Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 27, 2011 20:39

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կոմիտեի նախագահի տեղակալներն ու համապատասխան վարչությունների  պետերը Հանրապետության ղեկավարին ներկայացրել են  ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, մաքսային և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ` նախկին հանդիպումների ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել  Կոմիտեի էլեկտրոնային կառավարման ներկա վիճակին և համակարգի հիմնախնդիրներին, բարեփոխումների ծրագրերից բխող գործողությունների ժամանակացույցի համաձայն իրականացված և նախատեսվող աշխատանքներին, վիճակագրական տվյալների վերլուծությանն ու դրա արդյունքների կիրառմանը մաքսային հսկողության ժամանակ, սահմանային կառավարման համակարգի բարելավման աշխատանքների ուղղությամբ իրականացվող աշխատանքին, 2011թ. անցած չորս ամիսների մուտքերի կատարողականին և մի շարք այլ հարցերի:

«Պարո´ն Նախագահ, Դուք կարևոր խնդիր էիք դրել մեր առջև` էապես բարելավել մաքսային և հարկային վարչարարությունը, կառույցը դարձնել բարձր ծառայություններ մատուցող կառույց, բիզնես միջավայրի համար ստեղծել հավասար և մրցակցային պայմաններ և հարկային եկամուտների մուտքերի ապահովումը կատարել առանց բիզնեսին վնասելու: Ես ուզում եմ ներկայացնել, թե այդ ճանապարհին մենք ինչ ենք արել. և՛ 2010թ. և՛ 2011թ. մեր միջոցառումներում, նաև նախկինում`  բոլոր այդ հիմնախնդիրները հաշվի ենք առել: Դրանք շատ բազմազան են, և բավականին  աշխատանք ենք կատարել: Մենք հիմնականում կրճատել ենք փաստաթղթաշրջանառությունը` հարկ վճարողների համար: Հաշվետվական համակարգն ենք փոխել, այն դարձնելով ավելի պարզ` ավելի քիչ թվով հաշվետվություններ բիզնեսի համար, ավելի լավ կառավարելի վիճակ: Տնտեսավարող սուբյեկտների համար մենք ստեղծել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, ավելացված արժեքի հարկի վճարման խնդիրները լուծել ենք՝ այն դարձնելով ավտոմատ համակարգ: Կանխել ենք գերավճարների նախկինում գործող արատավոր պրակտիկան և բիզնեսի գրանցման, հաշվառման համար մեկ պատուհանի սկզբունքն ենք ներմուծել հանրապետություն:

Մեզ համար շատ կարևոր է հարկային տեսչությունների կառուցվածքի օպտիմալացումը, որը նպաստելու է աշխատանքների կառավարմանը: Այս միջոցառումներից բացի, օրենսդրական շատ փոփոխություններ են կատարվել, որոնք նպաստել են այդ գործընթացներին: Դրանք հիմնականում վերաբերում են ֆինանսական հաշվետվություներին: Մենք շատ հարկային հաշվետվություններ, որոնց անհրաժեշտությունը չկա` կրճատել ենք: Բոլոր հաշվետվությունների ներկայացման համար սահմանել ենք միասնական ժամկետ՝ այն դարձնելով եռամսյակային՝ նախկին ամեն ամսվա, ամսվա ընթացքում նույնիսկ տարբեր օրերի փոխարեն»,-Հանրապետության ղեկավարին հանդիպման սկզբում զեկուցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Պետեկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմին ուղղված իր խոսքում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նպատակադրումը շատ հստակ է. պետք է առաջին հերթին փոխել հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից այն վերածելով հարկ վճարողների սպասարկ­ման` ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի:

«Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչու­թյան գործունեության տրամա­բանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակար­գերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենա­կարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

 

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply