Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա

Պաշտոնական, Օրվա լուր | | July 1, 2011 21:21

Մինչ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների մեկնարկը, Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Կիևում այցելել է Փառքի հրապարակ՝ ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի գերեզմանին և Սովահարության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ուկրաինայի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների նախագահների առանձնազրույցը և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցություններից հետո կողմերն ստորագրել ենք փաստաթղթեր՝ ուղղված մի շարք ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև  օդային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն», «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ուկրաինայի ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև կառավարական կապի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն», «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ուկրաինայի առողջապահության նախարարության համագործակցության ծրագիր», «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի» հինգերորդ նիստի արձանագրությունը:

Այնուհետև նախագահներ Սարգսյանը և Յանուկովիչը բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի համար համատեղ հայտարարությամբ:

 

***

 

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply