«Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 22, 2011 19:58

Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում, հայտարարեց, որ 2008 թ. Հայաստանը բախվեց ծանր խնդիրների և մարտահրավերների,  քաղաքական ճգնաժամն ի հայտ բերեց մեր իրավական համակարգի, օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի նոր խոցելի կողմերը: Սակայն, ըստ նրա, ներքաղաքական ճգնաժամի որևէ պահի Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-ինչ կասկածի չենթարկվեց:  Բազմապատկվեցին ջանքերը, լրջորեն վերանայվեց օրենսդրությունը:

Ս. Սարգսյանը ներկայացրեց այն բոլոր օրենսդրական ու քաղաքական փոփոխությունները, որոնք իրականացվել են վերջին տարիներին: Հիմնական շեշտադրումն այն էր, որ  ինքը փորձում է ցույց տալ, որ անցյալի սխալներից դաս քաղելով` Հայաստանը գնում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով: Եվ առհասարակ նախագահը փորձում է հանդես գալ ժողովրդավար լիդերի կերպարով,  ինչի շնորհիվ հաջողվել է լիովին փոխել Հայաստանի ներքաղաքական մթնոլորտը: Եվ հարցն ամենևին էլ  օրենսդրական  փոփոխությունները չեն. «Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը: Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին: Մենք հանդուրժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում: Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարևորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել: Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը և չենք ամաչում, առողջ քննադատությանն ականջալուր լինելով, փոխել մեր իսկ կայացրած որոշումները: Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով»,- հայտարարեց նա:

Սերժ Սարգսյանն ընդունում է, որ երկրում անվստահության մթնոլորտ կա, հենց այդ պատճառով մի քանի անգամ կրկնեց, որ Հայաստանում տեղի են ունենալու արդար ու ժողովրդավարական ընտրություններ, որոնք ոչ միայն պիտի լինեն այդպիսին, այլ հանրությունը պիտի ընդունի դրանք որպես արդար ու թափանցիկ ընտրություններ: Անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների պահանջին` հայտարարելով, որ չի պատրաստվում գնալ նման  ընտրությունների, քանի որ դրա համար ո՛չ անհրաժեշտություն կա, ո՛չ օրենսդրական հիմք:

Հաշվի առնելով այն, որ մի քանի տարի շարունակ ԵԽԽՎ-ն ուշադիր հետևում էր Հայաստանի ներքաղաքական կյանքին և հանդես գալիս խիստ գնահատականներով, կարելի է փաստել, որ Ս. Սարգսյանին հաջողվեց ապահովել այնպիսի ներքաղաքական իրավիճակ երկրում, որը նրան հնարավորություն տվեց բավականին վստահ ելույթ ունենալու ԵԽԽՎ-ում և փորձելու բարձրացնել իր հեղինակությունը միջազգային հանրության շրջանում: Միակ հարցը, որ նրան տրվեց` կապված ներքաղաքական կյանքի հետ, վերաբերում էր մարտի 1-ի սպանություններին (հայ ընդդիմադիր պատվիրակի հարցը չհաշված): Սակայն այդ հարցի շուրջ էլ արդեն կան որոշակի հանձնարարականներ: Ըստ էության, Սերժ Սարգսյանին արդեն իսկ հաջողվել է թոթափել է նաև մարտի 1-ի հետ կապված մեղադրանքները, ինչը լրիվ նոր իրավիճակ է ստեղծելու ընտրություններից առաջ: Սա փաստվեց նաև ԵԽԽՎ-ում:

Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանի հեղինակության բարձրացմանն էապես նպաստեց Հայ ազգային կոնգրեսը, որը 3 տարի շարունակ լիովին այլ դիրքերից էր մոտենում նրա լեգիտիմության հարցին, սակայն երկխոսության գործընթացը փոխեց իրավիճակը:

Հիմա էլ գնդակը ընդդիմության դաշտում է.կշահի՞ արդյոք քաղաքացին: Անցյալ շաբաթավերջին Սերժ Սարգսյանը մոտ երկշաբաթյա լռությունից հետո և Ստրասբուրգ մեկնելուց ընդամենը մի քանի օր առաջ գնդակն ուղարկեց ընդդիմության դաշտ: Մերժեց բանակցությունների տարբերակը, բայց ոչ երկխոսությունը, և վերջնագրերի լեզվով խոսելն անընդունելի համարեց: Նա ակնհայտորեն փորձում է ՀԱԿ-ին պահել քաղաքական համակարգի իր գծած խաղի կանոնների շրջանակներում: Մի կողմից` նա կարևորում է Լևոն Տեր-Պետրոսյանի դերակատարությունը` որպես ծանրակշիռ ընդդիմադիր ուժի, որի հետ արտաքին քաղաքական հարցերում դիրքորոշումները համընկնում են, ու դա շատ ձեռնտու է, իսկ ներքաղաքական դաշտը երկխոսության պարագայում ավելի կայուն է, իր դիրքերն ավելի ամուր են նաև Ռոբերտ Քոչարյանի վերադարձի պարագայում: Եվ առհասարակ Սերժ Սարգսյանը սիրում է խաղալ այն տարբերակով, երբ հիմնական շահողն ինքն է, իսկ քաղաքական ուժերի գործողությունները կանխատեսելիության շրջանակներում են:

Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուղղակի առաջարկ էր գնալ խորհրդարանական ընտրությունների` պահպանելով կառուցողական դիրքորոշումները  ընտրությունների ժամանակ համապատասխան փոխհատուցման սկզբունքով: Ընդ որում, նկատենք, որ ՀԱԿ-ը երկար ժամանակ պնդում էր, թե սպասում է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի պատասխանին: Փաստորեն, փորձում էր շեշտել, որ գործ ունի կոնկրետ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն Սերժ Սարգսյանն իր ելույթում հատուկ ընդգծեց, որ եթե Կոնգրեսն ուզում է մնալ երկխոսության շրջանակներում, ուրեմն պիտի գործի որպես քաղաքական համակարգի բաղկացուցիչ, ամբողջությամբ ընդունի քաղաքական ուժերի նման հավասարակշռությունն ու լեգիտիմությունը և կախված բարձրացվող խնդրի էությունից` համագործակցի, առաջարկներ ներկայացնի համապատասխան պետական  մարմիններին ու գերատեսչություններին: Եվ պնդեց, որ այդ կառույցների ղեկավարները պատրաստ են ընդունելու ու լսելու ՀԱԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներին:

Այս կերպ, նախ, Սարգսյանը փորձում է ՀԱԿ-ին հասկացնել, որ նա մյուս քաղաքական ուժերի շարքում է: Հետևաբար, պատահական չէ, որ երկխոսությանը վերաբերող իր բոլոր ելույթներում նշում է, որ պատրաստ է երկխոսության բոլոր ուժերի հետ, բացի այդ, սա կոալիցիոն գործընկերոջը` ընդհատակից ընտրություններին ակտիվորեն պատրաստվող ԲՀԿ-ին շատ չխրտնեցնելու հաջող տարբերակ է: Եվ, որ ամենակարևորն է, լիովին տեղավորվում է ժողովրդավար լիդերի կերպարի ձևավորման տրամաբանությանը: Բացի այդ, եթե հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը փորձի սուր քննադատության ենթարկել որևէ ոլորտում տարվող քաղաքականությունը, անմիջապես պատասխան է ստանալու, որ եթե ուզում է ինչ-որ բան փոխել, թող իրատեսական ծրագիր ներկայացնի, և իշխանությունը պատրաստ կլինի ընդունել այն:

Հետևաբար, ՀԱԿ-ն այքան էլ պարզ իրավիճակում չի հայտնվել: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի ելույթից անմիջապես հետո ՀԱԿ-ը հայտատարեց, որ Սերժ Սարգսյանի ելույթը անհստակություններ ու բազմիմաստություններ  ունի, և խոստացավ պատասխանել իր կառույցներում քննարկելուց հետո: Բայց ակնհայտորեն սպասում էր, թե ինչ կլինի Ստրաստբուրգում, ապա Կազանում և հետո միայն (միգուցե նոր) իրավիճակը գնահատելով` կարձագանքի Սերժ Սարգսյանի առաջարկին:

Ըստ էության, Կոնգրեսի համար ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ. և՛ համաձայնելը , և՛ չհամաձայնելն իր շահերից չի բխում: Համաձայնելու դեպքում ստացվում է, որ էապես զիջելու է, ու դժվար կլինի արդարանալ համակիրների առջև, իսկ չհամաձայնելու դեպքում այլևս իշխանությանը մեղադրելու տեղ չի ունենա, միջազգային հանրությունն էլ չի աջակցի:

Ըստ էության, իշխանությունն իր համար կարևոր խնդիրները լուծեց: Կարող է շատ երկար տևել երկխոսությունը երկխոսության մասին, ու  դժվար է ասել, թե արդյոք հենց դա՞ չէ կողմերի ցանկությունը: Ցավալին այն է, որ երկու կողմերը միմյանց միջև զուտ քաղաքական հարցեր լուծելով` չեն անդրադառնում շարքային քաղաքացուն հուզող սոցիալ-տնտեսական հարցերին: Իսկ քաղաքական դաշտը ցանկալի տարբերակով վերադասավորելուց  հետո առավել բարդ կլինի ստիպել իշխանություններին լրջորեն ու իրապես հանրության շահերին համապատասխան անդրադառնալ այդ սոցիալ-տնտեսական խնդիրներին և կանխել արտագաղթը: Նման խնդիրները ժողովրդավարական բարեփոխումների պատրաստակամության մասին հայտարարություններով չես լուծի:

 

Աստղիկ Խաչատրյան

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply