Տնկվել է ավելի քան քսան հազար ծառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2011 13:56

Ապրիլի 9-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քաղաքապետը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  «Փարոսի բլուր»   կոչվող տարածքում, որտեղ, ըստ էության, մեկնարկել է նախկին անտառային գոտու վերականգնման ծրագիրը. «Պետք է հետևողական լինենք, որ անտառն ապրի»,-նշել է քաղաքապետը: Լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնելով համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին` Կարեն Կարապետյանն ընդգծել է մայրաքաղաքի մաքրության, բարեկարգ վիճակի պահպանման գործում բնակչության հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ավելի քան 20 հազար ծառ։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ծառատունկն իրականացվել է բացառապես ոռոգելի տարածքներում։ Հացենի, թեղի, թխկի, սոսի և դեկորատիվ այլ տեսակների շուրջ 3600 ծառ է տնկվել մայրաքաղաքի փողոցներում։ 4350 ծառ տնկվել է զբոսայգիներում և պուրակներում։

Առողջապահական,  նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տարածքներում տնկվել է ավելի քան 4360 ծառ: Շուրջ 2970 ծառ էլ համատիրությունների ուժերով տնկվել է բակային տարածքներում։ Նոր տնկված բոլոր ծառերի խնամքը, մինչև ոռոգման  տարեշրջանի սկիզբը, կիրականացվի ջրցան մեքենաներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ ծառատունկից բացի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ինչի համար քաղաքապետարանը տրամադրել է 55 միավոր հատուկ տեխնիկա։ Բոլոր աշխատանքներին, կոմունալ տնտեսությունների, կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցների հետ միասին մասնակցել են բազմաթիվ հիմնարկների, ուսումնական հաստատությունների աշխատակիցներ և սովորողներ։ Արձագանքելով Երևանի քաղաքապետի կոչին՝ շաբաթօրյակին ու ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև բիզնես կառույցների, միջազգային ու հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply