ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 30, 2011 17:33

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ, միջազգային փորձագետներ:

Շուրջ երկու և կես տարի տևած աշխատանքի արդյունքում հանձնաժողովը ավարտել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները: Պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներն ավարտվել են` դրանց ոչ գաղտնի արդյունքների հրապարակմամբ: Վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթում անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին:

Ներկայացնելով պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ռազմավարական վերանայման նպատակն էր ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման և բյուջետավորման աշխատանքների տրամաբանական կապը»:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը իր ելույթում կարևորեց պաշտպանության ռազմավարական վերանայումը զինված ուժերի կարողությունների ընդլայնման ու կատարելագործման տեսանկյունից:

ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ իրենց տեսակետները արտահայտեցին նաև Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի խորհրդատու-փորձագետներ Ջոն Դրևինկևիչը և Անտոնիուս Բերնարդսը:

Միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստի ժամանակ տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամները և հայաստանյան ու միջազգային փորձագետները Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի համատեղ հրամանով պարգևատրվեցին շնորհակալագրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

 

 

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply