Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել նվիրատվությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | April 11, 2011 17:47

Նվիրատվությունը քաղաքացիական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է: Դրանով են կարգավորվում քաղաքացիների  միմյանց ինչ-որ բան նվիրելու կամ նվիրատվության խոստում կատարելու հարաբերությունները: Չնայած առաջին հայացքից հեշտ թվացող բնույթին,  այն որոշ առանձնահատկություններ ունի, որոնց իմացությունը միայն հնարավորություն կտա այն ճիշտ ձևակերպել և խուսափել անախորժություններից:

Նվիրատվության հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով: Ըստ օրենսգրքի 594-րդ հոդվածի` «նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից»:

Որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:

Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր։ Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:

Նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը համարվում է լուծված:

Օրենսգրքի 598-րդ հոդվածն արգելում է որոշ բնույթի նվիրատվությունները: Այսպես, արգելվում է՝

1) մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների  կատարած նվիրատվությունը,

2) պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին՝ նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը,

3) առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը:

Միաժամանակ օրենսդիրը նախատեսում է նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքեր, մասնավորապես` նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց, եթե պայմանագիրը կնքելուց հետո նվիրատուի գույքային կամ ընտանեկան դրությունը կամ առողջական վիճակն այնքան է վատացել, որ նոր պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում:

Իսկ 601-րդ հոդվածի համաձայն` «նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածք»:

Եթե նվիրառուն կյանքից դիտավորյալ զրկում է նվիրատուին, ապա դատարանում  նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունք ունեն  նվիրատուի ժառանգները:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 8196 անգամ:
Print Friendly

Leave a Reply