Անհետացել է Նախիջևանի մասին գրքի 26.000 տպաքանակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 26, 2009 16:52

mhm43360-copy«Վերջին 10 տարվա ընթացքում Նախիջևանում տեղի ունեցած իրադարձություններին իշխանությունները կրավորական մոտեցում են ցուցաբերել և միջազգային ոչ մի ատյանի չեն դիմել`Ադրբեջանին թեկուզ բարոյական պատասխանատվության ենթարկելու»,- այսօր Նախիջևանի հիմնահարցով անհանագստությունը արտահայտելու համար հրավիրված ասուլիսին ասաց պատմաբան Արգամ Այվազյանը: Նա նկատի ուներ, որ 2006-ի հունվարին Ջուղայի խաչաքարները ոչնչացնելու փաստի դեմ Հայաստանը միջազգային ատյաններում իրավական քայլեր չի կատարել։

Ավելին, նա վստահ է, որ Հայաստանի իշխանություները և հասարակությունը անտարբեր են Նախիջևանի հայկական հուշարձանների ճակատագրի և այնտեղից գաղթած փախստականների նկատմամբ։ Որպես ապացույց ասաց, որ իր    «Նախիջևան-գիրք հուշարձանաց» գրքի 26 հազար տպաքանակը 3 տարի առաջ անհետացել է «Անահիտ» հրատարակչության պահեստից։ Գիրքը հրատարակվել էր պետպատվերով, տպագրության էր տվել 1991թ., բայց հրատարկվել էր 15 տարի անց։ Նա ասաց, որ դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, բայց մինչև այժմ պատասխան չի ստացել։

Այվազյանը ծնունդով Նախիջևանից է, Խորհրդային տարիներից մինչ հիմա միակ մարդն է, որ Նախիջևանի մասին պատմական գրքեր է հրատարակում: Նա ասում է, որ 1921թվից մինչ այսօր Նախիջևանի խնդրին հայ իշխանությունները լուրջ չեն վերաբերվել:

«Նախիջևան հայրենակցական միության» նախագահ Մելս Մկրտչյանն էլ ասաց, որ հիմա եզակի դեպք է, եթե հեռուստացույցով հանկարծ որևէ մեկը որոշի ցույց տալ Նախիջևանի մասին որևէ հաղորդում:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply