Հայաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 7, 2011 7:51

Հայաստանն ու Իսրայելը չեն մասնակցի Ստամբուլում մայիսի 9-13-ին կայանալիք ՄԱԿ-ի Առավել թույլ զարգացած  երկրների 4-րդ համաժողովին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուք Յունալը։

«Երկու երկրներն էլ հրավիրվել են, սակայն նրանք գագաթաժողովին պատվիրակություններ չեն ուղարկի»,- Յունալի խոսքերն է մեջբերում Today`s Zaman-ը։

Նշենք, որ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի  NEWS.am-ին ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի նախագահը նույնպես հրավիրվածների կազմում է, եւ  ՄԱԿ-ի համապատասխան ծառայությունների հետ  մասնակցության հարցը քննարկվում է աշխատանքային կարգով: Նա նաեւ տեղեկացրել էրի, որ Թուրքիայի իշխանությունների հետ երկկողմ հանդիպումներ առաջիկայում չեն նախատեսվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ թուրքական Zaman թերթի, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսին տեղի ունենալիք ՄԱԿ-ի կոնֆերանսին հրավիրվել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Zaman-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ մայիսի 9-13-ին Ստամբուլում տեղի ունենալիք ՄԱԿ-ի կոնֆերանսին հրավիրվել են  նաեւ Հայաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի նախագահները: Սպասվում է, որ կոնֆերանսին կմասնակցի 50-60 նախագահ եւ մոտ 100 նախարար: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հաստատել էր միայն Իսրայելի նախագահին հրավիրելու փաստը:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply