«Պոռնոն» բանակում. սպա «տրաքացնելը» ուստավը վերացնում է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 20, 2009 18:05

banak-scanՊոռնո բառով բանակում նկարագրվում է այն վիճակը, երբ վերահսկողությունը վերացել է, ով ինչ ուզում անում է, մոտավորապես բարդակ: Պոռնոյի հականիշը ուստավն է, որի իշխանության դեպքում ամեն ինչ ավելի խիստ է ու օրենքով: Երկու վիճակներն էլ կախված են հրամանատարությունից ու ինչ որ չափով նաև զորքից:

Ցանկացած հրամանատար ուզում է, որ իր ստորաբաժանումում ուստավ լինի, քանի որ դա է իր կարիերայի գրավականը, իսկ զորքը հակառակը` պոռնո է ուզում: Եթե զորքը կարողացավ թուլացնել հրամանատարին, ուրեմն այդ ստորաբաժանումում պոռնո կմտնի: Հրամանատարին թուլացնելն ասում են՝ «տրաքավ», իսկ թուլացնելու պրոցեսին՝ «տրաքցնել», իսկ երբ վաղուց արդեն թուլացրել են, ասում են` «տրաքած ա»:

Տրաքցնում է ոչ միայն զինվորը սպային, այն տարածվում է նաև զինվորների ու սպաների մեջ՝ զինվորը զինվորին է տրաքացնում, սպան սպային, ու նաև սպան է զինվոր տրաքացնում։
Հրամանատարը երբեք պիտի թույլ չտա, որ իրեն «տրաքցնեն», ու եթե սպային ոչ մի կերպ չի հաջողվում տրաքցնել, ասում են, որ նա «ձիգ» ա: Սպա տրաքցնողները հեղինակություններն են, որոնք սպային տրաքցնում են կամ ծեծելով, կամ իրենց գաղափարներով: Մի հրամանատարի մասին ասում էին. «Ով սրան չռփում ա, յախշի ա դառնում (հեղինակություն)»: Մի հրամանատարի էլ այն աստիճան էին «տրաքցրել», որ պատուհանից շիշ էին գցում, որ ջուր բերի, կամ հերթապահը թրաշվելով էր զեկուցում, մեկի հետևից էլ ավտոմատը լիցքավորած կատակով վազում էին ու սպառնում, որ կխփեն, մեկ ուրիշից խորհուրդ էին հարցնում, թե որ խաղաքարը խաղան (կարտ խաղալ չի թույլատրվում)։ Իհարկե, նման հրամաններին այլևս ոչ ոք չի ենթարկվի:

Ուրեմն, որ ստորաբաժանման սպայական կազմը «տրաքած» է, այն պոռնո է, իսկ որտեղ «ձիգ» են` ուստավ է:
Բայց ամեն սպա, նույնիսկ տրաքածը, զորակոչից զորակոչ աճում է, ավելի է «ձգվում», քանի որ նոր զորակոչը չի տեսել նախկինում այդ սպայի ծառայությունը։ Նաև բանակի դրվածքն է փոփոխվում, ու եթե մի քանի տարի առաջ հեղինակությունը նա էր, ով սպա է «տրաքցնում», ապա հետագայում հեղինակություն սկսեցին անվանել նրանց, ովքեր սպային օգնում են:
Ցանկացած զինվոր նախընտրում է պոռնո տեղ ծառայել: Լավ զորամաս ընկնելը դեռ վերջը չէ, դեռ այդ զորամասի ներսում պետք է պայքարես լավ ստորաբաժանում ընկնելու համար (զինվորի համար լավ զորամասը պոռնո զորամասն է):

Ճամբարային հավաքների ժամանակ, որն անցկացնում էին 3 զորամասերով, շատ պարզ տարբերվում էր, թե որն է պոռնո, որը` ուստավ. մի զորամասի զինվորները չստերով ամբողջ օրը տարածքում ֆռֆռում են, մյուսինը` ամբողջ օրը շարված են, իսկ մյուսինն էլ` կամ վազում էին, կամ պառկած ժիմ անելու հրաման են կատարում։ Ուրեմն առաջինում պոռնո է, երկրորդում` ուստավ, երրորդում` «բեսամթ ուստավ» (ահավոր ուստավ է): Ուստավ զորամասի ներսում էլ համեմատական ազատություններով ստորաբաժանումները բաժանվում են ուստավի ու պոռնոյի։ Պոռնոյի և ուստավի տարբերությունը զինվորների հագուստից էլ է երեւում. եթե զորքում կան զինվորներ, որոնք սպայական գլխարկ են դնում, սպայական գոտի են կապում, սպայական մայկա են հագնում ու համազգեստը մաքուր է, ուրեմն պոռնոն է։ Ուստավում բոլորինը նույն համազգեստն է ու բոլորինը` կեղտոտ: Սակայն դա չի նշանակում, թե պոռնոյում մաքրություն է իշխում։ Ստորաբաժանումում կարող է այնպիսի պոռնո տիրել, որ կեղտոտությունից զզվես մտնել զորանոց:

Նորակոչիկը չի կողմնորոշվում, թե ինչպիսի ստորաբաժանում ընկնի, որն է «լավը», որը՝ «վատը»։ Նրան օգնում են կողմնորոշվել հին ծառայողներն ու ինֆորմացիա են տալիս, թե որտեղ ինչ տիպի սպա կա, որտեղ են ամբողջ օրը քնած, իսկ որտեղ ամբողջ օրը վազում են, ու որ ստորաբաժանում ընկնելն ինչ արժի: Ու զինվորները սկսում են զանգել տուն, ասել, թե որտեղ են ուզում ընկնեն։ Իսկ ծնողները փորձում են ծանոթներ ճարել, որ տղան իր ուզած տեղը շարունակի ծառայությունը:
Լավ տեղերը հիմնականում փոքր ստորաբաժանումներն են, ու այնպես էր լինում, որ մի ստորաբաժանումում, որը նախատեսված է ընդամենը 3-4 հոգու համար, 40 հոգի է դիմում: Ում ծանոթն ավելի «թափով» է, նա էլ կծառայի իր ուզած տեղը:

Բայց ոչ բոլոր սպաները կհանդուրժեն, որ ծանոթ խառնելով առանց իրենց տեղյակ պահելու զինվորը մտնի իր ստորաբաժանում: Եթե իրեն շրջանցելով զինվոր բերեցին, ապա սպան «անկոչ» նորեկին լավ չի վերաբերվի, ամեն մանրուքի համար նկատողություն կանի, եթե մյուս զինվորներին շատ հարցերում կզիջի, ապա նրան` ոչ, առանձնակի հակակրանքով կվերաբերվի ու ամեն ինչ կանի, որ այդ զինվորին տեղափոխեն ուրիշ տեղ:
Երբ զինվորը տեղափոխվում է այլ ստորաբաժանում, սկսում է նոր ծառայություն` իր բազում պրոբլեմներով: Շատ հեղինակություններ, տեղափոխվելով այլ ստորաբաժանում, «տրաքում» են։ Լինում է նաև հակառակը, իրենից ոչինչ չներկայացնող զինվորը, տեղափոխվելով պոռնո ստորաբաժանում, կարող է հեղինակություն դառնալ:

Լինում է, որ մի զինվոր, ծանոթ խառնելով, տեղափոխվում է մեկ այլ ստորաբաժանում, որտեղից մեկ ուրիշ զինվորի հանում են, որ տեղ ազատվի: Այդ երևույթը լավ չի նայվում, ոմանք անվանում են դա ոտակերություն, ոմանք էլ` գոյության կռիվ: Լինում է, որ ստորաբաժանումից հանված զինվորը պատասխան է պահանջում այն զինվորից, ում պատճառով նա հեռացվել է ստորաբաժանումից:
Ստորաբաժանումներից տեղափոխում են նաև չեպեիշնիկներին (օրինախախտ), սակայն այս դեպքում ոչ նրանց կամքով: Բարձր հրամանատարությունը հեռացնում է ստորաբաժանումից չեպեիշնիկին, ընդգրկում մեկ ուրիշում։ Սակայն քանի որ ոչ մի հրամանատար չի ուզում, որ իր ստորաբաժանումում չեպեիշնիկ ծառայի, հետևաբար չի ընդունում այդ զինվորին։ Հետևաբար չեպեիշնիկները մի օր մի, մեկ ուրիշ օր մեկ այլ ստորաբաժանման հետ են լինում, ու երբեմն չեն իմանում, թե որ ստորաբաժանումից են և որտեղ պետք է լինեն երեկոյան անվանականչի ժամանակ:

Բարձր հրամանատարական կազմն ամեն կերպ փորձում է պոռնո ստորաբաժանումներում ուստավ մտցնել, որի մեթոդներից մեկն է ստորաբաժանման որոշ մասը ցրել ու համալրել այլ զինվորներով:
Պոռնոյում ծառայողների բախտն ամեն տեղ է բերում: Ասենք` օրվա պատասխանատու սպան ատբոյից (քնից) հետո դրսում բռնում է ինչ-որ զինվորի, հարցնում է, որ ստորաբաժանումից ես, ու որ պարզվում է այնպիսինից, որը պոռնո է, ապա միայն ավելացնում է. «Ուրիշ ի՞նչ թերություն ունես վրադ» ու բաց թողնում: Իսկ եթե բռնացրեց ուստավ տեղից զինվոր, ապա մի լավ կծեծի, մի լավ կքրֆի, առավոտն էլ զինվորի անմիջական հրամանատարին կպատմի, որ ատբոյից հետո դրսում էր, ու մի հատ էլ հրամանատարը մի լավ կծեծի, մի լավ կքրֆի ու մեկ էլ տեսար ուղարկի կուբախտ:

Սպաներ կան, որ իրենց ստորաբաժանումում ծառայելու համար ընտրում են նորակոչիկներ: Հիմնականում ընտրում են նրանց, ովքեր իրենց զեմն են (նույն քաղաքից են կամ նույն գյուղից, Երևանի դեպքում` նույն թաղից), նաև նրան, ում թեկնածությունն իր ստորաբաժանման հեղինակությունն է տվել: Սպաներ կան, որոնք այնպիսի զինվոր են ընտրում, որը հեղինակություն չի դառնա: Լինում է նաև, որ ընտրեն զինվորի ունեցած գիտելիքներով: Օրինակ` հրետանային զորքերում ծառայելու համար պետք է մաթեմատիկա իմանաս, կապի զորքերում` ֆիզիկա և այլն:

Երբ նորակոչիկ ժամանակս մի հրամանատար մտավ լսարան ու հարցրեց, թե ով մաթեմատիկա գիտի, մի քանի հոգի վեր կացան, այդ թվում` ես: Դեռ տեղյակ չէի սպաների մակարդակից և կարծում էի, թե հեսա եռանկյունաչափությունից հարցեր կտան, բայց ավելի պարզ հարցեր եղան՝ «12 անգամ 12», «14 անգամ 14», «16 անգամ 16»։ Երեք հարցերին էլ պատասխանելով ու խեղճ տղայի հայացք ընդունելով` (աչքերս խոնարհեցի, իբր ամաչում եմ), որ հանկարծ չմտածի, թե կարող է հեղինակություն դառնամ, ընկա այդ սպայի ստորաբաժանում: Հին ծառայողներն ինձ շնորհավորում էին` «դրախտ ընգար, ապեր», «էրկու տարի պոռնո~», «ծառայությունից հետո կարաս պոռնոյով զբաղվես»:

Բայց իմ դեպքն օրինաչափություն չի, հազվագյուտ են այն սպաները, որ գիտելիքով զինվոր ընտրեն, ու բանակում ամենևին զարմանալի չի տեսնել, որ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրան ավարտած տղան հրաձիգ է. «Պիտի կապի հանգույց տանեին: Արդեն խոսացել էի իրանց հրամանատարի հետ: Հաջորդ օրը կանչեց, ասեց, որ վերևից ասել են, թե ում վերցնի»,- պատմում էր նման բախտի արժանացած բարձրագույն կրթությամբ զինվորը:

Դիտվել է 5274 անգամ:
Print Friendly

Leave a Reply