Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան Թբիլիսիում կայացած Նալբանդյան-Վաշաձե հանդիպմանը քննարկվեց հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 29, 2011 20:09

Հունիսի 29-ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ:

«Մեր երկրների միջեւ հարաբերությունները անկախության վերականգնումից ի վեր այսքան ակտիվ եւ օրինակելի չեն եղել», ողջունելով Էդվարդ Նալբանդյանին ասաց Գրիգոլ Վաշաձեն:

Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հետեւելու երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մշակել հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրեր, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի եւ միջազգային հարաբերությունների խնդիրների շուրջ:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին այս տարվա առաջին կեսին բարձրագույն եւ բարձր մակարդակով կայացած փոխայցելությունները՝ ընգծելով այդ դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման անհրաժեշտությանը: Այս առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց հերթական խորհրդատվություններն անցկացնել ս.թ. սեպտեմբերին:  Հայկական կողմի առաջարկով համաձայնություն ձեռք բերվեց անցկացնել նաեւ հյուպատոսական հարցերով խորհրդատվություններ:

Բանակցությունների օրակարգում էին նաեւ վիրահայությանը հուզող խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

 

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply