Չինացի զբոսաշրջիկը լուսանկարում է Կոնդը

ԷՍՍԵ | | May 22, 2011 7:18

ՙԵս այստեղ եմ ծնվել, և ինձ վիճակված է օտարականի պես իմ ճամփի մասին հարցուփորձ անել՚:

Ժան Պոլ Սարտր

Ֆրանսիացի գրող Սարտրի խոսքերը ավելի քան դիպուկ են իմ դեպքում: Կոնդ` մանկության  փողոցներ, ծուռումուռ տներ, աստիճաններ, որոնք թվում են` կյանքիդ վերջին բարձրացած աստիճաններն են լինելու: Պատահականությունների թաղամաս Կոնդ, որտեղ ծնվել է հայրս, թութ գողացել, աղունիկ  թռցրել, կոնդեցի ընկերներ  ձեռք բերել: Տարիների հեռավորությունից ինձ է հասել կոնդեցու հպարտությունը:Մի օր արթնացա, վերցրեցի ձայնագրիչս, լուսանկարչական խցիկս ու որոշեցի քայլել իմ ու հորս մանկության հետքերով:Այնքան վաղուց չէի եղել Կոնդում, որ թվում էր`  սարերից այն կողմ է: Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին. ահա և Կոնդը:Մի չինացի զբոսաշրջիկ լուսանկարում էր եկեղեցին: Նրա հետ խոսելու առիթը բաց չթողեցի: Պարզվեց, որ  Աին Հայաստանի  տեսարժան վայրերը ՙսերտելուց՚ հետո որոշել է տեսնել և լուսանկարել նաև հին Երևանը.-Beautifull churc (գեղեցիկ եկեղեցի է): -This is the one of the oldest churches of Armenia (սա Հայաստանի հնագույն եկեղեցներից ),- պատասխանեցի` չկարողանալով զսպել չինացու մոտ գլուխ գովելու ցանկությունս:Զմայլված Աիին թողեցի իր հափշտակության օբյեկտը լուսանկարելու, իսկ ես շարունակեցի ճանապարհս:Թվում է` Հախվերդյանի  երգերից ծիկրակող տիկին Արուսն իր լվացքը հենց Կոնդում է փռել, այստեղ  է նրա ամուսին վարպետ Արտաշը շարել տան պատերը, կապել կտուրը, սարքել դուռ ու պատուհան…Գետնահարկ տների խոնավությունը, թեք աստիճանները, խորդուբորդ փողոցները և էլի շատ բաներ են ձևավորում լաբիրինթոսային Կոնդը,  և եթե մոլորվես, ուրեմն կոնդեցի չես: Կոնդը գրավում է քաղաքի արևմտյան բարձրադիր մասը։ Կոնդ անվանումը տրվել է բարձր դիրքի պատճառով։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել Թափաբաշ, որ հենց Կոնդ բառի թարգմանությունն է։ Մեր ժամանակներում էլ Երևանի ադրբեջանցի բնակիչներն այդ թաղամասը Թափաբա՚ էին անվանում։Կոնդը եղել է մեր քաղաքի ամենահին հայաբնակ թաղամասերից մեկը։ Իր հնության և բացառիկության շնորհիվ իսկական թանգարանային թաղ է: Կոնդում պահպանված հնություններից աչքի է ընկնում Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը շատ հին հուշարձան է, ավերվել է 1679 թ. մեծ երկրաշարժի ժամանակ, բայց 1710 թ. վերականգնվել է։Չգիտես էլ ուրախանաս այս բացառիկ երևանյան թաղամասի գոյությամբ, թե ուրախանալուց առաջ, ամեն դեպքում,  հիշես մարդկանց, ովքեր ապրում են խոնավ տներում, հազար ու մի հիվանդություն կարող են ձեռք բերել ու ձեռք են բերել: Երկու իրարամերժ զգացումների  դեմ պայքարելով էլ հասա Կոնդ: Մի կողմից` չես ուզում, որ այս թանգարանային թաղամասն ապրի իր վերջին օրերը, ուզում ես Կոնդի փողոցներում մոլորված օտարերկրացի զբոսաշրջիկներ տեսնել` ֆոտոխցիկը ձեռքին, մյուս կողմից… Տարեց և երիտասարդ կոնդեցիների վերաբերմունքը տարբեր է: Իսկական կոնդեցի լինելու հպարտությունը տարեց մարդկանց մոռացնել է տալիս իրենց թեք ու խոնավ տները: Քեզ սիրով պատմություններ են պատմում Կոնդի մասին, հպարտանում, որ ծնվել են այստեղ: Կոնդի լաբիրինթոսային բակերից մեկում էլ տեսա քարին նստած Վարուժան պապիկին: Կոնդի ու իր կոնդեցի լինելու մասին հպարտությամբ էր խոսում: Չկարողանալով թաքցնել ժպիտը` ասաց` ով ձի ունի, թող գա մեզ հետ մրցի: Չգիտեմ` ինչ նկատի ուներ… Գուցե ուզում է  լեգենդ հյուսել կոնդեցիների աներևակայելի ուժի և արիության մասին, գուցեև իրոք կոնդեցիները այդպիսին են: Ամեն դեպքում սիրում եմ նման անմեղ սրտեր, որոնց սուտ կամ ճիշտ լինելը ոչ մի կերպ չես ապացուցի, և պետք էլ չի: Իմ հարցերը` կապված Կոնդը քանդելու և գետնահարկ տների փոխարեն նոր և շքեղ առանձնատներ կառուցելու վերաբերյալ, անպատասխան են մնում, կոնդեցիները լռում են և նման հարցերը համարում խիստ քաղաքականացված: Ս. Հովհաննես եկեղեցու մոտից դեպի մզկիթ տանող ճանապարհին կարող ես նոր կառույցների հանդիպել: Կոնդեցիներից ոմանք էլ ասացին, որ եթե ուրիշ տարբերակ չկա և թաղմասը չի պահպանելու իր հին տեսքը, ապա Կոնդում  ուրիշ տանը բնակվելը ինքնախաբեություն է, երբ քո սիրելի թաղից մնում  է միայն անունը: Ի տարբերություն տարեցների` երիտասարդներն այնքան էլ չեն ժառանգել հին երևանցի լինելու հպարտությունը և շեշտը դնելով անհարմարությունների վրա` բողոքում են: Օրինակ` տրանսպորտային միջոցների հետ կապված խնդիրներ կան, մինչ կանգառ հասնելը երկար պետք է քայլեն: Իսկ կոնդեցի հարսներն էլ հոգնել են ջուր կրելուց  և ամեն անգամ  աղբյուրի մոտ, մինչ կլցվի  դույլը, երազում են նոր  բնկարանի մասին, որտեղ ամեն աստծո օր  ծորակից ջուր կհոսի:Տարեցները տխրելով են նշում այն փաստը, որ այսօր Կոնդում կոնդեցիներն օր օրի նվազում են: Փոխարենը քաղաքի այլ մասերից Կոնդ տեղափոխվածները շատ են: ՙԴրանք Կոնդի համն ու հոտը չեն հասկանա՚,- բողոքում է Վարուժան պապը:Քանդել այն տները, որոնց ամեն քարի մասին կոնդեցիները մի-մի պատմություն ունեն, նշանակում է քանդել այն հիշողությունը, որով շնչում և դեռ ապրում է Կոնդը: Այսօր ես կարող եմ արթնանալ ու քայլել այն բակերով, որով պապս ու հայրս են մի օր քայլել, և ուզում եմ, որ վաղը իմ երեխան էլ ունենա այդ հնարավորությունը:Ահա այսպիսին է Կոնդը, որտեղ հայրս երիտասարդ տարիներին աղունիկ է պահել, որի արժեքը  կարող է հասկանալ միայն նա, ով իր հոգում երկինք ունի…Կոնդեցի ղուշբասներն ունեն այդ երկինքը…
Մանե Գրիգորյան

Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply