Աղտոտված հողերը և պարարտանյութերը` քաղցկեղի պատճառ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2011 15:07

Հայաստանում առկա է 50 հազար հա տեխնածին աղտոտված հողատարածք: Մոտ 100 հազար հա-ի վրա էլ ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակը գերազանցում է թույլատրելի չափաքանակը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարային համալսարանի Ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մերուժան Գալստյանը:

Նրա խոսքով` հիմնականում աղտոտված են Ալավերդու, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատների, Արարատյան դաշտի ոսկու հանքանյութի պոչամբարի, Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանների հարակից տարածքները:

Գալստյանն ասում է, որ ծանր մետաղներով աղտոտված հողերը վտանգավոր են մարդու առոջության համար. թունավոր նյութերը թափանցում են սննդի մեջ, ապա մարդու օրգանիզմ, ինչը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում օգտագործվող պարարտանյութերին, Գալստյանն ասում է, որ օգտագործվող ազատական պարարտանյութը հողը չի աղտոտում, դրա չարաշահման հետևանքով սննդի հետ նիտրատները օրգանիզմ են թափանցում և կարող են արյան քաղցկեղի պատճառ դառնալ:

Պարարտանյութերից Գալստյանը վտանգավոր է համարում ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը, որոնք այժմ Հայաստանում չեն կիրառվում: Սրանք ծանր մետաղներ են պարունակում, որոնք աղտոտում են հողը:

Որպես հողի աղտոտման 3-րդ աղբյուր` Գալստյանը նշում է ավտոմոբիլային տրանսպորտը. Մինչև 20-րդ դարի վերջը բենզինի ՕԳԳ-ն բարձրացնելու համար այն կապարացվում էր, իսկ կապարը ամենավտանգավոր ծանր մետաղներից է:

 

Դիտվել է 2314 անգամ:
Print Friendly

Leave a Reply