Ի՞նչ է տիրազուրկ գույքը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | June 28, 2011 7:00

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածը տալիս է տիրազուրկ գույքի բնորոշումը. «Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը սեփականատեր չունի, կամ սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից»:

Փաստորեն, տիրազուրկ գույքի նկատմամբ ձեռքբերման իրավունքը կարող է ծագել երեք դեպքում. առաջին` երբ այն ընդհանրապես սեփականատեր չունի, երկրորդ` երբ նրա սեփականատերն անհայտ է, երրորդ` երբ սեփականատերը հրաժարվել է գույքի նկատմամբ սեփականության իրավունքից: Այս երեքից մեկի առկայության դեպքում գույքը կարող է ճանաչվել տիրազուրկ:

Շարժական կամ անշարժ գույքը դատարանը կարող է հատուկ վարույթի կարգով տիրազուրկ ճանաչել միայն օրենքով նախատեսված հիմքերով և միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 186-188-րդ հոդվածներում սահմանված կանոններով կայացված վճռով լուծել դրա նկատմամբ սեփականության իրավունքի հարցը:

Գույքը տիրազուրկ ճանաչելու առաջին պայմանը սեփականատիրոջ կամքով, առանց այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, գույքը թողնելու փաստն է: Սակայն շարժական գույքն այն տիրողի սեփականությանը հանձնելու համար անհրաժեշտ է նաև, որ այդ անձն սկսած լինի գույքն իր սեփականությունը դարձնելու գործողությունները, այսինքն` ձեռնամուխ լինի դրա օգտագործմանը կամ կատարի գույքը սեփականության վերածելու այլ գործողություններ:

Տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց համարվող անշարժ գույքի նկատմամբ:

Տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, որի 179-րդ հոդվածի համաձայն` «շարժական գույքը, որը սեփականատերը լքել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու նպատակով թողել է այլ կերպ (դեն նետված գույք), այլ անձինք կարող են վերածել իրենց սեփականության` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով»:

Այն անձը, ում սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հողամասում, ջրավազանում կամ այլ օբյեկտում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափից ակնհայտ ցածր արժեք ունեցող դեն նետված գույք կամ դեն նետված մետաղների ջարդոն, խոտանված արտադրանք, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտեր, արտադրական և այլ թափոններ կան, իրավունք ունի այդ գույքը վերածելու իր սեփականության` ձեռնամուխ լինելով դրա օգտագործմանը կամ կատարելով գույքը սեփականության վերածելու այլ գործողություններ:

Դեն նետված այլ գույքն անցնում է այն տիրապետող անձի սեփականությանը, եթե այդ անձի դիմումի հիման վրա դատարանը գույքը ճանաչում է տիրազուրկ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը նվիրված է գույքը տիրազուրկ ճանաչելու գործերի վարույթին: Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է գույքը տիրապետող քաղաքացու բնակության վայրի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

Անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է այդ գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

Գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումում պետք է նշվի, թե որ գույքն է տիրազուրկ ճանաչվելու, նկարագրվեն դրա հիմնական տարբերակիչ հատկանիշները, ինչպես նաև բերվեն ապացույցներ, որոնք հաստատում են սեփականատիրոջ կողմից, առանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, գույքը թողնելու փաստը և ապացույցներ` գույքը դիմողի տիրապետմանն անցնելու մասին:

Դատարանը համարելով, որ գույքը սեփականատեր չունի կամ այն դրա սեփականատիրոջ կողմից թողնվել է առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու և այն տիրապետող անձի սեփականությանը հանձնելու մասին:

Գործը դատական քննության նախապատրաստելու ընթացքում դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը բացահայտելու համար, ուստի պետք է հրավիրի այն անձանց, ովքեր կարող են տեղեկություններ հաղորդել սեփականատիրոջ կամ օրինական հիմքերով գույքը տիրապետողի մասին: Այդ նպատակով դատարանը կարող է, ելնելով գործի հանգամանքներից, հարցումներ ուղարկել նաև տարբեր կազմակերպություններ և պաշտոնատար անձանց: Եթե գործի նախապատրաստական փուլում ի հայտ է գալիս իրեն գույքի սեփականատեր համարող անձ, ապա դատավորը, ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետով, դիմումը թողնում է առանց քննության և շահագրգռված անձանց բացատրում է, որ նրանք կարող են գույքը պահանջելու հայց հարուցել ընդհանուր հիմունքներով:

 

Ավետիք Հարությունյան

 

 

Դիտվել է 3651 անգամ:
Print Friendly

Leave a Reply