ԱԺ-ի բակում Արտոյի համերգն էր. քաղաքական վերնախավը մնաց ճաղերի ետևում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 15, 2009 16:41

Արտասովոր էր. երեկ ԱԺ բակ էին մտնում բոլոր կամեցողները:

Բաղրամյան փողոցի այդ հատվածը սովորականից մարդաշատ էր. եթե չիմանայիր, որ Արտո Թունջբոյաջյանի ու Armenian Navy Band-ի համերգն է, կկարծեիր` 96 կամ, թե 99 թվերի կրկնությունն է`ավելի քաղաքակիրթ տարբերակով. մարդիկ ժամանում են տաքսիներով, կիսասպորտային հագուստով, խինդով ու պարող տրամադրությամբ:

19:30 պետք է սկսեր համերգը. դե երևի կանխորոշված էր, որ հազիվ էլ մինչև 20:00 մարդիկ իրար գլուխ գան:

Գունավոր բազմությունը հավաքվեց. չկային ինքնության սիմվոլ դարձած սուրծայր կոշիկներ, սև հագուստ, թզբեխ, արևային ակնոցներ, ծամոնի չփչփոց, ծուռ բերան, ոտքից գլուխ չափող հայացքներ, որոնք Հանրապետության հրապարակում կազմակերպվող համերգների անքակտելի ֆոնն են:

Երեկ մարդիկ եկել էին հաճույք ստանալու. թամաշան նրանց համար չէր: Ամեն մեկն իր հաճույքի րոպեների տերն էր. միմյանց չէին հրում, բեմահարթակն ու նստատեղերն ասդին ու անդին բաժանող ժապավենե պատնեշներին կախվել ձգտողները մի քանիսն էին`հիմնականում տատիկ-պապիկներ, որոնք հոգնել էին թոռներին ուսերին պահելուց:

Մշակութային շունչը մի քանի վայրկյանում վերածվեց քաղաքականի. Կարմիր գորգի տեղ ծառայող աղյուսածածկ արահետով սկսեց անցնել քաղաքական վերնախավը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` տանտիրոջ հայացքով, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին բնապնախարար Վարդան Այվազյանը` ամենակարող հայացքով, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը`առողջապահ հայացքով, ու այդպես շարունակ:

Հատուկ հյուրերի համար նախատեսված հանդիսատեսի աթոռները զբաղեցված էին. ետին պլանում շողում էր հաղորդավար-դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ճերմակ հագուստը. փայլքը կորավ, երբ դերասանուհին հանդգնաբար ոստիկանից պահանջեց իր հյուրերին ներս թողնել: Թողեցին:

Հանդիսատեսի մարդաորս հայացքները մարեցին. թվում էր` համերգն արդեն սկսում է: Բայց մեկ էլ ամբոխը կիսվեց. գալիս էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նա չնախընտրեց աղյուսե գորգը, անցավ ժողովրդի միջով, ժողովրդականորեն… բայց ժողովրդի ուշքն ու միտքն Արտոն էր` «պստիկ զինվորը»:

Քաղաքապետի ետևից փոխքաղաքապետերն էին` ըստ աստիճանական դասակարգման, հետո` վարչության պետեր ու թիկնապահներ:

Բեգլարյանն էլ տեղավորվեց:

Նարնջագույն, կարմիր, դեղին հագուստով նվագախումբն Արտոյի հետ բեմ բարձրացավ. մարդկանց դեմքերը դեռ սառն էին: «Հեսա Արտոն կտաքացնի ժողովրդին»,-ասում էին գործից հոգնած, բայց հոգնությունը թոթափելու հույսով հավաքվածները:

Մի քանի նոր կատարումներին հաջորդեց «Կարմիր թռչուն»-ը, «Ախպեր ջան, տունը մեկը չկա»-ն. ամբոխը տաքացավ:

Ոմանք նստել էին խոտերին ու վայելող հայացքով տարուբերում էին գլուխները, ոմանք հավասար ձայնակցում էին:

Բեղավոր մի մարդ ձեռքերը դրել էր գլխի տակ ու անրջում էր. նրա պես էլի կային:

«Արարա~տ, մերին սիրուն Արարատ»-ը հնչեց: Սպասված էր: Տաք ամբոխը շուրջպար բռնեց. բոլորը հայ էին, ու Արարատը` իրենցը:

«Պստիկ զինվոր մըն եմ, ախպեր» վերջին երգով Ազգային Ժողովը սկսեց մտնել իր իրավունքների մեջ: ժողովուրդը հեռացավ.քաղաքական վերնախավը մնաց ճաղերի ետևում:

Դիտվել է 2359 անգամ:
Print Friendly

Leave a Reply