ԼՂՀ-ում 2014 թ. կանցնեն կենսաթոշակային նոր` բազմաստիճան համակարգի

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2011 9:44

Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:

Նիստում գործադիրը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով` ԼՂՀ կառավարության նիստում ինչպես նոր օրինագծերի, նույնպես և` գործող օրենքներում փոփոխությունների և լրացումների առաջարկություններով:

Կառավարությունը, նախ, հավանություն տվեց «Անասնակերի մասին» և «Մեղվաբուծության մասին» ԼՂՀ օրենքների նախագծերին: Գյուղնախարար Ա.Ծատրյանի պարզաբանմամբ` գյուղական տնտեսության հետագա զարգացումը պահանջում է այդօրինակ օրենքների կիրարկում, որոնք հնարավորություն կտան տվյալ բնագավառներում կարգավորելու տնտեսական հարաբերությունները, խթանելու արտադրությունն ու իրացումը, նաև` սահմանելու անհրաժեշտ վերահսկողություն: Հանրապետությունում հատուկ ակնկալիքներ կան, մասնավորապես, մեղվաբուծությունից: Գյուղնախարարի փոխանցմամբ` անցած տարի Արցախում արտադրվել է ավելի քան 210 տոննա մեղր, մինչդեռ հնարավորություն կա տարեկան ցուցանիշը հասցնելու 500 տոննայի: Վարչապետ Ա.Հարությունյանը անդրադարձավ, որ առկա միջոցներով կխթանվի այդ կարևոր մթերքի իրացումը` դրա ծավալները շարունակ մեծացնելու միտումով:

ԼՂՀ-ում շուտով կանցնեն կենսաթոշակային նոր` բազմաստիճան համակարգի: Այդ նպատակին ուղղված օրենսդրական անհրաժեշտ նախագծերն արդեն պատրաստ են, որ արժանանալով գործադիրի հավանությանը` կներկայացվեն ԱԺ քննարկմանը: Ի մասնավորի, կառավարությունը հեղինակել է «Պետական կենսաթոշակների մասին», «ԼՂՀ նախագահի, ԱԺ պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» օրինագծերը: ԼՂՀ կենսաթոշակային համակարգի մեջ կներառվեն պետական կենսաթոշակային ապահովությունը, պարտադիր  կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչները: Վարչապետ Ա.Հարությունյանը սոցապնախարարությանը հանձնարարեց հանրությանը անհրաժեշտ պարզաբանումներ տալ կենսաթոշակային նոր համակարգի բովանդակության և հիմնական դրույթների մասին, բացատրել նորույթի առավելություններն ու նպատակահարմարությունը: Վարչապետի խոսքով` ԼՂՀ-ն ևս անցնում է կեսաթոշակների կուտակման և վճարման միջազգային օրինակելի փորձին, և դրան պետք է ձեռնամուխ լինել լավագույն նախապատրաստությամբ:

Պետական, տնտեսական և հասարակական հնչեղություն ունեցող մյուս օրինագծերից մեկը հարկային ոլորտին է առնչվում: Գործադիրը հավանություն տվեց «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրինագծին: Վարչապետ Ա.Հարությունյանի մեկնաբանությամբ` աննախադեպ արտոնություններ են սահմանվում տնտեսվարող սուբյեկտների համար: Օրենքը կկիրառվի և՛պետական, և՛ մասնավոր ձեռնարկությունների նկատմամբ: Սակայն, շեշտեց կառավարութան ղեկավարը, արտոնությունները չպետք է խաթարեն հարկային օրինական պարտավորությունների նորմալ գործընթացը և հարկային մուտքերը պետք է կատարվեն նույն հաջողությամբ: Ա.Հարությունյանը հակադարձեց հասարակության մեջ տարածված այն կարծիքին, որ հարկային եկամուտներն իբր ապահովվում են առավելս տուգանքների միջոցով: Հարկային եկամուտները գերազանցապես ձևավորվում են օրինական մուտքերով` հայտարարել է վարչապետը: Նա միաժամանակ հայտնեց, որ հաջողություններ կան տնտեսական ստվերի դեմ պայքարում:

Կառավարության հավանությանն արժանացած նոր օրինագծերի շարքում են «Հոգեբուժական օգնության մասին» և «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենսդրական նախաձեռնությունները:

Գործադիրը ուշագրավ փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում: Նոր խմբագրությամբ` գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող, աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են տարածքային մարմնում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Սոցիալական խնդրի կարգավորմանն է ուղղված նաև կառավարության ընդունած այն որոշումը, որով հաստատվել է գործատուի մոտ աշխատողին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասը հատուցելու նոր կարգը: Մասնավորապես սահմանվում է, որ վնասը հատուցվում է դրամով, որը ըստ կարգի վճարվում է տուժողին` նրա այն աշխատավարձի (եկամտի) կամ դրա համապատասխան մասի չափով, որից նա զրկվել է աշխատունակությունը լրիվ կամ մասնակիորեն կորցնելու հետևանքով: Վնասը հատուցելու չափը համամասնորեն նվազեցվում է, եթե վնասումն առաջացել է ոչ միայն գործատուի, այլև աշխատողի անզգուշության հետևանքով:

Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդմաների սոցիալական ապահովության մասին»,  «ԼՂՀ փրկարար ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ԼՂՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու» և «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում: Նշյալ օրինագծերը կներկայացվեն հանրապետության խորհրդարանի քննարկմանը:

Կառավարությունը մի շարք որոշումենր է կայացրել տարբեր ոլորտների գործունեությունը  նորովի կարգավորելու նպատակով: Մասնավորապես հաստատվել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված խորհրդատվության ընդգրկման ծրագրի իրականացման կարգը: Ըստ այդմ` խորհրդատվության ֆինանսավորման ընդհանուր գումարը 2011թ. համար սահմանվել է 3 մլն դրամ:

Որոշումներից մեկով հաստատվել են ԼՂՀ-ում կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը: Սահմանվել է, որ լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումն ընդունվում է ԼՂՀ կրթության և գիտության նախարարի հրամանով: Նման որոշումները կայացվում են նախարարության կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:

Գործադիրը հավանություն է տվել ոստիկանության կողմից ներկայացված տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգին: Ի մասնավորի սահմանվում է, որ գովազդը չպետք է տեղադրվի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում և վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի վրա: Գովազդի նպատակով չեն կարող օգտագործվել ավտոմեքենայի արտաքին լուսային սարքավորումները:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել Ասկերանի քաղաքային և Մարտակերտի շրջանի Խնկավանի գյուղական համայնքներին պատկանող առանձին հողատարածքների օգտագործման ժամանակավոր սխեմաներում: Իսկ կատարված փոփոխությունների մի այլ շարքով նոր տեսքի են բերվել կառավարության նախկինում ընդունած առանձին որոշումներ: Դրանցից մեկի համաձայն` այսուհետ Քաշաթաղի շրջանի համայնքներում պետական ֆոնդից հողային հատկացումները կիրականացվեն պետական մարմինների  կողմից:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply