Հայ կինը պահանջում է “նաիրյան ” բարդույթի աբորտ

ԷՍՍԵ | | April 11, 2011 18:26

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստվում ենք իրականացնել ցույցեր, երթեր, ընդհուպ մինչև սպառնալիքներ, որպեսզի օրինական ճանապարհով թույլատրվի հայ կնոջը աբորտ անել «նաիրյան դալար բարդու» բարդույթը:

Ընդգծում եմ` կնոջ հայ տեսակը,  որովհետև այն առանձին տեսակ է աշխարհի կանանց մեջ: Հայերս ունենք ամեն ինչի հայկականը. հայկական ուղեղ, հայկական մտածելակերպ, ազգայանականության ու վարքագծի տիպիկ հայկական ձևեր, բայց սա  ցանկացած ազգի մեջ դրսևորվող ազգայինը չէ , որովհետև ազգայինը համամարդկայինն է`հարմարեցրած ազգային առանձնահատկություններին. հայերիս մեջ հայկականը հակահամարդկայինն է, հակաբնականը   ու ամենակարևորը` թուրքական հակաթուրքականը ու հեթանոսաիսլամական  քրիստոնեականը: Այսինքն` հայկականը ստեղծված է մերժման սկզբունքի վրա:

Հայ կին ասելով` այսօր հասկանում եմ երկու տեսակ` միջին վիճակագրական հայ եվաներ և  իսահակյանական լիլիթներ:

Միջին վիճակագրական, ազգությամբ հայ եվաները Վարդան Մամիկոնյանից մինչ 2011թ. փոփոխություն  չկրելու կուռ, ”հարգանքի արժանի” կամք ունեն` նույն պասիվ, ենթարկվող, դեպի ընտանիքը կողմնորոշված, համեստ, սև, հարմարվող, նույն ամուսնու կողոսկրից ստեղծված լինելու  առասպելն ուղիղ ընկալող էակն է: Այս էակը  կրկին բացառիկ է. եթե ամբողջ քրիստոնյա աշխարհի կանայք ունեն օժանդակ լինելու նվազագույն հնարավորություն , բայց կին լինելու առավելագույն պահանջ, ապա հայ կնոջ յուրահատկությունն այն է, որ նա ունի առավելագույն օժանդակ լինելու հնարավորություն ու նվազագույն կին լինելու պահանջ:

Ո՞վ է ստեղծել միջին վիճակագրական հայ Եվայի կերպարը: Շուկան: Այո, շուկան… Այս էակները, ապրելով Հայստանում,  ֆեոդալական կարգերի առևտրական հարաբերությունները լավ յուրացնելով, երբ Հայաստանը աևտրական խաչմերուկ էր, հասել են XXI դար և յուրացրել կապիտալիստական շուկայական հարաբերությունները, որտեղ գլխավոր սկզբունքը առաջարկ-պահանջարկն է: Հետևաբար առաջարկ ստեղծողները  հայ ժամանակակից ադամներն են: (Ի դեպ, այսօր աշխարհում ադամները շատ թանկ են գնահատվում, քանի որ հնություն են: Երկիրը պտտվում է, և տղամարդը էվոլյուցիայի ընթացքում Ադամից դարձել է Ալ Պաչինո, Ալ Պաչինոյից`Օբամա:)

Այս ադամների պահանջարկը  “կարգին աղջիկն” է,  ու պարտադիր աղջիկ, “տան աղջիկ”, “տուն տանելու աղջիկ”,  որակավորում, որին ձգտում են համապատասխանել միջին վիճակագրական հայ եվաները, որպեսզի պահանջարկ ունենան: Եվ պոտենցիալ “գնորդները”  նույն տնական բառն  օգտագործում են գյուղից բերած մածունի, պանրի ու ձվի համար:

Սա նույնն է, երբ ընտանի կենդանի` շուն կամ կատու ենք գնում, որպեսզի մեր տունը հսկի կամ թակարդի փոխարեն մուկ որսա: Ընտանի լինելը  ենթադրում է բավարարվել քչով,  զբոսանքի տարվել օրական 2 ժամ և սնվել միայն տիրոջ ձեռքից, պոչը թափահարել , երբ տերը տուն է մտնում,  զվարճացնել, փրկել մենակությունից և այլն: Ընտանի կենդանիները չեն մասնակցում այն միջավայրի կերտմանը , ստեղծմանն ու փոփոխմանը, որտեղ նրանք ապրում են, եթե այդ միջավայրը տունն է, ապա նրանց փոխարեն այդ միջավայրը կազմակերպում ու կառուցում են կանայք, մենք կենդանիներին  այդ գործընթացին մասնակից չենք դարձնում:

Ի՞նչ է կատարվում հասարակական-պետական դաշտում: Ադամները կառուցում են պետությունը` ուղղակի և անուղղակի ընդունելով օրենքներ ու տաբուներ, իսկ եվաները մեր իրականության մեջ դրան չեն մասնակցում, բայց հարմարվում են:

Ինչո՞վ են  տարբերվում միջին վիճակագրական հայ եվաները կենդանիներից: Չափերով ու բազմաֆունկցիոնալությամբ: Օրինակ ` ըստ Քեյթ Միլլերի. «…Կինը, իր վրա վերցնելով տնային շատ գործեր , բարձրացնում  է ամուսնու աշխատունակությունը, բայց նույն բանը կարելի է ասել ձիերի մասին»:

Հայկական տարբերակը Հախվերդյանի բանող եզն է: Նույն տրամաբանությամբ Ադամը կարող էր ծառա տուն բերել, բայց քանի որ Ադամը դեռ էվոլյուցիայի չի ենթարվել ու Ալ  Պաչինո չի դարձել,  ֆինանսական մեծ եկամուտներ չունի, ապա ստիպված է բավարարվել երկուսը մեկում տարբերակով` անվճար ծառա և կին:

Փաստորեն ստացվում է, որ միջին վիճակագրական հայ Եվան  համապատասխանում է հայ Ադամի ստեղծած պահանջարկին:

Ո՞վ է ստեղծել այն աշխարհը, որտեղ ապրում են միջին վիճակագրական հայ եվաները: Ադամները:

Ինչի՞ կնմանվեր նրանց աշխարհը առանց Ադամի: Պետության առանց իշխանության:

Հետևություն: Մենք այսպիսին ենք, որովհետև այսպես են ուզել Ադամները, մենք առավոտից վեր ենք կենում, շպարվում, որ հաճելի լինենք մեր տղամարդկանց, վարում տնային տնտեսությունը, որովհետև տղամարդը աշխատանքի է և, ի դեպ, ինքն է որոշել, թե ինչ է աշխատելու և որտեղ, իսկ հայ էակ-կինը թերևս 3 տարեկանից գիտի, որ մեծանա, պիտի տուն մաքրի ու ափսե լվանա… Փաստորեն դա ընտրված է մեր փոխարեն, իսկ տղամարդն ինքն է ընտրում իր անելիքը: Միջին վիճակագրական հայ Եվան պիտի հավատարիմ լինի ամուսնուն ընտանի կենդանու նման, պոչը շարժի միայն տիրոջը տեսնելիս, ինչը նույնպես որոշել է ամուսինը: Եվան այսօր չգիտի` եթե չլինեին Ադամի արգելքները, ինքը կուզենա՞ր դավաճանել նրան, թե՞ ոչ: Քանի որ ինքը չգիտի`ինչն է իր ուզածը, ինչը` Ադամի որոշածը:

Մենք ազգովի շարունակում ենք բավարարվել ոչ թե գործընթացով ու բովանդակությամբ, երբ կինն իսկապես բավարարված է ու դավաճանել պարզապես չի ցանկանում, այլ պարտադրված արդյունքով: Այսինքն` կարևոր չէ` ինչու ու ինչպես, կարևորը  արդյունքն է:

Ադամները որոշում են թե՛ իրենց, թե՛ միջին վիճակագրական հայ եվաների փոխարեն: Բայց խնդիրն ադամների արխաիկ կերպարը չէ: Խնդիրը եվաներն են, ովքեր իրենց դարձրել են տղամարդու, ավելի ճիշտ` ադամների պահանջներին համապատասխանող մի “բան” ու իրենք չգիտեն, թե իրականում ինչ է ուզում իրենց  ներսի կինը: Իսկ եթե մարդ չգիտի, թե ինչ է իր ուզածը, նա համակերպվում է եղածի հետ ու ընտրում այն, ինչ կա:

Միջին վիճակագրական հայ եվաները ուզում են այն, ինչ ուզում են ադամները` անգամ չհասկանալով դա: Որովհետև նրանք ապրում են մի միջավայրում, որն իրենք չեն ստեղծել, իրենք էմիգրանտներ են, հյուրեր, հարմարվողներ:

Իսլամական հասարակություններում, որտեղ կանայք օրենքով իրավունքներ չունեն, ունեն կանացի առավելություններ, ու կարելի է ասել, որ եթե ոչ լիարժեք մարդու, ապա գոնե կին-սիրուհու կարգավիճակ ունեն, իսկ հայ կինը օրենքով իրավունքներ ունի, որոնք, սակայն, միայն թղթի վրա են, բայց նաև չունի  սիրուհու կարգավիճակ, կամ դա կարճաժամկետ է:

Ի վերջո, Ադամի  առավելությունը ոչ թե բնական իրավունքի արդյունք կամ ձեռքբերովի է, այն հասարակության մյուս հատվածի`կանանց լռության արդյունքն է, ինչպես մեր իշխանությունների դեպքում է:

Այսօրվա  կնոջ հեղինակը Ադամն է, ում հարկավոր է Եվա: Կանայք ամեն օր ամսագրերում կարդում են հոդվածներ` «Ինչպե՞ս գրավել տղամարդուն», «10 կանոն տղամարդուն գրավելու համար», «Ինչպե՞ս հետաքրքրել տղամարդուն», բայց   դրանց մեջ գրեթե երբեք խորհուրդ չի տրվում դառնալ լավ մասնագետ, անել հաջող կարիերա կամ  դառնալ նախագահ և այլն: Արդյունքում օրական անհամար ժամեր անց ենք կացնում հայելու, ոչ գրքի առաջ, պայքարում նրանց ուշադրության, ոչ մանդատի համար, ձևանում համեստ, ոչ ազատամիտ….

Առաջա՞րկն է թելադրում: Փաստորեն ստացվում է,  որ մենք ապրանք ենք… Ինչու՞  ինքներս չենք թելադրում: Լինենք նախագահ, մանդատով, ազատամիտ  ու ինքներս  ստեղծենք պահանջարկ: Ինչի՞  համար ենք մնում նրանց գծած սահմաններում ու դրանով իսկ նրանց համար դառնում կողակից, երեխաների մայր, տնային տնտեսուհի, գործավարուհի, ամեն ինչ, բայց չենք լինում ինքներս մենք` ուղղակի կին:

Ըստ իս,- ասում է Լուսինե Վայաչյանը,- այսօր կանայք ավելի շատ ծխում են իրենց կենցաղային դարդերը փարատելու համար, կամ գուցե, ինչպես ինձ համար մի ժամանակ, նրանց համար էլ սիգարետի ծուխը զուգորդվում է ազատության հետ, քանի որ միայն դա ունեն բոլոր ազատություններից: Մենք մոռանում ենք մի հանգամանք, որ միջին վիճակագրական եվաները կարղ են ծնել միայն միջին վիճակագրականներ,  ստրուկներից ստրուկներ են ծնվում:

Կանանց մյուս տեսակ Լիլիթն է, որը ոչ թե հազարավոր տարիների պատմություն ունեցող բիբլիական կերպար է, որին ստեղծել է Ադամը,  այլ էվոլյուցիայի ենթարկված հայ պոետի  ստեղծած,  բիբլիական կարծրատիպերը կանացի տեսակով կոտրող կին, որը նախ կին է, հետո հայ, մայր, ծնող, նախագահ:

Կանանց այս տեսակը արարող-ստեղծող է, ու ոչ միայն ուղիղ վերարտադրության իմաստով: Նրանք կնոջ տղամարդու կողոսկրից ստեղծված լինելու  առասպելն ուղղակի չեն հասկանում, նրանք գիտեն, որ Աստված, տղամարդուն ստեղծելով հողից, նրան ստիպեց մնալ հողին կպած , իսկ կնոջը ստեղծեց նրա կողոսկրից, քանի որ ոսկորը համարվում է թանկ ու ազնվական նյութ:

Մեր  դիքորոշումն այն է, որ  կնոջ  նվաստացնելը նույնն է, ինչ ռասայական խտրականությունը, հետևաբար կանանց նկատմամբ բռնություն գործադրողները բռանում են հենց իրենց լիարժեք, ազատ ու ընդհանրապես մարդ կոչվելու իրավունքի վրա:

Այս կանայք կարծում են` եթե համարվում է , որ կրթված, պաշտոնով, կայացած ու հարուստ  կինը կանացի չի համարվում , ուրեմն  մենք թքած ունենք  կանացիության նման սահմանման վրա: Մեզ հարկավոր չէ նման կանացիություն: Մենք չենք ընդունում նման սահմանումներ, որովհետև ինքներս ենք  ստեղծում մեր սահմանումները,  ինքներս ենք որոշում, թե ինչպիսին պիտի լինի մեր կյանքը: Իսկ եթե կանացիությունը նույնն է, ինչ ընտանի կենդանին, շունը, տան աշխատողը, մենք հրաժարվում ենք նման կանացիությունից:

Ի տարբերություն միջին վիճակագրական Եվայի` նրանք ոչ թե գոյական են, այլ բայ: Այս կնոջ տեսակի համար միայն մարտի 8-ին տրվող ծաղիկը նույնն է, ինչ տարին մեկ դպրոցի դասատուին ուղարկվող ծաղկեփունջ, որպեսզի այդ կիսամյակ երեխային «լավ աչքով» նայեն, նույնն է, ինչ ամեն ամիս ոստիկանին տրվող կաշառքը` լռության դիմաց: Մարտի 8-ի ծաղիկները նույնն են, ինչ ամեն ամիս աշխատողին տրվող վարձատրությունը  աշխատանքի դիմաց (բայց դրսում կապիտալիզմ է ու կաթի դիմաց ծաղիկներ տալիս են միայն կաթնասուններին, աշխատանքի գինը վճարվում է ամեն ամիս ու ոչ ծաղիկներով):

Նրանք արխաիկ ադամների ստեղծած իրականության դեմ պայքարում են գործով ու խոսքով: Նրանց համար Մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքարի օրն է, որովհետև իրենք են վաստակել այդ օրը, ոչ թե տանը նստած էակները, նրանք և՛ ընկեր են, և՛ սիրուհի: Այս կանայք գիտեն` ով են, որտեղից են եկել և ուր են գնում: Նրանք ոչ միայն ունեն սիրելու ու սիրվելու բնազդ, այլև հարգելու, գնահատելու, հասկանալու  ու հարգված, գնահատված, հասկացված լինելու ունակություն:

Կանանց այս տեսակը պայքարում է արխաիկ ադամների դեմ ու նախընտրում ալպաչինոներին: Նրանք այսօր քիչ են, բայց երիտասարդ սերնդի մեջ  հետզհետե ակտիվանում ու շատանում են, ինչպես ծաղիկները  մոլախոտերի մեջ: Նրանց համար կինը գոյական չէ, քարացած վիճակ չէ, այն լինելն է, գործելը, բայը: Նրանք կրավորական ու ձևի պարագաներ չեն, նրանք մարդ են: Նրանք հավասար են ու ազատ: Նրանք չեն պայքարում տղամարդկանց հետ հավասարվելու համար, քանի որ  մտածում են.  “Հավասարությու՞ն, իսկ ինչի՞ հետ են մեզ ուզում հավասարեցնել”:

Այս կանանց հիմնական  բողոքն այն է, որ օրինական ճանապարհով թույլաատրվի հայ կնոջ          “ նաիրյան դալար բարդու”  բարդույթի աբորտը, որ մեր միջից դուրս հանենք այն (ի դեպ “նաիրյան  բարդու կոմպլեքս” հասկացության  հեղինակը Վարդան Պետրոսյանն է): Նոր հայ կանայք հոգնել են արխաիկ ադամներից, մեզ ալպաչինոներն են արժանի …

Փնտրվում է Ալ Պաչինո…

Անի ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է 8682 անգամ:
Print Friendly

Leave a Reply