ՄԻՊ գրասենյակ ստացված դիմում-բողոքները հիմնականում ուղղված են դատարաններին

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | June 9, 2011 12:55

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2011թ-ի 5 ամիսների ընթացքում ստացել է ավելի քան 1259 դիմում-բողոք, որոնցից 553-ը՝ գրավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, գրավոր դիմումներից 38-ը կոլեկտիվ դիմում-բողոքներն են, որոնք իրենց մեջ ներառում են 1 367 դիմումատու:

Պաշտպանին հասցեագրված դիմումների ուսումնասիրության եւ հետազոտության արդյունքում 553 գրավոր դիմում-բողոքներից 210-ն ընդունվել են քննարկման, 89-ի համար դիմողին ներկայացվել են իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները, 58-ը փոխանցվել են այլ մարմինների, 163-ը քննարկման չեն ընդունվել, ուսումնասիրության ընթացքում է 33 դիմում-բողոք:

Նշված ժամանակաշրջանում դրական լուծում է ստացել 30 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգվել են 35 անձանց խախտված իրավունքները:

Հինգ ամսվա ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պետական մարմիններին ուղղվել է 766 նամակ:

Գրավոր դիմում- բողոքները մեծ մասամբ ուղղված են դատարաններին’ 610, Երեւանի քաղաքապետարանի դեմ ուղղված դիմում-բողոքների թիվը 323 է, ՀՀ կառավարության աշխատակազմինը’ 248, ՀՀ ոստիկանությանը’ 109, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը’ 66 :

Գրասենյակ ստացված դիմում-բողոքներով հիմնականում խախտվել են քաղաքացիների սոցիալական ապահովության, հրապարակային դատական քննության, բավարար կենսամակարադակի, բնակարանի եւ կենսապայմանների բարելավման, սեփականության, աշխատանքի ընտրության ազատության, բժշկական օգնության եւ սպասարկում ստանալու իրավունքները:

Գրավոր դիմում-բողոքները հիմնականում ստացվել են Երեւանից’ 338, երկրորդ տեղում է Լոռու մարզը’ 38, երրորդը’ Կոտայքի մարզը’ 29 դիմում, ամենաքիչ դիմումները ստացվել են Վայոց ձորից’ 4 :

Խոցելի խմբերից ՀՀ օմբուդսմենը ստացել է 45 բողոք:

Նախորդ տարվա համեմատ զգացվում է դիմում-բողոքների թվի զգալի աճ, որը պայմանավորված է քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացմամբ:

 

Դիտվել է 1623 անգամ:
Print Friendly

Leave a Reply