Նախագահը ծանոթացել է լողափերի տարածքում իրականացված աշխատանքներին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 29, 2011 18:22

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր, որոնք ստեղծվել են ի կատարումն ՀՀ Նախագահի 25.02.2011թ. հանձնարարականի և նպատակ ունեն ապահովել ազգաբնակչության հանգստի անվճար և արդյունավետ կազմակերպումը: Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել և ծանոթացել է լողափերի տարածքում իրականացված աշխատանքներին, զրուցել հանրային լողափում մաքրման աշխատանքներ իրականացնող  «Միասին» շարժման մասնակիցների հետ:

Երկրի ղեկավարն աշխատանքային քննարկում է անցկացրել Սևանա լճի բնապահպանական հարցերի պատասխանատուների հետ, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՀՀ Նախագահին առընթեր «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի» նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել են լճի պահպանման, վերականգնման, բնականոն զարգացման և օգտագործման ուղղությամբ կատարված աշխատանքների ու առաջիկա միջոցառումների մասին, այդ թվում անդրադարձել` լճի մակարդակի բարձրացման հետ կապված  անշարժ գույքի ապամոնտաժման,  անտառմաքրման և ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքների ընթացքին:  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրել է «Սևան» ազգային պարկի խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները: Նախագահի կողմից նոր հանձնարարականներ են տրվել` կապված  Սևանա լճի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման, անշարժ գույքի ապամոնտաժման և տեղափոխման նոր ժամանակացույցի կազմման հետ:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարզպետ Նվեր Պողոսյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները:

 

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply