Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը. մոլորված վավերագրականի ու դրամատիկականի սահմանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 15, 2009 16:19


051

Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի գլխավոր հերոս գոմեշը

«…երբ Շահումյանից և այլ տեղերից Հայաստան եկան փախստականները, նրանք բերեցին իրենց հետ նաև ընտանի կենդանիներին: Գալիս էին հույսով, որ մոտ ժամանակները վերադառնալու են իրենց տները, իրենց գյուղերը: Սակայն դա տեղի չունեցավ, իսկ հիշողության ճանապարհը արգելափակված է փշալարերի մի քանի շարքերով, զինված սահմանապահներով: Եվ ստեղծվեց մի տևական իրավիճակ, երբ մարդիկ, չկարողանալով ընտելանալ տեղանքին, հնարավորություն չունեն նաև հասնելու իրենց երանելի վայրը: Ֆիլմում այդ անել կացությունից ազատվելու փորձերն արտահայտվում են գլխավոր հերոսի փախուստներով»:
«Իմ հիմնական կռիվը սահմանների դեմ է: Ես գտա այդ խնդրի կինոլուծումը գոմեշի միջոցով: Նա է գլխավոր հերոսը»:

«…շատ բարդ էր նկարահանել նրա փախուստները: Նա փախչում էր, երբ ուզում էր: Մեզ մնում էր միայն հետևել նրա ցանկությանը, միշտ պատրաստ լինել, վազել, նկարել»:
Կինո ամսագիր, Ամառ 2008

Ահա Հարություն Խաչատրյանն այսպիսի տողերով է նկարագրում իր ֆիլմի՝ «Սահման»-ի թեման, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ վերջին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի օրերին: Եվ այս տողերից մարդ շատ ավելի բան է հասկանում ֆիլմի մտադրությունների մասին, քան ամբողջ ֆիլմը դիտելիս: Դիտում ես մոտ մեկուկես ժամ տևողությամբ ֆիլմը և տեսնում ես գոմեշին գոմից դուրս քաշելիս մարդիկ, որոնք քայլում են, նայում են, կով են կթում, սեղանի շուրջ նստած ուտում են ու կենաց խմում, հարսանիք անում ու ամեն դեպքում լուռ են, չեն խոսում: Չգիտենք այդ դաշտերն ու տարածքներն ուր են, մարդիկ ուր են գնում, և ինչու ոչ ոք չի խոսում: Մարդկանց լռությունը, հատկապես մի ֆիլմում, որ հրապարակ է գալիս ռեալիզմի հավակնություններով, լուրջ թերություն է: Այն պատկերը դարձնում է ոչ համոզիչ և դժվարացնում հանդիսատեսի կապը ֆիլմի մարդկանց հետ:

Ինչ վերաբերում է ռեժիսորի այն պնդումին, որ գոմեշի փախուստներն իրական փախուստներ են և ոչ թե բեմադրված, և որ նրանք պատրաստ են եղել և սպասել են այդ իսկական փախուստներին, քանի հետաքրքիր հարցեր կարելի է առաջ քաշել: Նախ այն, թե որտեղից է նրան պարզ եղել գոմեշի փախուստի դրդապատճառը, որ գոմեշի նպատակն է եղել անցնել սահմանը և վերադառնալ հայրենի տուն: Չէ որ դժվար է մուտք գործել կենդանու գլխի մեջ, և ոչ էլ նա խոսում է, որ նրանից հարցնես՝ ինչու է փախչում:

Երկրորդ՝ ֆիլմի պատկերներից պարզ չէ գոմեշի փախուստը դեպի ուր է, և այդ դրվագները տակավին այնքան դրամատիկ և ազդեցիկ չեն, ինչքան պատմում է Խաչատրյանն իր հարցազրույցում: Մի խոսքով, եթե նույնիսկ համոզվենք, որ սրանք իրական փախուստներ են, դրանց նկարահանումը զուրկ է զգացական լիցքավորումից: Նման ենթադրյալ շարժառիթներով փախուստներ կարելի էր նկարահանել ավելի ազդեցիկ, եթե դրանք «բեմադրվեին»:

150709-2311

«Մոսկվա» կ/թ, «Ոսկե ծիրան»-2009 փառատոնի օրերին

Վերջին հաշվով սահմանների դեմ կռիվը, որի մասին խոսում է Խաչատրյանը, նրա գաղափարն ու մտահղացումն է, ոչ կենդանու, և նա կարող էր դա ստեղծել ավելի ազդեցիկ ձևով՝ օգտվելով կենդանուց որպես միջոց: Նա արդեն այդ բանն անում է, երբ կենդանու գլխի և աչքերի խոշոր կադրերն օգտագործում է ուր հարկն է, և հույս ունեմ՝ նա չի հավակնի, որ այդ խոշոր պատկերներն ամեն տեղ հենց կենդանու իրական ռեակցիաներն են նկարագրվող դեպքերի նկատմամբ: Դրանք մեծամասամբ նկարվել են զանազան վայրերում ու պայմաններում և մոնտաժի ժամանակ իրենց տեղն են գտել ֆիլմի կառույցում:

Նույն առնչությամբ մի ուրիշ հարց: Եթե երկու տարի վազք է պահանջվել՝ նկարելու իրական փախուստներ (որ, ի դեպ, ինչպես ասացի, հանդիսատեսի համար այնքան էլ կարևոր չէ դրանց իրական լինելը), արդյոք ֆիլմի վերջին հարսանիքն ու հատկապես հրդեհն էլ իրական են, թե կազմակերպվել են հատկապես ֆիլմի համար: Եթե դրանք հատկապես ստեղծվել են ֆիլմի համար, սկզբունքորեն ինչու չպիտի նույնն արվեր փախուստների համար:
Եվ, ի վերջո, եթե սահմանի հարցն է ֆիլմի իսկական հարցը, ֆիլմի մեծ թվով դրվագներ ու պատկերներ ոչ մի կապ չունեն այդ մտքի հետ և կարելի է հանել:

Սա կես-վավերագրական ֆիլմի հիմնական դժվարությունն է. իրական կյանքն անպայման չէ, որ ավելի լավ է ներկայացնում իրականությունը, հատկապես եթե ֆիլմը դրամատիկական կառույց ունի, սակայն նկարահանված դեպքերը մեծամասամբ ոչ դրամատիկ, առօրյա դեպքեր են, և ռեժիսորը հանդիսատեսին չի տալիս նվազագույն ինֆորմացիան տեղերի, դեպքերի ու մարդկանց մասին:

Մի քանի բառ էլ «Ոսկե ծիրան»-ում, Մոսկվա կինոթատրոնում ֆիլմի ցուցադրության մասին: Նախքան ֆիլմի ցուցադրությունը բեմ են բարձրանում փառատոնի կազմակերպիչները և գովասանքի խոսքեր ասում ֆիլմի և դրա պատրաստողների մասին, հետո մի ռուս կինոգետ է բեմ ելնում և նույնպես գովում է ֆիլմը -ևԽաչատրյանին, ի վերջո բեմ է հրավիրվում ինքը ռեժիսորը, ով քննադատում է ֆիլմի քննադատներին և խոսում աշխարհով մեկ ֆիլմի ձեռք բերած մրցանակների մասին: Այսպիսով, արի ու մի սիրիր ֆիլմը: Եթե ձանձրանում ես, եթե զգում ես՝ ֆիլմը մոլորված է վավերագրականի և դրամատիկականի սահմաններում, եթե ուզում ես դուրս գալ կինոդահլիճից, ապա իմացիր, որ դա վերաբերում է ոչ թե ֆիլմի թերություններին, այլ քեզ. այսպես է ստացվում ֆիլմի ցուցադրությունից առաջ ամբողջ արարողությունից:

Հեղինակը՝  55-ամյա Ռոբերտ Սաֆարյանը ծնվել է Թեհրանում։ Ուսանել է կինո, պարսկերեն ու գրականություն։ Ճանաչվել է Իրանի 10 լավագույն կինոքննադատներից մեկը: Թարգմանել է Քրիստիեն Մետցի «Կինոյի նշանաբանությունը» և Դեյվիդ Բորդվելի ու Քրիստիան Թոմսոնի «Կինոյի պատմություն» գրքերը անգլերենից պարսկերեն։ Նկարել է վավերագրական ֆիլմեր: Նրա «Թեհրանը լուսանկարներում» ֆիլմը այս տարի ցուցադրվեց 6-րդ «Ոսկե Ծիրան» փառատոնում։ Թեհրանում հայերեն հրատարակվող «Հանդես գրականության և արվեստի» եռամսյայի խմբագրական կազմի անդամ է և «Հույս» երկշաբաթաթերթի խմբագիր։
Դիտվել է 3531 անգամ:
Print Friendly

Leave a Reply