Որո՞նք են ամուսնության պայմանագրի կնքման պայմանները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 28, 2011 15:00

Ամուսնանալու, այսինքն` իր ընտանիքը ստեղծելու իրավունքը տղամարդու և կնոջ թերևս էական ու կենսական նշանակության իրավունքներից մեկն է: Այն իր ամրագրումն է գտել ինչպես ներպետական օրենսդրությունում, այնպես էլ մարդու իրավունքների մասին միջազգային մի շարք իրավական ակտերում, մասնավորապես` մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդված 16), 1966 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում (հոդված 10) և 1966 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (հոդված 23):

ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն` «Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից»: Ամուսնությանն առնչվող  բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքով` ընդունված 2004 թ. նոյեմբերի 9-ին:

Տղամարդու և կնոջ միջև ամուսնական իրավահարաբերություններ են առաջանում ամուսնության մեջ մտնելու շնորհիվ: Ամուսնությունը կայացած է համարվում օրենքով սահմանված որոշակի պայմանների պահպանման դեպքում: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` «ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից»: Իսկ 10-րդ հոդվածով սահմանված է, որ «ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի՝ կանանց համար՝ տասնյոթ, իսկ տղամարդկանց համար տասնութ տարեկան տարիքի հասնելը»:

Ամուսնության կնքման համար անհրաժեշտ առաջին պարտադիր պայմանը ամուսնացող անձանց փոխադարձ համաձայնությունն է: Ամուսնությունը տղամարդու և կնոջ փոխադարձ անձնական զգացմունքների վրա հիմնված կամավոր միություն է, որի ժամանակ ամուսնացողներից յուրաքանչյուրը պետք է դրսևորի գիտակցված և մտածված ցանկություն, համաձայնությունը տրված լինի ազատ ու անկախ: Ուստի այս հարցում չպետք է հարկադրանք լինի ո՛չ ամուսնացողներից մեկի և ո՛չ էլ երրորդ անձանց կողմից: Եթե ամուսնանալու համար համաձայնությունը տրվում է սպառնալիքի, խաբեության ազդեցության տակ, ապա ամուսնությունն անվավեր է համարվում անձի ներքին կամքի և արտահայտված կամքի միջև անհամապատասխանության հետևանքով:

Օրենսդիրը ամուսնության երկրորդ պարտադիր պայման է համարում ամուսնացող անձանց ամուսնական տարիքը: Ամուսնական տարիքը շատ պետություններում տարբեր է: Օրինակ, Ռուսաստանում, Վրաստանում և Բուլղարիայում տղամարդու և կնոջ համար սահմանված է 18 տարին, իսկ ահա Ֆրանսիայում տղամարդու համար 18, իսկ կնոջ համար` 15: Իսկ Հայաստանի օրենսդրությամբ ամուսնական տարիքը տղամարդու համար 18 է, իսկ կանանց համար` 17: Այստեղ ընդհանուր կանոն է համարվում այն, որ ամուսնանալ ցանկացող անձը պետք է սահմանված ամուսնական տարիքի հասած լինի ամուսնության պետական գրանցման պահին և ոչ թե ամուսնության գրանցման համար դիմում տալու օրը:

Հարկ է նշել, որ ամուսնական տարիք որոշելը պատահական հարց չէ և որոշվում է ոչ թե մեխանիկորեն, այլ ելնելով տարբեր պայմաններից: Ամուսնական տարիքի որոշման ժամանակ հաշվի են առնվում ինչպես կենսաբանական ու կլիմայական, այնպես էլ տնտեսական և իրավաբանական գործոնները:

 

 

 

Ավետիք Հարությունյան

 

 

Դիտվել է 2848 անգամ:
Print Friendly

Leave a Reply