Հայաստանում վարկերի 5-6 տոկոսը չեն վերադարձվում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | August 25, 2009 15:31

Emil SoxomonyanԱյս տարի վարկերի 5-6 տոկոս չվերադարձվելը հայկական բանկային փոքր համակարգի համար բավական բարձր տոկոս է (նախորդ տարի այն մինչև 1 տոկոս էր). այսօր «Դուպլեքս» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը:

«Սակայն մեր տնտեսության համար այն որևէ վտանգ չի պարունակում,- ասում է Սողոմոնյանը,- մեր բանկային համակարգը կայուն է ու գերլիկվիդային: Այն միայն 17 մլրդ դրամ` 2.5 տոկոսով ԿԲ-ում ավանդ ունի դրած: Ու թեպետ աշխարհում ոչ մի տնտեսագետ չի կարող բացառել ճգնաժամի բանկային համակարգ ներթափանցելու վտանգը, բայց ես պնդում եմ ու վստահ եմ, որ մեր բանկերը այդ վտանգից ապահովագրված են»:

Ինչ վերաբերում է ռուսական կայունացնող վարկից բանկային համակարգին ֆինանսավորելը, Սողոմոնյանն ասաց, որ դա բանկերի լիկվիդայնության հետ կապ չունի:

Ռուսական վարկից բանկային համակարգին տրվող միջոցները նախատեսված են խոշոր, փոքր ու միջին բիզնեսին, ինչպես նաև ապառիկ և սպառողական վարկեր տրամադրելու համար:

Սողոմոնյանն ասում է, որ Հայաստանի բանկերը նորաստեղծ բիզնեսին ավելի դժվարությամբ են վարկեր տրամադրում, քան կայացած բիզնեսին. «Բանկն առաջնորդվում է ռիսկի գնահատմամբ, որովհետև բազմաթիվ նախադեպեր կան, երբ նորաստեղծ բիզնեսին տրամադրում էինք գումարներ, ամիսներ անց , երբ բանկն իրականացնում էր մոնիտորիգ , պարզում էր, որ այդ գումարները չեն ուղղվել բիզնեսի զարգացմանը, այլ դրանով ձեռք են բերվել շքեղ մեքենաներ կամ վիլլաներ»:

Սողոմոնյանն ասում է, որ բանկերն աշխատում են ռիսկի զսպման ուղղությամբ և բոլորովին կապ չունի, թե ինչ չափի գրավի դիմաց է տրվում վարկը. «Դա ամեն բանկ որոշում է իր համար և բոլորովին կապ չունի գրավադրված առարկայի հետ,- ասում է Սողոմոնյանը,- բանկը լոմբարդ չէ, բանկը կոչված է զարգացնելու տնտեսությունը: Մենք նայում ենք այն ուղղությամբ, թե վարկը ինչպես է զարգացնելու բիզնեսը, իսկ գրավն արդեն ածանցյալ է, որն ընդամենը ապահովում է ավանդատուի գումարի վերադարձվելիությունը»:

Դիտվել է 2074 անգամ:
Print Friendly

Leave a Reply