Սպա-զինվոր հավերժ հակամարտություն. «հրաման չկատարելը պատվաբեր է»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 14, 2009 16:52

d0b1d0b0d0bdd0b0d0ba«Ով ճաշարան չգնա, բի տղա ա» կամ «ով սամավոլկա գնա, բի տղա ա». այսպիսի արտահայտություններ արտաբերող սպան կարող է պատժվել, իհարկե, կախված այն բանից, թե ինչ զորամասում է ծառայում:

Թեև զինվորը կարող է այնպես մեկնաբանել քֆուրը, որ այն իրեն չվերաբերի (տվյալ օրինակներում` գնա ճաշարան, բայց չգնա սամավոլկա), բայց, միևնույն է, եթե որևէ մեկի վրա նման քֆուր են դրել, նա անպայման պիտի քայլեր ձեռնարկի դրանից ազատվելու համար, որովհետև նման քֆուր «ֆռցնելն» արդեն իսկ մեծ վիրավորանք է:

Եթե զորամասը քաղաքի մեջ է, սպան կվախենա զորքի վրա քֆուր դնել, քանի որ կարող են քաղաքացիական կանչել նրա վրա։ Սպան քաղաքացիական կյանքում իրեն դրսևորում է որպես «կարգին տղա», իսկ քֆուր «ֆռցնելը» «կարգին տղա»-ի արարք չի։ Քաղաքացիականները նրան կընդունեն որպես «բոզ» (մատնիչ), բազմապիսի քֆուրների կարժանացնեն և լավ ծեծ կտան։ Իսկ նա քաղաքացիականների դեմ ոչինչ չի կարող անել, քանի որ նրանց վրա իշխանություն չունի:

Սակայն քֆուր «ֆռցնելու» դեպքում զորքի հույսը միայն քաղաքացիականը չի։ Շատ դեպքեր են եղել, երբ նման արտահայտությունից հետո զորքը ծեծել է սպային ու փախել զորամասից: Եղել է՝ վաշտ է փախել, եղել է՝ գումարտակ, եղել է` մի ամբողջ գունդ` կախված նրանից, թե զորքի որ մասին է վերաբերում սպայի թույլ տված արտահայտությունը։

Հետո սպայական կազմը սկսում է խնդրել, որ զինվորները հետ գան։ Երբ հետ են գալիս, անձնակազմի միջից ընտրում են կազմակերպիչներ, ուղարկում կուբախտ, իսկ եթե նրանք կոչումներ ունեն (կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, ավագ), աստիճանազրկում են մինչև շարքային: Զորամասից փախչում են նաև այն դեպքում, երբ սպան զորքին գառլախ (գառլախը տե՛ս «Անկախ»-ի 2-րդ համարում) տարածք է տալիս, որ մաքրեն:

Երբ սպան «ծնող է քրֆում», զինվորը կարող է ձեռքին ընկած հարմար բանով խփել ու մինչև անգամ սպանել սպային։ Նման դեպքերի պատճառով շատ զինվորներ են դատվել:

Եթե որևէ մեկի դուխը չի հերիքում սպային պատժելու համար, իրեն զգում է չափից դուրս նվաստացած և կոտրված, որ չի կարողացել իր ծնողների պատիվը պաշտպանել, ու այդ վիճակից ազատվելու ելքը համարում է ինքնասպանությունը: Այս դրդապատճառով ինքնասպանության փորձեր հաճախ են լինում։

Ավելի քիչ նվաստացուցիչ է, եթե սպան ոչ թե ծնողին, այլ զինվորի անձին վերաբերող քֆուր է տալիս։ Եթե զինվորը ոչ մի քայլ չձեռնարկի, ուրեմն հաստատ սպան կշարունակի հայհոյանքները:

Ես չեմ հանդիպել որևէ զինվորի, որ սպայի հետևից քֆուր չտա (բացառությամբ մի հավատացյալի, որ ընդհանրապես քֆուր չէր տալիս): Զինվորներն ամեն տիպի քֆուր սպայի հասցեին տալիս են, նույնիսկ այնպիսին, որ կարող է մոտդ սրտխառնոց առաջացնել. «Որ սովորական քֆուր ես տալիս, սիրտդ չի հանգստանում, որ մի հատ հավեսով մեր ես քրֆում, հանգստանում ես»,- ասում են զինվորները:

«Լեզուն օձին էլ բնից կհանի» արտահայտությունը բանակում՝ լեզուն զինվորինն է, օձը` սպան: Զինվորսպա անվերջ հակամարտության մեջ պիտի կարողանաս այնպես խաբել սպային, որ չհասկանա, թե խաբում ես։ Լեզուն նաև օգտագործվում է սպայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, որը թեթևացնում է ծառայությունը։ Եթե սպայի հետ լավ ես, ինչոր բան խնդրես, կընդառաջի, չի խփի, չի քրֆի, վերակարգ (նարյադ) կնշանակի այնտեղ, որտեղ ուզես, կամ ընդհանրապես չի նշանակի:

Սպան ամեն կերպ ուզում է, որ զինվորն իրեն ենթարկվի, կատարի իր հրամանները, իսկ զինվորն ուզում է` ինչքան հնարավոր է խուսափի հրամաններից: Ինչքան բարձր է սպայի կոչումը, այնքան դժվար է շրջանցել հրամանները:

Ինչքան շատ հրաման չես կատարում, այնքան շրջապատում հեղինակությունդ բարձրանում է, ու ինչքան քիչ սպայի ես պատվի առնում, այնքան «կռուտոյ» ես: «Ես մենակ շտաբի պետին ու պալկային (գնդի հրամանատար) եմ չեստ տալիս». նման գլուխգովանություններ շատ են հանդիպում:

Լեյտենանտների ու ավագ լեյտենանտների հետ լեզու գտնելն ամենահեշտն է։ Նրանք նոր են դուրս եկել ռազմական ուսումնարանից, որտեղ ծառայությունը գրեթե չի տարբերվում զինվորականից, և նրանք էլ դեռ շարժվում են զինվորի մտածելակերպով ու գաղափարներով:

Նրանց դեռ կարող ես ասել. «Դե գիտենք` դու ես, դրա համար արխային ենք» կամ` «կարգին տղա ես, ի՞նչ մի չեստի բազար ես անում»:

Եթե սպային պատվի չես առնում (չեստ չես տալիս), նա հետ կկանչի ու կպահանջի, որ նորից անցնես չեստ տալով: Այսպես վարվում են հիմնականում բարձրաստիճան սպաները։ Ուրիշները չեն պահանջում, միանգամից խփում են: Զինվորը, եթե պատիվ առնի ու անցնի, ոչ մի պրոբլեմ էլ չի ունենա: Դու բանակում ես ու պիտի ենթարկվես այդ օրենքներին։ Բայց զինվորն այդպես չի մտածում, նա «զապադլո» է համարում բանակի օրենքներին ենթարկվելը ու պատիվ առնելուց միշտ խուսափում է, ճանապարհը փոխում, երբ դիմացը սպա է հայտնվում: Բայց կան սպաներ, որ զինվորի պես են մտածում, ու նրանց պատիվ տալուց իրենք պատվի չեն առնում, որը նվաստացուցիչ է զինվորի համար: Սպա էլ կա, ում պատվի առնելուց հաճույք էիր ստանում իր պատիվ տալու ձևից ու զինվորի նկատմամբ ունեցած ուշադրությունից:

Լեյտենանտների ու ավագ լեյտենանտների մասին ցանկացած զինվոր կասի. «էսօր կարգին տղա են, վաղը կտրաքեն», այսինքն, նրանք էլ կնմանվեն մնացած սպաներին, երբ կոչումները բարձրացվեն: Երբեմն զինվորներն են պատճառ դառնում, որ սպայի վերաբերմունքը փոխվում է, երբ պարբերաբար խախտումներ են անում ու սպայի վրա խոսակցություն բերում:

Բայց ավելի հաճախ սպան, նոր կոչում ստանալով, սկսում է հետևել կարիերային ու զինվորի նկատմամբ վերաբերմունքը խստացնում է: Սպաները, հատկապես կապիտանից փոխգնդապետ դառնալով, սկսում են չափից դուրս խիստ վերաբերվել զորքին: Երբեմն կարող են անտեղի ծեծել զինվորին, գրքերը վառել:

Կան նաև «զինվորսպաներ». սպան ընտրում է զորքի միջից հեղինակություններին ու կարգում է իրեն օգնական։ Նա զբաղվում է զորքի «վեր կաց»-ով, ճաշարան տանելով, հետևում է, որ տարածքները մաքուր լինեն, եթե որոշ թույլ զինվորներ չեն ենթարկվում, ծեծում է: Եթե նա շարքային կոչում ունի, այն բարձրացնում են:

«Զինվորսպաներ» ոչ բոլոր զորամասերում կհանդիպես, քանի որ նրանք հարգված չեն:

Երբ նման զինվորին հարցնես, թե ինչու է զորքի հետ սպայի պես վարվում, նա կպատասխանի. «Ես իրանց մասին եմ մտածում»։ Իսկ եթե զորքից որևէ մեկն ինչոր կարգ է խախտում (ուշանում է շարքից, ճաշարան չի գնում, «վեր կաց»-ին չի արթնանում, մարմնամարզությանը չի մասնակցում և այլն), կասի. «Խի՞ պիտի քո պատճառով իմ վրա խոսակցություն գա»։ Այդ զինվորների շահն այն է, որ ստանում են որոշ արտոնություններ. ստանում են սենյակ, «վեր կաց»-ի ժամանակ քնում են, ազատվում են վերակարգերից և այլն:

«Զինվորին պետք է վերաբերվել խիստ և միաժամանակ հոգատար». որոշ սպաներ այս նախադասությամբ իրենց ենթականերին ուզում էին սովորեցնել, թե ինչպես վարվեն զինվորների հետ: «Խիստ»-ի մեջ մտնում է զորքին չլելը, ծեծը, կուբախտ ուղարկելը, արձակումներից (ուվալնենի) ու արձակուրդից զրկելը, արտահերթ վերակարգ նշանակելը և այլն: «Հոգատար»-ը կարող է արտահայտվել մեդալով, շնորհակալագրով պարգևատրմամբ, երբեմն ազատ արձակելով, բայց ոչ արձակուրդի ձևով, որ ծանոթով է տրվում կամ փողով:

Կան սպաներ, որ կարգ խախտող զինվորին միայն ծեծում են ու երբեք կուբախտ չեն ուղարկում, կան այնպիսինները, որ ևծեծում են, ևկուբախտ ուղարկում։ Քիչ են միայն օրենքով շարժվողները, որ միայն կուբախտ են ուղարկում: Սպաների մեծ մասն իրեն համարում է «կարգին տղա» ու կուբախտ չի ուղարկում, քանի որ համարվում է, թե «կարգին տղեն» ոչ մեկին ոստիկանի ձեռքը չի տա:

Շատ էին լինում դեպքեր, երբ որդուն այցելելու համար ծնողները 300 կմ անցնում էին, սակայն, հրամանատարը թույլ չէր տալիս, որ նույնիսկ տեսնեն իրար։

Զորացրվելուց հետո շատերն ուզում են որոշ սպաներից հաշիվները մաքրել: Մեկն ասում էր. «Սրան, որ Երևան տեսնեմ, խաբելու եմ` իբր տանում եմ պատիվ տամ, ու նենց եմ ծեծելու, որ փոշմանի` աֆիցեռ ա դառել»: Բայց զորացրվելուց հետո մոռացվում է ամեն ինչ, և քչերն են իրենց որոշումն իրագործում։

Դիտվել է 3022 անգամ:
Print Friendly

Leave a Reply