Նամակ ռուսաց թագավորին

ԷՍՍԵ | | June 16, 2011 7:05

Շարունակելով «Անկախ» շաբաթաթերթի հետ «Ավտոներկրողների միավորում» ՀԿի նախագահ Տ. Հովհաննիսյանի հարցազրույցում բարձրացված խնդիրների քննարկումը, ուզում եմ այս նամակով դիմել մեր երկրի ղեկավարությանը:

Պարոնա՛յք  ՀՀ  իշխանավորներ,

Նախ  և  առաջ  թույլ  տվեք  տեղեկացնել  Ձեզ,  որ  Ձեր  ենթակա  պաշտոնյաները չեն կատարում  Ձեր  հանձնարարությունները  և,  հետևաբար,  խոչընդոտում  են  ժողովրդին  տված Ձեր նախընտրական  խոստումների  կատարումը:  Օրինակները  շատ  են,  բայց  ես  վստահ  եմ,  որ  ինձ պատահածը ներկայացնելուց  հետո  ինքներդ  էլ  կհամոզվեք:

Սկսեմ  նրանից,  որ  վերջերս  որոշեցի  սովետական  արտադրության  ավտոմեքենաս փոխարինել  արտասահմանյանով  և  այդ  նպատակով  մեկնեցի  Վրաստան:  Բագրատաշենի մաքսակետում մոտ  10-15  րոպե հերթ  կանգնելուց  հետո  բարեհաջող  անցա  մեր  սահմանը, իսկ վրացական  մաքսակետը` շատ  ավելի  արագ  և  քաղաքակիրթ  պայմաններում:

Ռուսթավիի  նորակառույց  ավտոշուկան  ինձ  զարմացրեց  իր  մեծությամբ,  բարեկարգությամբ,  մաքրությամբ  և  աշխատանքների  կազմակերպվածությամբ:  Շուկայում  ընտրում  ես  մեքենան,  սակարկում,  համաձայնության  գալուց  հետո  դիմում  ես  հենց  շուկայի  տարածքում  գտնվող  համապատասխան  կազմակերպությանը,  որը  մոտ  20 րոպեի  ընթացքում,  առանց  որևէ  քաշքշուկի,  ձևակերպում  է  առուվաճառը:  Ընդ  որում,  այստեղ  գործում  է  մեկ  պատուհանի  սկզբունքը. անհրաժեշտ  փաստաթղթերը  ներկայացնում  ես  այդ  կազմակերպության  աշխատակցուհիներից  որևէ  մեկին  և  հենց  նրանից  էլ ստանում  մեքենայի  ժամանակավոր  համարանիշը  և  տեխանձնագրին  փոխարինող  փաստաթղթերը:  Փաստորեն,  այս  համակարգում  նախկինում   գործող  նոտարի, մաքսավորի,         ինտերպոլի  և  ավտոտեսչության (ՄՌՈՒ)   ինստիտուտների  գործառույթներն  ամբողջովին,   լիարժեք,  որակով  և  բավականին  արագ  կատարում  է  մեկ  աշխատակցուհի: Կատարված գործարքների  պետական  տուրքը  կազմում  է  մոտ  24-25  հազար  դրամին  համարժեք վրացական  լարի,  և  ոչ  ոք  ոչ  մի  «մաղարիչ»  չի  պահանջում,  որը  ինձ  համար  շատ տարօրինակ  էր  ու  անսովոր: Դեռ  ավելին,  մեր  փորձառու  հայրենակիցներից  մեկը  բացատրեց,  որ ավտոմեքենաների  առուվաճառի  և  երթևեկության  ոլորտում  վրացական պաշտոնյաները   ոչ  միայն այլևս  կաշառք չեն  վերցնում,  այլև  կարող  են  կալանավորել ցանկացած  կաշառք  առաջարկողի:

Ահա  այսպես  գոհ  կատարածս  գնումից  և  շոյված  Ռուսթավիի  շուկայի  համապատասխան  աշխատակիցների  բարեկիրթ  վերաբերմունքից`  թվականով  հին,  բայց  բավականին թարմ  իմ «Վենտոյով»   բռնեցի  հետդարձի  ճամփան:  Վրացական  մաքսակետը  դարձյալ անցա  արագ  և  առանց  քաշքշուկի,  որից  հետո  սկսվեց  մղձավանջը:

Չգիտեմ,  թե  թշնամական  երկրներն  ինչպես  են  ընդունում  իրենց  թշնամի  երկրի  քաղաքացիներին,  բայց  ինձ թվում  է`  այնպես,  ինչպես  Բագրատաշենի  մաքսավորներն  են ընդունում իրենց  երկրի  քաղաքացիներին: Հայաստան  մտնող  և՛  մարդատար,  և՛  բեռնատար,  և՛  նոր  գնված  մեքենաները,  ինչպես  նաև  հետիոտն  քաղաքացիներին  սպասարկում է  ընդամենը  մեկ  անցակետ,  այն  դեպքում,  երբ  վրացական  կողմում  գործում  են  մուտքի  և  ելքի  չորսական  անցակետեր:

Մեքենայով  մինչև  հայկական  կողմի  նշված  միակ  անցակետ հասնելը  սովորաբար  տևում  է  մեկ-երկու ժամ, որտեղ  մեր  մաքսավորների  հետ  հենց  առաջին  շփումից  այնպիսի  տպավորություն  ես  ստանում,  որ  դու  ոչ  թե  քո  երկիր  ես  վերադարձել,  այլ`  մաքսատան  աշխատողի,  որը  կարող  է  քեզ  ընդունել  կամ  ոչ, կոպտել  կամ ոչ, բերածդ  մեքենայի  համար  3 հազար  դրամ  «մաղարիչ», իսկ  մուտքի   փաստաթղթերի  ձևակերպման  համար  5  հազար  դրամ  պահանջել  կամ ոչ, քեզ  արագ  սպասարկել կամ ոչ, որևէ  տառասխալ  ուղղելու  նպատակով  հետ  ուղարկել Ռուսթավի  կամ ոչ:   Հիշեցնեմ,  որ  հայ-վրացական  սահմանը  հիմնականում  հատում են  ՀՀ   քաղաքացիները, որոնց  համար  վրացական  կողմը,  ի  տարբերություն  մերոնց,  արել  է  ամեն  ինչ, որպեսզի  որևէ  դժգոհության  առիթ  չլինի:  Համաձայնեք,  որ  սա  շատ  մտահոգիչ  երևույթ  է:

Նույն  բյուրոկրատական  քաշքշուկն  ու  դրամաշորթությունն  է  տիրում  նաև  Նորագավիթի  մաքսատանը: Մեկ  մեքենայի  մաքսազերծումն  այստեղ  կարող  է  տևել  3-5 ժամ,  քանի  որ  մուտքի  անցագիր  ստանալուց  հետո  հարկավոր  է  անցնել  մաքսատան  մի խումբ  աշխատակիցների  «թրի»  տակով:  Այսպես,  մի  հոգի  գրում  է  մեքենայի  տեխնիկական  տվյալները (պահանջում  է  հազար  դրամ),  մեկ  ուրիշը  դրանք  համեմատում  է  առկա փաստաթղթերի  հետ (եթե  շարժիչի  համարը չի կարդացվում, պահանջում  է  15-20 հազար դրամ)  և  դրանք  փոխանցում  է  երրորդին, որից  մոտ  կես  ժամ  անց  ստանալով  փաստաթղթերը`  հաճախորդը  մեքենան  ներկայացնում  է  թունավոր  արտանետումների  քանակը ստուգողին,  որն  իր  աշխատանքի  համար  պահանջում  է  2 հազար  դրամ`  համապատասխան  կտրոնով  և  ևս  մի  քանի  հազար  դրամ` առանց  կտրոնի,  եթե  կարողանում  է  համոզել  հաճախորդին,  որ  նրա  մեքենայի  խլացուցիչը  ծակ  է:

Այսպիսով,  մաքսատան  տարածք  մուտք  գործելուց  մոտ  մեկուկես  ժամ  հետո  վերջապես  հերթը   հասնում  է  բրոկերական   ծառայությանը:  Այստեղ,  ստուգելով  մեքենայի  փաստաթղթերը,  հաճախորդին  ուղարկում  են  2-րդ  սենյակ`  «ինտերպոլ»,  որտեղ  մեկ  ստորագրության  դիմաց  մաքսատան այդ  սենյակի  աշխատողը  պահանջում  է  2 հազար  դրամ: Հետզհետե  «թանկացող» փաստաթղթերը  հանձնելով  բրոկերներին`  հարկավոր  է  սպասել  ևս  մեկ  ժամ`  մինչև կհայտնեն  մեքենայի  մաքսազերծման  գումարի  չափը:  Դրանից  հետո   պետք է  2-3 հազար  դրամանոց  այց  կատարել  հաշվապահին,  այնուհետև`  բանկում  մաքսազերծման  գումարը  մուծելուց  հետո,  նորից  այցելել  հաշվապահին,  հետո`  բրոկերին  և  մաքսատան  ևս  մի  աշխատողի  և  միայն  այս  բոլոր  այցերից  հետո`  վերջին`  իր  կարծիքով  ամենակարևոր  մաքսավորին,  որը  հաճախորդին  է  հանձնում  վերջապես  մաքսազերծված  մեքենայի  ժամանակավոր  տեխնիկական  անձնագիրը:  Բնականաբար,  նա  այդ  «արարողությունը»  կատարում  է  որոշակի   մաղարիչի`  5  հազար  դրամի  դիմաց:  Եթե  այս ամենին  ավելացնենք  նաև  բարձր  մաքսատուրքը  և  անհասկանալի  35 հազար դրամ  արժեքով  բրոկերական  ծառայությունը,  ապա  դժվար  չէ  պատկերացնել  մեքենա  ձեռք բերողի  հիասթափությունը,  զայրույթը  և  անզորությունը:  Համեմատության  համար  նշենք, որ  երբեմնի  ԵՐԱԶ  գործարանի  երկուհազարանոց  կոլեկտիվը  կերազեր  ունենալ  մեկ օրվա ներկայիս մաքսատուրքի  չափ  հասույթ  և  բրոկերական  հասույթի  չափ  շահույթ: Հավանաբար,  մեր  երկրի  իշխանությունների  համար այս   «դրական»  երևույթն   ավելի  գերադասելի  է,  քան  որևէ  ավտոմոբիլաշինական  ֆիրմայի հետ  համատեղ  ձեռնարկություն  ստեղծելը:

Ինչևէ,  մաքսային  մարմինների  աշխատակիցներին  ոչնչով  չեն  զիջում  նաև  տեխզննման և  ճանապարհային  ոստիկանության`  մեքենաների  առուվաճառը  ձևակերպող (ՄՌՈՒ) ծառայությունների  աշխատակիցները:  Այսպես,  չկատարվող  և  անիմաստ  տեխզննումն «արժի»  3-5 հազար  դրամ` բացի  օրենքով  սահմանված  տեխզննման  և  բնապահպանության  վճարներից:  Շատ  ավելի  ժամանակատար,  խճճված  և  տհաճ  է  շփումը ՄՌՈՒ-ի  աշխատակիցների  հետ:  Այստեղ  աշխատանքները  կազմակերպված  են  այնպես,  որ  ուզես-չուզես  պետք է  շփվես  համարյա  ողջ  անձնակազմի  հետ,  որի  արդյունքում 1-ական  հազար  դրամ  են  պահանջում  «ավտո  նայողը»,  «ինտերպոլը»  և  պետհամարանիշ  տվողը,  իսկ  տեսուչը`  15-40  հազար  դրամ:

Համեմատության   համար տեղին  է  հիշել,  որ  Ռուսթավիի  ավտոշուկայում  ծախսած  20 րոպեի և  25 հազար  դրամի  դիմաց  մեր  երկրում  նույն  գործարքները  կատարելու  համար վատնում  ես  1-2 աշխատանքային  օր  և  որպես  «մաղարիչ»  վճարում` առնվազն 50  հազար  դրամ` չհաշված  օրենքով  սահմանված,  բայց  ոչնչով  չհիմնավորված  համապատասխան  շատ  բարձր  վճարները:

Պարոնա՛յք  ՀՀ  իշխանավորներ,

Այս  ամենի  մասին  Ձեզ  տեղյակ  պահելու  նպատակը  կամ  ակնկալիքը  բոլորովին  այն  չէ, որ  որևէ  կարգազանց  պաշտոնյա  պատժվի,  և  այդ  առումով  չպետք  է  արդարանալ  կամ պահանջել,  թե տվեք  գոնե  մեկի  անունը:  Դա  ամենևին  գաղտնիք  չէ,  և  նշված  արատավոր  երևույթների  մասին  Դուք  կարող  եք  ավելի  մանրամասն  տեղեկանալ  վերը  նշված  համակարգերում  տեղավորված  Ձեր  ծանոթ-բարեկամներից:  Պարզապես  ցանկանում  եմ Ձեր  ուշադրությանը  ներկայացնել  մի  շարք  խնդրանք-առաջարկություններ,  որոնք,  իմ  կարծիքով,  կնպաստեն  ՀՀ  քաղաքացիների  արժանապատվության  պաշտպանությանը  և  զերծ  կպահեն  նրանց  որոշ  «մաղարիչական»  ոտնձգություններից:

Սկսենք  Բագրատաշենի  անթույլատրելի  ցածր  թողունակություն  ունեցող  մաքսակետից:  Մինչև  նշված  անցակետ հասնելը  մաքսատունն  ունի  բավականին  ընդարձակ  տարածք,  որտեղ  հնարավոր  է  կազմակերպել  դեպի  Վրաստան  և  հակառակ  ուղղությամբ  4-ական  ուղիներ` իրենց  համապատասխան  անցակետերով:  Դրա  համար  պետք  չեն  մեծ  գումարներ  և  երկար  ժամանակ, քանի  որ  1-2 ամսում  հնարավոր  է  կառուցել  ընդամենը  300-400 քմ  մակերեսով թեթև  թիթեղյա  ծածկ  և  մի   քանի   փոքր  տաղավարներ,  ինչպիսիք  վրացական  կողմում են:  Համաձայնեք,  որ  մեր  երկրի  պատիվն  ու  մեր  քաղաքացիների  վատնած  նյարդերն ու  ժամանակը  անհամեմատելի  են  այդ  չնչին  գումարների  հետ:

Անդրադառնալով  Նորագավիթի  մաքսատանը  տիրող  կանխամտածված  անկազմակերպվածությանն  ու  բյուրոկրատիզմին,  իմ  կարծիքով,  ժամանակն  է  Ռուսթավիի  ավտոշուկայի  օրինակով  այստեղ  նույպես  կիրառել  մեկ  պատուհանի  սկզբունքը`  դրանում  ընդգրկելով  նաև  պետհամարանիշների  տրամադրումը,  որի  արդյունքում  անիմաստ  կդառնա  ճանապարհային  ոստիկանության  «ՄՌՈՒ»  կոչվածի  գործունեությունը  ներմուծված ավտոմեքենաների  առուվաճառի  շղթայում:

Վերջերս  շատ  է  խոսվում   նաև  մեքենաների  ձևական  տեխզննման  և  այդ  ոլորտում  տիրող  համատարած  դրամաշորթության  մասին: Նախկին  խորհրդային  շատ  երկրներ  արդեն  հրաժարվել  են  նման  ծառայություններից.  ըստ երևույթին, համոզվել  են, որ  դրանք  անարդյունավետ են:  Իսկ  մենք  ե՞րբ  ենք  համոզվելու  և  վերացնելու  դրանք: Հայաստանը փոքր  երկիր  է,  և  բոլորին  է  հայտնի,  որ  մեքենաների  տեխզննումն   ամենևին   դրանց  տերերի  միակ  բիզնեսը  չէ,  իսկ  գործող  տեխզննման  վճարը  կարելի  է  վերանվանել  որպես  ճանապարհների  կառուցման  և  վերանորոգման  վճար:

Մոտավոր  հաշվարկներով  մեր  երկրում  ավելի  քան  հազար  հոգի  իր  ընտանիքի  հացի  խնդիրը  լուծում  է  ավտոմեքենաների  ներմուծմամբ  և  վաճառքով:  Ընդ  որում,  դա  անում  են  հիմնականում  ծանոթ-բարեկամների  անունից,  քանի  որ, համաձայն  «Ավելացված  արժեքի  հարկի  մասին»  ՀՀ  օրենքի,  մեկ  անձի  կողմից  մեկ  տարվա   ընթացքում  ներմուծված  և վաճառված  երկու  ավտոմեքենաներից  երկրորդը  ենթակա  է  հարկման,  չնայած  հստակեցված  չէ,  թե  որ  արժեքից:  Առաջարկում  եմ  վերը  նշված  անձանց  հորդորել  ձևակերպվել  որպես  անհատ  ձեռնարկատեր: Այդ դեպքում նրանք ամսական  կվճարեն 5-հազարական  դրամ  որպես  սոցապահովագրության  վճար  և  10-հազարական դրամ յուրաքանչյուր  ներմուծված  մեքենայի  համար`  որպես  հաստատագրված  վճար:  Այս  վճարները համարյա  հավասար  են  լիազորագրերի  համար  ներմուծողների կողմից  ներկայումս նոտարներին  վճարվող  օրինական  և  անօրինական  գումարներին,  որոնց (նոտարների)  հաստիքները,  գոնե  Երևանում,  արժե  եռապատկել,  իսկ  նրանց  մատուցած  ծառայությունների  արժեքը  սահմանել  ոչ  ավելի  2-3 հազար  դրամից յուրաքանչյուր  գործարքի  համար` չհաշված,  իհարկե,  օրենքով  սահմանված  պետտուրքերը:

Պարոնա՛յք  ՀՀ  իշխանավորներ.

Այժմ,  թույլ  տվեք,  դիմել  Ձեզ  երկու  ռոմանտիկ  խնդրանք-առաջարկությունով:  Հայտնի է,  որ  և՛  կաշառք  տվողը,  և՛ ստացողը  ենթակա  են  քրեական  պատասխանատվության: Առաջարկում  եմ,  որ  յուրաքանչյուր  գերատեսչության  ղեկավար  պոտենցիալ  կաշառք  տվողներին  դիմի  հետևյալ  կոչով. «Հարգելի  ՀՀ  քաղաքացիներ,  խնդրում  եմ  մեր  գերատեսչության աշխատակիցներին  կաշառք  չառաջարկել,  քանի  որ  դրա  համար  կենթարկվեք  քրեական  պատասխանատվության»: Եվ  այդ  կոչը`  մեծ-մեծ  տառերով,  պարտադիր  փակցնել  տվյալ գերատեսչության  բոլոր  ստորաբաժանումների  լավ  երևացող  տեղերում:  Հավատացեք, մեր  ժողովուրդը  կհետևի  այդ  կոչին,  եթե  զգա,  որ  իշխանությունները  հաստատակամ  են կաշառակերությունն  արմատախիլ  անելու  հարցում: Բնականաբար,  եթե  չլինեն  կաշառք  տվողներ,  կպակասի  և  կաշառակերների  թիվը:

Մենք  սիրում  ենք  տեղի-անտեղի  պարծենալ  մեր  1700-ամյա  քրիստոնեությամբ, ուստի  առաջարկում  եմ  վերը  նշված  կոչի  կողքին  փակցնել  նաև  Աստծո  պատվիրաններից  մեկը. «Մի՛  ցանկացիր  ուրիշի  ունեցվածքը»: Սա  շատ օգտակար  և  սթափեցնող  կլինի  նաև  մեր  ժամանակների  «բարերար» և «ժողովրդասեր»   ակամա  մեծահարուստների  համար:

Պարոնա՛յք  ՀՀ  իշխանավորներ.

Ես,  իհարկե,  Արթին  պապի  նման  այնքան  միամիտ  չեմ,  որ  հավատամ,  թե  Դուք  հենց  վաղը  ձեռնամուխ  կլինեք  նշված  անօրինականությունների  վերացմանը  և  խնդրանք-առաջարկությունները  կյանքի  կոչելուն,  չնայած  շատ  եմ  ուզում  սխալ  դուրս  գալ:

Միաժամանակ համոզված  եմ, որ  տողերիս  տակ  կստորագրեին  նաև  մեր  երկրի  ներկայիս վիճակով  մտահոգ  շատ  ու  շատ  հարգարժան  մարդիկ,  ուստի  խնդրում   եմ  թույլ  տաք   հանդես   գալ  այդ  անուղղելի  լավատեսների  անունից  նույնպես:

Մնամ  նամակիս  արձագանքին  սպասող`

 

ՎԱՐԴԳԵՍ  ԲԱԼԱԲԵԿՅԱՆ

 

 

Դիտվել է 2541 անգամ:
Print Friendly

Leave a Reply