Երեք սերունդ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 19, 2011 14:33

Գունապաշտությունն է նկարչի հավատքը…

Այս անդրադարձը նկարիչների մասին է, որոնց նկարներում կյանքի առեղծվածի բացահայտման փորձերն են  միահյուսված ընդելուզված գունային տրմադրությունների հետ:

Բնանկարների վարպետը. Մաքսիմ Գիքինյան

Բնության ու մարդու  նկատմամբ հարգանքը, սերը, որ ունի Մաքսիմ Գիքինյանը կյանքում, արտահայտված է նաև նրա նկարներում: Բավական է բնության մի հարազատ մասնիկ միայն, որից կներշնչվի նկարիչը: Նրա նկարներում իր ծննդավայրի` Լոռու հեքիաթային աշխարհն է. մարդկային անմեղության ջինջ երազանքը իրենց մեջ թաքցրած գետերը, հպարտ ու վեհ սարերն ու լեռները: Բնապատկերների ոգեղեն շարունակությունը կարող ենք տեսնել նաև նրա դիմանկարներում. տարբեր ճակատագրեր, բնավորություններ, ծանոթ ու անծանոթ դեմքեր:

Ճանապարհ դեպի արվեստի աշխարհ

Մաքսիմ Գիքինյանը ծնվել է 1949 թ. Կիրովական (այժմ Վանաձոր) քաղաքում:  Հայրը շինարար էր, մայրը` մետաքսի գործարանի աշխատակցուհի: Բազմանդամ ընտանիքում մեծանում էր 8 երեխա: Ամենամեծը Մաքսիմն էր, որ հետագա տարիներին հենց մեծին հատուկ շրջահայացությամբ և հոգատարությամբ առաջնորդում էր իրենից կրտսեր քույրերին և եղբայրներին:

Մաքսիմ Գիքինյանը 4-րդ դասարանում արդեն նկարչությամբ էր գերվել. սկսում է արտանկարել դասագրքերի պատկերները: Դպրոցում նրա ամենասիրելի առարկան է դառնում նկարչությունը: Ջրաներկեր, մատիտներ, նկարչական այլ պարագաներ ձեռք բերելու համար ստպված է լինում մոտակա անտառներից հատապտուղ հավաքել ու վաճառել:

Նկարիչն արվեստի աշխարհ տանող  ճանապարհն անցնում է ինքնուրույն: 7- րդ դասարանում դպրոցական ընկեր Վանիկ Մանուկյանի խորհրդով ընդունվում է հայրենի  քաղաքի մանկապատանեկան նկարչության դպրոցը: «Առաջին ուսուցիչս Խաչիկ Կարապետյանն էր: Ուսումնառությանս այդ տարիները հետաքրքիր ու հարուստ էին. արշավներ մոտակա գյուղեր, քաղաքներ, արկածներ»,- ջերմ ժպիտով հիշում է նկարիչը:

Բանակային ծառայությունից հետո նկարիչն ընդունվում է Վանաձորի քիմկոմբինատ որպես բանվոր, ավարտում կիսատ թողած նկարչական դպրոցը և իր վարպետի` Խ. Կարապետյանի հետ գնում Երևան: Վարպետի միջնորդությամբ   էլ  ընդունվում է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի գեղարվեստի բաժին: Դիպլոմային աշխատանքը  «Ընտանեկան դիմանկար» կոմպոզիցիան էր, որում իր մայրն ու քույրերն էին պատկերված.  ղեկավարն էր Ֆելիքս Գուլանյանը: Նա մինչ օրս մեծ երախտագիտությամբ է հիշում իր բոլոր մանկավարժներին` Անժիկ Սարգսյանին, Ելենա Աբրահամյանին, Ֆելիքս Գուլանյանին և այլոց: Ուսումն ավարտելուց հետո մի տարի աշխատում է մարզում, ապա 1976 թ. վերադառնում հայրենի եզերք: Այստեղ կարճ ժամանակահատված աշխատում է իբրև նկարիչ: Տեղի նկարիչների հետ մասնակցում է բազմաթիվ նկարչական ցուցահանդեսների: Շուտով կյանքի նոր շրջադարձը` ամուսնությունը, նրան տանում է Արարատ գյուղ: Սկսում է նկարչություն դասավանդել Վեդի, ապա Արարատ քաղաքներում:

«Սիրում եմ իմ գործը»

Այժմ Մաքսիմ Գիքինյանը չի դասավանդում, բայց նկարում է անկախ գերզբաղված առօրյայից.  «Սիրահարված եմ բնությանը. այն ինձ ներշնչում է: Սիրում եմ իմ գործը. չնկարել չեմ կարող»: Ռեալիստական գործերի կողքին նկարչի աբստրակտ գործերն են: Իսկ թեմաները շատ են. «Յուրաքանչյուր գրքի ընթերցանությունից հետո կարող է նոր թեմա ծնվել. սա թերևս այն բանի ապացույցն է, որ արվեստի ճյուղերը փոխկապակցված են»: Մաքսիմ Գիքինյանի համար նկարելը տոն է: Իսկ նրա նկարները յուրահատուկ տոն են պարգևում դիտողներին:

Կյանքի նկարիչը. Սրապիոն Դանիելյան

Սրապիոն Դանիելյանի նկարներում մարդն է, մարդեղենացած բնությունը, պատմության քառուղիներն ու հայի ճակատագիրը:

Ճանապարհ դեպի արվեստի աշխարհ

Սրապիոն Դանիելյանը նկարել սկսել է մանկության տարիներից: Ընտանիքում չեն եղել նկարիչներ, բայց արվեստի սերը փոխանցվել է նախնիներից: «Ավարտել եմ Արարատ քաղաքի գեղարվեստի դպրոցը, ապա Գեղարվեստի տեխնիկական ուսումնարանի փայտի փորագրման բաժինը (Մոնումենտում էր գտնվում):  Թերլեմեզյանում չստացվեց սովորել, նկարչությունն անպայման  ուսումնասիրելու համար ընդունվեցի այդ բաժինը: Ապա սովորեցի և ավարտեցի Գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը»,- հիշում է նկարիչը:

Այժմ մանկավարժությամբ է զբաղվում, չնայած կարծում է, որ նկարիչ-ստեղծագործողն ու նկարիչ-մանկավարժը տարբեր հասկացություններ են: Ըստ նրա` մանկավարժությունը նույնիսկ շեղում է իրեն:

«Իզմերից հեռու եմ…»

«Ինձ մոտ ամեն ինչ կա, բոլոր թեմաները` դիմանկարներ, բնանկարներ … նկարիչը նման բաների վրա չպիտի կենտրոնանա: Իզմերից հեռու եմ»,- այսպիսին է Սրապիոն Դանիելյանի վրձնի բեղուն արդյունքը: Ուսանողական տարիներից նա մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Անհատական ցուցահանդեսներով է հանդես եկել ԱՕՔՍ-ում, Ռուսական արվեստի թանգարանում, Թեքեյան միությունում:  Ի դեպ, Դանիելյանը  2010 թ. արժանացել է Վահան Թեքեյանի անվան ամենամյա մրցույթի «Լավագույն նկարիչ» մրցանակին` «Գաղթ»

գեղանկարի համար, որը Եղեռնին նվիրված  «Հայկական եռանկարի» կենտրոնական մասն է: Նկարիչն իր գործունեության ճանապարհի կեսն էլ դեռ չի հատել, բայց հասցրել է ճանաչվել ու սիրվել ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Կյանքն աղջկա աչքերով. Կարինե Գալստյան

Կարինեի նկարներում աղջկական նուրբ էությունը հաճախ է բախվում կյանքի կոպիտ ու սուր անկյուններին: Նրա նկարներում կյանքի առեղծվածն է, որը կնոջ արարչական գոյությանն է ներհյուսված:

Ճանապարհ դեպի արվեստի աշխարհ

«Նկարում եմ վաղուց. ես ինչքան ինձ հիշում եմ, նկարելիս եմ հիշում», – ժպիտով մտաբերում է Կարինեն: Նա 2001 թ. ընդունվել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանի կերամիկայի բաժինը և ավարտել 2006-ին: Առանց գեղարվեստի իրեն երբեք չի պատկերացնում: Նկարում է ամենատարբեր թեմաներով. «Սիրում եմ բոլոր թեմաները. գեղարվեստը չի կարելի փակել թեմաների մեջ. այն կյանք է, շարժում»: Կարինեն նաև մանկավարժությամբ է զբաղվում. նկաչություն է դասավանդում Արարատ քաղաքում: Հասցրել է բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցել: Աղջկական մաքուր զգացողություններն անհրաժեշտ են արդի  հայ կերպարվեստին:

 

 

Զարուհի Դիլանյան

Դիտվել է 1915 անգամ:
Print Friendly

Leave a Reply