Արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 27, 2011 18:20

Հունիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց  ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերին (Celeste Wallander):

 

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստան ԱՄՆ գործընկերային հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ ծավալված համագործակցությունն առավել կընդլայնվի:

 

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալն, իր հերթին եւս,  գոհունակություն հայտնեց դինամիկ զարգացող հայ-ամերիկյան փոխհարաբերությունների կապակցությամբ եւ ընդգծեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցել խաղաղապահության, ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան օրակարգային հացերի շուրջ, անդրադարձան Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օժանդակությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող աշխատանքներին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան միջազգային հանրության կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը: Այս ենթատեքստում ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը խաղաղապահ գործողություններում՝ հատկապես ողջունելով Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի եռապատկումը:

 

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Կազանում կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքները: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Կազանում կայացած հանդիպմանը առաջընթաց չարձանագրվեց, քանի որ, չնայած միջնորդ երկրների ղեկավարների, միջազգային հանրության կոչերին եւ ակնկալիքներին, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը՝ առաջ քաշելով մեկ տասնյակ փոփոխություններ:

 

 

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply