Կաթողիկոսը մեկնել է Լատվիա

Պաշտոնական, Օրվա լուր | | June 30, 2011 11:08

Հունիսի 29-ի առավոտյան, հովվապետական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելել է Վասիլեւսկի կղզու վրա գտնվող հայկական գերեզմանատան Ս. Հարություն եկեղեցի:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տաճարում մատուցված աղոթքից հետո Նորին Սրբությունը ծաղիկներ է դրել գերեզմանատանն ամփոփված’ հայ ազգի եւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի կյանքում մեծ ներդրում ունեցած նշանավոր հայորդիների շիրիմներին:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վսեվոլոժսկ շրջկենտրոն, ուր Նորին Սրբությունն այցելել է Ս. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի’ Սամվել Մովսիսյանի բարերարությամբ կառուցված: «Հրաշափառի» երգեցողության ներքո Նորին Սրբությունը մուտք է գործել եկեղեցի, ուր հայրապետական իր պատգամն ու օրհնությունն է բերել ներկա ժողովրդին եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներին: Վեհափառ Հայրապետը նաեւ մասնավոր գնահատանք է հայտնել եկեղեցու բարերարին, ում ազնիվ աջակցությամբ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները շրջանի հայության հոգեւոր կարիքների բավարարման համար: Իր խոսքում Նորին Սրբությունը հորդորել է հայորդիներին’ պահպանել իրենց լեզուն եւ մշակույթը, եւ իբրեւ արժանավոր քաղաքացիներ Ռուսաստանի’ շարունակել իրենց կարեւոր նպաստը բերել երկրի առաջընթացին: Վեհափառի պատգամին հաջորդել է կոմիտասյան «Տէր ողորմեա»-ն, ապա հայրապետական «Պահպանիչ» աղոթքը:

Գարեգին Բ Հայրապետը ծանոթացել է նաեւ Սամվել Մովսիսյանի հովանավորությամբ Վսեվոլոժսկում կառուցվող հայկական հանրակրթական դպրոցի շինարարության ընթացքին: Կոլտուշի մարզկենտրոնում Նորին Սրբությունը ծաղկեպսակ է դրել Մեծ հայրենական պատերազմի ընթացքում զոհվածների հուշարձանին, կատարվել է հոգեհանգստայն աղոթք:

Նույն օրը, ավարտելով հովվապետական այցը Սանկտ Պետերբուրգ, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Լատվիայի Հանրապետություն:

 

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply