Կամուսնանա տակտիկական սխալից հետո

Հարցազրույց | | June 25, 2011 7:00

Գերմանիայում բնակվող հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օրերին Հայաստանում է: Սովորաբար նա հաղթանակներից հետո էր հայրենիք այցելում, պատմում տպավորությունները, իսկ այս անգամ Երևանում է «Super Six World Boxing Classic» մրցաշարում անցկացրած չորս հանդիպումից երեքում պարտվելուց հետո: Ահա ինչու, հանդիպելով ճանաչված բռնցքամարտիկին, նախ հարցրինք իր վերջին` Անդրե Ուորդից կրած պարտության պատճառի մասին:

– Մրցամարտը լավ  սկսեցի, բայց ընթացքում տակտիկական սխալ գործեցի: Ավելի շատ փորձում էի պաշտպանվել, որպեսզի վերջում մրցակցիս անակնկալի բերեմ և նոկաուտով հաղթեմ: Ցավոք, դա չստացվեց, և նա միավորներով առավելության հասավ: Գիտեի, որ եթե Ամերիկայում մրցակցիս նոկաուտի չենթարկեմ, ապա միավորներով հաղթանակն ինձ չեն շնորհի: Այդպես էլ միավորներով Ուորդը հաղթեց: Ես էլ չէի ուզում, բայց ինչ կարող ես անել, այդպես ստացվեց:

Մարտավարության ի՞նչ սխալի մասին է խոսքը, դրա ընտրության հարցում ո՞վ է մեղավոր: Այն մարզիչը չի՞ ընտրում:

– Մրցակցիս ձեռքերը երկար էին, նաև բարձրահասակ էր: Երբ ձեռքերս բարձրացնում էի, հարվածում, արդյունքն այն չէր: Այդ քաշային կարգի մարզիկին հոգնեցնելու փորձն արդյունք չտվեց: Ես սովոր չեմ իմ սխալներն ուրիշների վրա բարդել: Իհարկե, եթե հաղթում եմ, ապա դա իմ և մարզչիս աշխատանքի արդյունքն է: Պարտության դեպքում էլ, թերևս, սխալը երկուսինս է` իմը և մարզչինս` Ուլի Վեգներինը:

Ամերիկայում մրցամարտերի ժամանակ միավորներով հաղթելու համար շա՞տ են բարդությունները:

– Դժվարություններ կան: Կազմակերպիչներն այնպես են անում, որ կողային մրցավարները միշտ լինեն ամերիկացի: Ստեղծվում են նաև այլ խնդիրներ: Դա ներքին խոհանոց է, շատերը տեղյակ չեն, թե ինչ է արվում կուլիսների ետևում:

Այդ դեպքում ինչքանո՞վ էր նպատակահարմար մրցումների համար Ամերիկա մեկնել:

– Նախապես էր որոշված, պայմանագրեր էին կնքվել: Եթե չգնայի, ապա երկու տարի զրկված կլինեի հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից: Դա ինձ համար մեծ կորուստ կլիներ:

Հնարավո՞ր է, որ հետո փորձես վերականգնել սասանված մարզական հեղինակությունդ:

– Իհարկե, Հայաստանում կանցկացնեմ 3-4 շաբաթ: Այդ ընթացքում օրգանիզմս էլ կթոթափի հոգնածությունը: Ապա կմեկնեմ Գերմանիա և որակավորման 2-3 մրցամարտեր կանցկացնեմ: Դրանից հետո կմասնակցեմ աշխարհի առաջնությանը: Դա կլինի հաջորդ տարվա վերջին կամ կեսին: Կոնկրետ ասել չեմ կարող, քանի որ ժամկետը որոշված չէ: Իսկ առաջին հանդիպումը կանցկացնեմ  երեքուկես ամիս հետո:

Նույն քաշային կարգո՞ւմ ես մնալու:

– Այո: Միջին քաշային կարգում ես շուրջ 30 հանդիպում եմ անցկացրել, հաղթել բոլոր մրցակիցներին, աշխարհի չեմպիոն դարձել, 12 անգամ պաշտպանել այդ տիտղոսը: Այժմ էլ փորձելու եմ նույն փառքին հասնել, չեմպիոն դառնալ գերմիջին քաշային կարգում:

Ովքե՞ր են լինելու նոր մրցակիցներդ:

– Դեռևս հայտնի չէ:

Ծրագրեր կազմո՞ւմ ես, թե ինչ ես անելու ռինգին հրաժեշտ տալուց հետո:

– Մտահղացումներ կան: Արդեն այդ մասին  խոսել եմ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Մտադիր եմ Հայաստանում որոշ ծրագրեր իրականացնել, հիմնել բռնցքամարտի դպրոց, որի սաները անգլերեն և գերմաներեն կսովորեն: Եթե բռնքամարտիկը օտար լեզվի չտիրապետի, հնարավոր է, որ Հայաստանում նվաճումներ ունենա, սակայն միջազգային ասպարեզում չի կարողանա արդյունքի հասնել: Բայց դա կլինի մի քանի տարի հետո, քանի որ ներկայումս ինձ լիովին նվիրել եմ իմ աշխատանքին: Առայժմ միայն փորձում են հնարավորինս օգնել Հայաստանի բռնցքամարտիկներին: Այս անգամ էլ դատարկաձեռն չեմ եկել և  «Ադիդաս» ֆիրմայի 100 հազար եվրոյի արժողությամբ մարզագույք եմ նվիրելու Վլադիմիր Ենգիբարյանի անվան  բռնցքամարտի դպրոցին, որի սանն եմ եղել չորս տարի, պարտքի զգացում ունեմ: Ինքս «Ադիդաս» ֆիրմայի ձեռնոցներով եմ հանդես գալիս, ֆիրման հովանավորում է:

Ներկայումս Հայաստանում բռնցքամարտն ի՞նչ վիճակում է:

– Հայաստանում աշխատում են բարձրակարգ մարզիչներ, լավ բռնցքամարտիկներ կան: Երիտասարդ մարզիկներից ոմանք կարող են դառնալ աշխարհի չեմպիոն: Այդուհանդերձ, Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացած չէ: Եվ  բռնցքամարտիկների հնարավորությունները քիչ են իրենց կարողությունները լիովին դրսևորելու համար: Անհրաժեշտ է, որ նրանք աշխարհի ուժեղագույնների հետ մրցամարտեր անցկացնելու առիթներ ունենան: Այդ է պատճառը, որ  բռնցքամարտիկներից ոմանք տարբեր երկրներ են մեկնում, որպեսզի պրոֆեսիոնալ ռինգում բախտ որոնեն: Ես Հայաստանում մարզվել եմ, գիտեմ, թե ինչ վիճակ է, և կարծում եմ, որ եթե այստեղ պարապող  բռնցքամարտիկներին հնարավորություններ տրվեն, ապա նրանք կկարողանան միջազգային մեծ բարձունքներ նվաճել:

Տարածված տեսակետ կա, որ հայերը հաջողակ են մենապայքարային մարզաձևերում, իսկ թիմային մրցաձևերում` ոչ: Ի՞նչն է խանգարում մերոնց հաջողությունների հասնելու նաև թիմային մրցաձևերում:

– Երևի եսասիրությունը: Գուցե այդ է պատճառը, որ մեր մարզիկները հաճախակի են հաջողությունների հասնում ծանրամարտում, ըմբշամարտում, ձյուդոյում, բռնցքամարտում: Թերևս մեր արյունով է տրված, որ ամեն մեկը հույսը միայն իր վրա դնի և առաջ շարժվի:

Մտադիր չե՞ս ամուսնանալ:

– Հայաստան կատարած այցիս երկրորդ նպատակն էլ դա է: Դեռ որոշված չէ, սակայն այդ ուղղությամբ  գործերն ընթացքի մեջ են: Իմ հարսնացուն սովորական հայուհի է, և նրան ճանաչողները քիչ են:

Գերմանիայում թուրքական մեծ համայնք կա, այդ առումով երբևէ որևէ ճնշում կամ ոչ բարյացակամ վերաբերմունք զգացե՞լ ես:

– Գերմանիայում շատ խաղաղ է, և թուրքական համայնքի ներկայացուցիչները որևէ բանի չեն խառնվում: Իսկ մրցամարտերի ժամանակ մարզասրահ այցելող թուրքերի մի մասն էլ ծափահարում է, փորձում է քաջալերել ինձ:

Մրցաշարի եզրափակչում հայտնվել են բռնցքամարտիկներ, որոնց պարտվել եք: ՈւորդՖրոչ մրցամարտում ո՞վ կհաղթի:

– Կարծում եմ` Ուորդը կհաղթի միավորների տարբերությամբ, որովհետև ԱՄՆ-ում նրան ուզում են առաջ տանել։ Բայց առայժմ  այնտեղ այնքան էլ ճանաչված չէ, այդ բռնցքամարտիկի մարտաոճը ամերիկացիներին դուր չի գալիս։
Ինչո՞ւ այս տարվա «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Էմմին, ում հետ մրցույթից առաջ նկարահանվել էիք տարածված «Բումբում» տեսահոլովակում, հաջողություն չունեցավ:

– Ուրախությամբ  մասնակցել եմ տեսահոլովակի նկարահանմանը, ցանկացել եմ օգնել: Ես մրցույթի արդյունքների մասին իմացել եմ Ամերիկայում: Ինձ համար անակնկալ էր, զարմանալի նրա եզրափակիչ չմտնելը: Իմ կարծիքով, այդ մրցույթում քաղաքականությանը մեծ դեր է վերապահվում: Մի մտածեք, որ մասնակիցներից ոմանք հենց այնպես են դուրս մնում կամ էլ հաղթում: Պարզ է,  որ այդ ամենը մեծ փողերի հետ է կապված: Բայց չեմ կարող ասել, թե ինչու մենք չհաղթեցինք:

Վերջին շրջանում ձեր եղբոր մասին, որ նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, քիչ է խոսվում, ինչո՞ւ:

– Ալեքսանդրը երկու տարի է` հեռացել է ռինգից, ամուսնացել է և դուստր ունի, որն օրերս դարձավ 6 ամսական: Եղբայրս այժմ այլ հարցերով է տարված:

 

 

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply