասպանության զոհերի կյանքի ապահովագրության փոխահտուցումը նրանց հարազատներին տալու մասին օրենքը չեղյալ հայտարարելով` արհամարհեց օրինակ այն փաստը, որ Կալիֆորնիայի դպրոցներում երեխաներին պատմում են 1915թ. ցեղասպանության մասին: Վերաքննիչ դատարան հայցը ներկայացրել են ԱՄն-ում գործող ապահովագրական ընկերությունները, որտեղ ժամանակին գրանցված են եղել ցեղասպանությունից տուժած անձինք` մինչ ցեղասպանությունը: Ընկերությունները 2000թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն պետք է գումարով փոխհատուցեին ժամանակին իրենց ծառայությունից օգտված զոհերի ժառանգներին: Ապահովագրական ընկերությունները (ֆրանսիական «Աքսան», գերմանական 3 ընկերություններ) դեռ դեկտեմբերին դիմել էին ԱՄՆ առաջին ատյանի դատարան` ասելով, որ օրենքը հակասահմանադրական է և միջամտում է երկրի արտաքին քաղաքականությանը: Առաջին ատյանի դատարանը վճիռը կայացրել էր հօգուտ հայերի: Վերաքննիչ դատարան բողոքարկելիս վճիռ են կայացրել 3 դատավորներ, որից միայն երկուսն են ներկա եղել դատական լսումներին: «Դատարանն արհամարհել է նաև փաստը, որ ԱՄՆ նախագահներից Ռեյգանը ժամանակին օգտագործել է ցեղասպանություն արտահայտությունը,- ասաց նա,- իսկ երբ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը դիմեց Նյու-Յորքի դատարաններից մեկին` հարցով, թե 1915թ. դեպքերը կարո՞ղ են ընդունվել  որպես ցեղասպանություն, դատարանը իրավաբանական վերլուծություն անելուց հետո հաստատեց, որ հնարավոր է: Նախագահ Բուշն էլ մի քանի տարի առաջ ապրիլի 24-ի իր ելույթներից մեկում բառացի մեջբերեց այդ վերլուծությունը` իհարկե, չասելով ցեղասպանություն բառը»: Վարդանյանի խոսքով` եթե Թուրքիան ուզում է ապացուցել աշխարհին, որ դրական մտադրություններ ունի, ապա պետք է բացի սահմանը , քանի որ 21-րդ դարում չեն կարող լինել փակ սահմանով պետություններ: «Ես բաժակ չեմ նայում, որ գուշակեմ` նախագահ Սերժ Սարգսյանը կգնա Թուրքիայի պատասխան խաղին, թե ոչ, բայց համոզված եմ, որ փոփոխություններ լինելու են»,- ասաց Վարդանյանը:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply