Աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգության գործը վերափոխվեց սուտ մատնության

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 24, 2009 15:23

mhm38809-copy

Երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության մասին տեսանյութը ոստիկանությունը համարել է զրպարտություն և նկարահանման հեղինակ «S.O.S. Թեղուտ» երիտասարդական հասարակական խմբի էկոլոգիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ սուտ մատնություն կատարելու մեղադրանք ներկայացրել:

Այսօր`«Ուրբաթ» ակումբում Մարիամի ընկերներն ու նրա փաստաբան Նոնա Գալստյանը հայտարարեցին, որ մեղադրանքն անհիմն է ու ոչ արդարացի:

2008թ. մարտ- ապրիլ ամիսներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորական խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը և նրա ընկերները  մտավոր թերզարգացած երեխաների Նուբարաշենի  թիվ 11 հատուկ դպրոցում իրականացրել են «Կրթական մուլտիմեդիոն նյութերի և աուդիոգրքերի պատրաստում» ծրագիր:

Այդ ընթացքում նրանք նկատել են, որ դպրոցում սովորում են միանգամայն առողջ երեխաներ, իսկ երկու աշակերտուհիներ նրանց պատմել են, որ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանը իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ է արել:

Այս մասին 2008 թվականի նոյեմբերին Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրով եթեր է հեռարձակվել Սյուզան Սիմոնյանի պատրաստած երկու ռեպորտաժներ, որոնցից առաջինում դպրոցի սան Դիանա Ամիրխանյանը պատմում է, թե ինչպես և ինչ հանգամանքներում է սեռական ոտնձգությունների ենթարկվել: Աշակերտուհու խոստովանության մասին տեսանյութը Սիմոնյանին տրամադրել է Սուխուդյանը, որի նկարահանման ժամանակ ներկա են եղել ծրագիրն իրականացնող Մարիամի ընկերներն ու «Հետք»թերթի լրագրող Լենա Նազարյանը:

Հեռարձակված տեսանյութերի արդյունքում ուսուցիչ Ավագյանը ազատվում է աշխատանքից: «Անկախը» պարզեց, որ այդ ուսուցիչը սովետական տարիներին` նախկին տնօրենի օրոք, հեռացվել է աշխատանքից, իսկ ներկա տնօրեն Մերուժան Ենգիբարյանի օրոք վերականգնվել:

«Այս դպրոցում անառողջ մթնոլորտ է ,- ասում է Սյուզան Սիմոնյանը,- ակնհայտ է, որ այստեղ սովորող առողջ երեխաների ծնողները`լինելով սոցիալապես անապահով խավի մարդիկ, ինչ-ինչ ճանապարհներով ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր, որպեսզի ազատվեն իրենց երեխաների նկատմամբ ամենօրյա հոգսից: Իսկ պարզ է, թե ինչպիսի ազդեցություն է ունենում առողջ երեխաների հոգեկերտվածքի վրա մտավոր թերազարգացած երեխայի կողքին մեծանալը»:

Հեռարձակված ռեպորտաժների հիման վրա Էրեբունու քննչական բաժնում նյութեր են պատրաստում, սակայն արդյունքում արդեն այս տարվա փետրվարի 11-ին քրեական գործ է հարուցվում ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, աշակերտուհու դեմ, թե նա զրպարտել է ուսուցչին:

Իսկ երբ Դիանա Ամիրխանյանը հրաժարվում է իր ցուցմունքներից, ասելով, որ տեսանյութում նկարահանվել է Մարիամ Սուխուդյանի խնդրանքով, ով նկարահանելուց առաջ իրեն ուղղորդել է, թե ինչ ասի, գործ է հարուցվում Մարիամի դեմ:

Օգոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանը, ով համարվում էր գործով վկա, ծանուցագիր է ստանում ներկայանալ որպես մեղադրյալ:

Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանն ասում է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է գործ հարուցվել միայն առաջին տեսանյութի հիման վրա, մինչդեռ երկրորդ տեսանյութում խոսող սանուհին մինչև վերջ չի հրաժարվել իր ցուցմունքներից ու շարունակում է պնդել այն:

Մեղադրականում նշված է, որ Մարիամ Սուխուդյանը շահադիտական նպատակներով է ձայնագրել տեսանյութն ու հասրակական հնչեղություն հաղորդել, որովհետև ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի կողմից դպրոցին փոխանցված 1մլն. դրամը դպրոցի տնօրենը հրաժարվել է տրամադրել Մարիամին և վճարել է աստիճանաբար:

Լրագրող Սիմոնյանն ասաց, որ Մարիամը տեսանյութն իրեն տրամադրել է մեծ դժվարությամբ և միայն այն խոսոտումից հետո, երբ ինքը անձամբ կայցելի դպրոց ու սեփական հետաքննություն կանի:

«Իսկ ծրագրի շրջանականերում նախատեսված գույքն ու այլ պահանջվող առարկաները մենք ձեռք ենք բերել սեփական միջոցներով, իսկ հետո տրամադրված կտրոնների հիման վրա տնօրենը մեզ վճարել է, -ասաց Մարիամի ընկեր Արման Ղարիբյանը,- և չնայած դա անհարամարություններ էր առաջացնում, բայց մենք տնօրենի հետ ոչ մի խնդիր չենք ունեցել»:

«Իսկ գործով Էրեբունի քննչական բաժանմունք կանչվել են դպոցի սաները,  ովքեր դեռ սովորում են և պարզ է նրանց կախվածությունը դպրոցի տնօրինությունից»,- ասում է լրագրող Սիմոնյանը:

Մարիամի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելը:

Դիտվել է 2228 անգամ:
Print Friendly

Leave a Reply