Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի համագործակցության հարցերով պետնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 16, 2011 21:08

Հունիսի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի համագործակցության հարցերով պետնախարար Անրի դը Ռենկուրին (Henri de Raincourt):

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը առանձնահատուկ կարեւորություն է տալիս Ֆրանսիայի հետ բազմաբովանդակ համագործակցության եւ բարեկամամական  հարաբերությունների համակողմանի զարգացմանը:

Նախարարներ Նալբանդյանն ու դը Ռենկուրը գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, հանգամանալից անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգին, նախատեսվող բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքներին, տնտեսական, միջխորհրդանական, ապակենտրոնացված, մշակութային  եւ կրթական համագործակցությանն առնչվող հարցերին: Զրուցակիցները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը: Այս առումով կարեւորվեց այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր համաժողովի անցկացումը:

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվեցին Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունները, Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի նախապատրաստությունները:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի դը Ռենկուրը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

 

 

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply