Վիշապասարի կանչը. գիրք Նախիջանի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 14, 2011 11:38

Ռուսերեն լույս է տեսել արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս,  Գրողների և Ժուռնալիստների միության անդամ Արտակ Վարդանյանի «Վիշապասարի կանչը» էսսեների, հրապարակախոսական հոդվածների  ու պատմվածքների ժողովածուն, որն ամբողջությամբ նվիրված է Նախիջևանին:

Վարդանյանի մանկությունն ու վաղ պատանեկությունն անցել են Նախիջևանի վերջին հայաբնակ բնակավայրերից մեկում՝ Ազնաբերդում: Եվ նախիջևանյան թեման նրա ստեղծագործություններում միշտ առանցքային է: Նախիջևանը հայաթափվել է նրա աչքի առաջ: «Ազնաբերդ. Նախիջևանի վերջին ամրոցը» աշխատության մեջ, օրինակ, հեղինակը գրում է, որ  1918 թ.Նախիջևանի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին, սակայն այսօր այնտեղ գեթ մի հայ չի ապրում:

Գրքի հիմնական նպատակն է՝ մեկտեղել վերջին տարիներին նախիջևանյան թեմայով լույս տեսած հեղինակի բոլոր գործերը:

Ինչո՞ւ ռուսերեն: «Որովհետև տեղեկատվական դաշտում այդ թեմաների նկատմամբ ռուսալեզու ընթերցողի համար մեծ հետաքրքրություն կա,- ասում է  Արտակ Վարդանյանը,- և, վերջապես, Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի ողբերգական ճակատագիրը օտարներին հասու դարձնելն է, որը, կարծում եմ, կնպաստի  Արցախի հիմնախնդրի առավել ճիշտ ընկալմանը»:

Գրքում զետեղված գործերի 70 տոկոսը ընդգրկված է հեղինակի նախորդ՝ «Արմատ» ժողովածուում:

Գիրքը շատ բարձր է գնահատում Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը. «Աշխարհում կան արժեքներ, և կա ճշմարտություն,- ասաց նա,- ես ուզում եմ ազգային արժեքների և ճշմարտության հաղթանակի ուղեծրի մեջ դիտարկել Վարդանյանի գիրքը: Այն լսելի է դարձնում մեր դարավոր վշտի, ցավի ու տառապանքի ձայնը»:

«Վիշապասարի կանչը» գիրքը տպագրվել է արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի մեկենասությամբ:

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply