Առաջին տիկինը չի հասկացել` ինչի տակ է ստորագրում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ | | June 4, 2009 14:26

naxagah-2Երեկ «Էկոդար» հասարակական կազմակերպությունը տարածել էր տեղեկատվություն, որի համաձայն` առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը հունիսի 2-ին Հաղթանակ զբոսայգում ստորագրել են Թեղուտի հանքերի շահագործման դեմ ուղղված բողոքի տակ:

Հարցի առնչությամբ «Արմենպրես»-ին տված պարզաբանման ժամանակ Ռիտա Սարգսյանի օգնական Վիկտորիա Ոսկանյանը հերքել է տարածված տեղեկատվությունը` ասելով, որ, իրականում, միջոցառման ժամանակ Ռիտա Սարգսյանին են մոտեցել երիտասարդներ, ովքեր, ներկայանալով որպես բնապահպանական ընկերակցության անդամներ, խնդրել են նրա ստորագրությունը` ի աջակցություն մեր երկրում կանաչ տարածքների եւ անտառների պահպանման:

«Ապա ստորագրահավաքի կազմակերպիչները Ռիտա Սարգսյանի ստորագրությունը ներկայացրել են որպես աջակցություն` ընդդեմ Թեղուտի հանքավայրի շահագործման»,-ասել է Ոսկանյանը:

Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Արփինե Գալֆայանն ասում է, որ ինքն անձամբ է առաջին տիկիններին ներկայացրել բողոքի տեքստը`հատուկ ընդգծելով, որ խոսքը Թեղուտի անտառների մասին է:

«Չեմ կարող ասել`Ռիտա Սարգսյանը տեղյակ էր Թեղուտի պատմությունից, թե ոչ, բայց բողոքի բովանդակությանը բանավոր ծանոթանալուց հետո միայն ստորագրեց: Իսկ Բելլա Քոչարյանին կողքից մի կին հուշեց, որ խոսքը պղնձամոլիբդենային հանքավայրի մասին է, նա էլ ասեց`այո, հիշեցի ու ստորագրեց»,-ասում է Արփինեն:

Մեկ այլ անդամ Մարիամ Սուխուդյանը փորձում է հումորով մոտենալ առաջին տիկինների «չգիտակցված ստորագրությանը»` ասելով, որ «միգուցե տիկինների ստորագրությունից հետո նախագահների ընտանիքներում վեճ է ծագել, որի պատճառով հերքում են տարածել բայց կարծում եմ` պետք չի վիճել, սերը կփրկի թե’ ընտանիքը, թե’ Թեղուտը»:

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply