Դաջվածք. հայ կանայք ավելի համարձակ են քան տղամարդիկ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 24, 2009 14:24
tatu

Տատուն կզարդարի նրա մարմնի ինտիմ հատվածներից մեկը, որը տեսանելի կլինի միայն նրան ու նրա մտերիմ մարդուն

Սիրո

Սիրոն Ծիծաղելով պատմում է. «Մի օր մի շտանգիստ եկավ, ասեց՝ շտանգա եմ ուզում դաջես թևիս, մի անգամ էլ մի տղամարդ, երևի զինվորական էր, ուղաթիռ ու «Hummer» ցանկացավ դաջել, իսկ ամենաօրիգինալը, որ մի տղա ուզեց իր «նիվա»-ն դաջել՝ համարներով հանդերձ»

«Body Art» կենտրոնի հիմնադիր, դաջվածքի մասնագետ սիրիահայ Սիրո Քեջեջյանն արդեն վեց տարի է` ապրում և աշխատում է Երևանում: Դաջվածքի և պերսինգի մասնագիտացված կենտրոն ստեղծելու գաղափարը ծագել է Հայաստան գալուն պես, քանի որ նկատել է, որ այն Հայաստանում դեռևս բաց ոլորտ է և զարգանալու միտումներ ունի:
«Սկզբում հաճախորդների մեծ մասն արտասահմանցիներն ու սփյուռքահայերն էին, սակայն գնալով ավելացավ տեղացի հաճախորդների թիվը»,-ասում է Սիրոն:
«Body Art» այցելած մի պարսկուհի, ով Թեհրանում զբաղվում է նույն աշխատանքով, խորհուրդներ էր հարցնում Սիրոյից: Չնայած որ Պարսկաստանում այդ բիզնեսն արգելված է, այն բավականին մեծ պահանջարկ ունի: Նա նշեց, որ այդ աշխատանքով գաղտնի է զբաղվում: Առանց գլխաշորի, բաց, համարձակ հագուստով և մեջքի ներքևում դաջվածք կրող պարսկուհին նաև վզին խաչ էր կրում: Նա պատմեց, որ մի օր երազում խաչ է տեսել և դա նախանշան համարելով` որոշել է խաչ կրել:
Ամերիկահայ Մեղրիկը «Body Art» էր այցելել դաջվածք անելու: Նա ուսուցչուհի է, աշխատում է Կալիֆորնիայի հայկական դպրոցներից մեկում: Ասում է, որ երկար տարիներ ցանկացել է դաջվածք անել մարմնին, սակայն չի համարձակվել։ Այժմ, երբ արդեն քառասունն անց է, վերջնական որոշում է կայացրել, ուզում է ոտքին նուռ դաջել` որպես հայկական խորհրդանիշ:
28-ամյա Անին երեք տարի առաջ է դաջվածք արել մեջքին: Ասում է, որ ընտանիքը նորմալ է ընդունել: Այժմ այցելել էր Սիրոյին՝ ևս մի դաջվածք անելու՝ այս անգամ վզին թիթեռ է ուզում դաջել:
25-ամյա Ալյոնան էլ դաջվածքի միջոցով փորձում է ջնջել տխուր հիշողությունները. բազուկին դաջելու է “no more drama□” բառերը` հավատալով, որ դրանով կմոռանա բոլոր «դրամաները» և նոր էջ կբացի իր կյանքում:
Իսկ Սուսաննան ասում է, որ միշտ ուզեցել է դաջվածք ունենալ, սակայն վախեցել է մարդկանց կարծիքից: Այժմ 30 տարեկան է և կարող է ինքնուրույն որոշում կայացնել`կոտրել վախն ու իրականացնել ցանկությունը: Առայժմ ժամանակավոր դաջվածք է անելու, որը մարմնի վրա կմնա մեկ-երկու շաբաթ, սակայն վստահ է, որ դրանից հետո համարձակությունն ավելի կմեծանա իսկական դաջվածք անելու: Փոքրիկ ծովախոզուկը, կզարդարի նրա մարմնի ինտիմ հատվածներից մեկը, որը տեսանելի կլինի միայն նրան ու նրա ամենամտերիմ մարդուն:
Սիրոն միջազգային “Տատու” ֆեդերացիայի ոսկե անդամ է: Գրեթե ամեն տարի մասնակցում է Ուկրաինայում տեղի ունեցող տատուի միջազգային փառատոններին: 2004-ին ճանաչվել է “Full back” անվանակարգի հաղթող (դաջվածք ողջ մեջքին):
Սիրոն ասում է, որ հայ տղաներն, ի տարբերություն աղջիկների, շատ կարծրատիպեր ունեն, որոնք խանգարում են նրանց համընթաց քայլել աշխարհին: Օրինակ` դաջվածքներ ընտրելու հարցում հայ աղջիներն ազատ են, ընտրում են` ինչ իրենց դուր է գալիս, իսկ տղաների մեծ մասի նախասիրությունները սահմանափակվում են մի քանի պատկերներով` խաչ, առյուծ, վագր:
«Մի օր մի շտանգիստ եկավ, ասեց `շտանգա եմ ուզում դաջես թևիս, մի անգամ էլ մի տղամարդ, երևի զինվորական էր, ուղղաթիռ ու «Hummer» ցանկացավ դաջել, իսկ ամենաօրիգինալը, որ մի տղա ուզեց իր նիվան դաջել` համարներով հանդերձ: Դե ես էլ դաջեցի»,-ծիծաղելով պատմում է Սիրոն:
Որոշ սալոններում դաջվածքի ժամանակ տեղային ցավազրկում են կատարում՝ պարբերաբար ցավազրկող նյութ են ցանում դաջվող հատվածին, սակայն ցավն ամբողջությամբ չի վերանում:
Սիրոն դեմ է դաջվածքի ընթացքում ցավազրկող նյութերի օգտագործմանը: «Ողջ աշխարհում տատուն անում են առանց ցավազրկման,-ասում է նա,- տեղային ցավազրկող նյութի օգտագործումն էլ է սխալ, քանի որ այդ նյութը ներկը մաշկի տակ տարածելու հատկություն ունի, ինչի պատճառով պատկերն աղավաղվում է»:
Գոհար Գևորգյանը չորս տարի է, զբաղվում է դաջվածքով: Նրա կարծիքով, դաջվածքի մասնագետը պետք է ունենա առաջին հերթին նկարչական տաղանդ, ապա երևակայություն, համբերություն ու համարձակություն:
«Տատուի մասնագետը պետք է ինքն էլ ունենա տատու, որպեսզի հասկանա հաճախորդին,-ասում է Գոհարը,- որ ունի թիթեռնիկի պատկերով դաջվածք,- թիթեռնիկս նախքան դաջելը, հետաքրքրվեցի և իմացա, որ թիթեռնիկը խորհրդանշում է կանացիություն, սեթևեթանք, քնքշանք ու նրբություն: Սակայն Պրիբալտիկայում, դաջվածքս տեսնելով, հարցրեցին՝ մարմնավաճա՞ռ եք: Ասացին, որ իրենց երկրում դա անբարոյականների խորհրդանիշն է»:
Նա ասում է, որ իր հաճախորդները տարբեր կերպ են վերաբերվում ցավին, մեկը դիմանում է, մյուսը՝ ոչ, անգամ ուշաթափության դեպքեր են լինում:
Ժատմում է, որ մի երիտասարդ տղա, ցավին չդիմանալով, լաց եղավ, սակայն կան աղջիկներ, որ ամբողջ պրոցեդուրայի ընթացքում հոգոց էլ չեն հանում: «Տատուի ժամանակ պետք է չլարվել, հանգիստ լինել, որպեսզի այն արագ, գեղեցիկ ու հնարավորինս առաց ցավի լինի»,-ասում է Գոհարը:
Նա իր փորձից հասկացել է, որ տատուն վարակիչ հատկություն ունի. մեկ անգամ անելուց հետո, էլի են ուզում:
«Աղջիկ ու տղա հաճախորդների քանակը գրեթե նույնն է,- ասում է Գոհարը,-հաճախորդները հիմնականում երիտասարդներ են, սակայն միջին տարիքի հաճախորդներ էլ ունենք, հատկապես կանայք, ովքեր գալիս են շուրթերի, հոնքերի տատու անելու”:
Գոհար Գևորգյանը նշում է, որ տասնվեց տարեկանից ցածր խորհուրդ չի տրվում դաջվածքներ անել. նախ ցավին չեն դիմանում, հետո էլ փոքր հասակում, կապված օրգանիզմում տարիքային փոփոխությունների հետ, կարող են բարդություններ առաջանալ:
Գոհարը նույնպես կարծում է, որ դաջվածքների ընտրության հարցում կանայք ավելի համարձակ ու ազատ են: Նա նշում է, որ այժմ շատ նորաձև են «տրիբալ» կոչվող պատկերները, որոնք չեզոք են, չեն խորհրդանշում կոնկրետ որևէ բան: Դրանք դուր են գալիս և’ տղամարդկանց, և՛ կանանց: Շատ տարածված են նաև վզին դաջվող չինական պատկերները:

Հիգիենա և խնամք- Դաջվածքի համար անհրաժեշտ են հիգիենիկ պայմաններ և ճիշտ խնամք: Մասնագետներն ասում են, որ տատուն պետք է անել մեկանգամյա օգտագործման համար նախատեսված գործիքներով, որպեսզի ինֆեկցիա չանցնի: Տատու անողը պետք է աշխատի ձեռնոցներով մաքուր սենյակում, իսկ վերջում հաճախորդին անպայման տեղեկացնի, թե ինչպես խնամի դաջվածքը:
«Հատկապես առաջին մի քանի օրվա ընթացքում,-ասում է Գոհարը,- հարկավոր է չափազանց ուշադիր լինել դաջվածքի նկատմամբ: Մոտ մեկ շաբաթ հիգիենիկ վիրակապով պետք է փակել դաջված հատվածը, մի քանի օր չթրջել, հատուկ փափկեցնող քսուքներ օգտագործել»:
Իսկ Սիրոն կարծում է, որ հաճախորդի հետ նախօրոք պետք է հոգեբանական զրույց վարել, հասկանալ, թե արդյո՞ք նա պատրաստ է ողջ կյանքում այդ պատկերը կրել իր մարմնին, թե ոչ:
«Շատերը կարծում են, թե տատուն կարելի է ջնջել: Ճիշտ է, այժմ կան լազերներ, որոնց միջոցով հնարավոր է պատկերը հնարավորինս անտեսանելի դարձնել, սակայն ամբողջությամբ ջնջել հնարավոր չէ: Այնպես որ, նախքան որոշում կայացնելը, պետք է լավ մտածել»:

1

Picture 1 of 15

Դիտվել է 7083 անգամ:
Print Friendly

Leave a Reply