Երևանի ավագանին հաստատել է հատուկ գրանցամատյանի վարման կարգն ու ձևը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2011 14:49

Երևանի ավագանու մայիսի 3-ին գումարված արտահերթ նիստի օրակարգային հարցերի շրջանակում, քննարկվել և հաստատվել են «Հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» և «Երևան քաղաքի ու Իլ Դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագիրը հաստատելու մասին» որոշումների նախագծերը:

Ներկայացնելով «Հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետը նշել է, որ ավագանու որոշմամբ մայիսի 3-ից ուժը կորցրած է ճանաչվում  2004թ-ին ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին»ՀՀ օրենքը և ուժի մեջ է մտնում «Հավաքների ազատության մասին» ՀՀ նոր օրենքը: Հիշյալ օրենքի 15-րդ հոդվածի պահանջով լիազոր մարմինը` քաղաքապետարանը, ներկայացված իրազեկումները գրանցում է հատուկ գրանցամատյանում, որոնց վարման կարգն ու ձևը հաստատում է ավագանին: Գրանցամատյանի ներկայացված ձևը և վարման կարգը ապահովում է օրենքի բոլոր պահանջները:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ապրիլի 25-ից 28-ը Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում համագործակցության համաձայնագիր էր ստորագրվել Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև: Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը ավագանուն ներկայացնելով համաձայնագրի դրույթները` նշել է, որ այն ներառում է ենթակառուցվածքային համագործակցություն, փորձի փոխանակում տրանսպորտի, աղբի կառավարման, բնապահպանության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում:

Ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մայիսի 6-ին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply