Վիեննայում մեկնարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Միջուկային ապահովությանը նվիրված նախարարական համաժողովը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 21, 2011 12:52

Հունիսի 20-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Միջուկային ապահովությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվեց ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն

Յուկիա Ամանոյի նախաձեռնությամբ և միտված է Ճապոնիայի Ֆուկուշիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած միջուկային պատահարից հետո ամբողջ աշխարհում միջուկային ապահովության բարձրացմանը: ԱԷՄԳ Գլխավոր տնօրենն իր ելույթում ընդգծեց հինգ հիմնական առաջարկները, որոնք կարող են նպաստել իրատեսական հետ-Ֆուկուշիմյան միջուկային ապահովության շրջանակի հիմնադրմանը:

Համաժողովին ներկա են մի քանի տասնյակ նախարարներ, Միջուկային քաղաքականության ազգային կարգավորիչ մարմինների ղեկավարներ, ատոմակայանների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ:

Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում ՄԱԿ-ում

ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը և ներկայացուցչության աշխատակիցներ:

«Միջուկային էներգիայի զարգացման ծրագիրը Հայաստանում» ելույթով հանդես եկավ Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որում, մասնավորապես, անդրադարձավ ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում «սթրես-թեսթերի» անցկացմանն առնչվող և մի շարք այլ հարցերի:

Նույն օրը համաժողովը ընդունեց քաղաքական հսչակագիր` միջուկային ապահովության բարձրացման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, մարդկանց և շրջակա միջավայրը ճառագայթումից պաշտպանելու մասին:

Համաժողովն աշխատանքը կշարունակի մինչև հունիսի 24-ը:

 

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply