Ինտերնետային պատերազմ. Հայաստա՞նն է սիրված, թե՞ Թուրքիան, կամ «Google»-ն ինչ պիտի հասկանա Հայոց ցեղասպանություն ասելով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | August 13, 2009 15:35

glx1Հայաստանը կարող է դառնալ 2009-ի ամենաչսիրված երկիրը` ըստ համաշխարհային սարդոստայնում իրականացվող քվեարկության արդյուքների:

www.votethenation.com կայքն իրականացնում է քվեարկություն· կայքի այցելուները կարող են իրենց դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտել աշխարհի ցանկացած երկրի հանդեպ` սեղմելով «like» կամ «dislike» կոճակները: Ցուցակում ընդգրկված է աշխարհի 231 երկիր` այդ թվում` Կոսովոն,Աբխազիան, Հարավային Օսիան, սակայն չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Նույն համակարգչից հնարավոր է քվեարկել 6 ժամը մեկ` միանգամից 3 անգամ:

Ընդ որում` տվյալ կայք Հայաստանից մուտք գործելու դեպքում էկրանին հայտնվում են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի անունները` դրանց դիմաց քվեարկելու առաջարկով:

Քվեարկությունն անցկացվում է ողջ տարին, հետո որոշվում է, թե որ երկիրն է եղել ամենասիրվածը: 2008-ին աշխարհի ամենասիրված երկիր է ճանաչվել Հայաստանը` 1,349,000 քվեով: Այս տարի Հայաստանը գլխավորում է չսիրված երկրների աղյուսակը:

Երկրները դասվում են` ըստ դրական և բացասական գնահատականի, հետևաբար միաժամանակ կարող են լինել թե’ սիրված և թե’ չսիրված երկրների շարքում:

Այս տարի սիրված երկրների լավագույն տասնյակի 1-ին հորիզոնականում Աբխազիան է`շուրջ 163 հազար դրական և 8 հազար բացասական քվեներով: Հաջորդաբար հորիզոնականները բաժանում են Սերբիան, Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը: Լավագույն տասնյակը եզրափակում է Պաղեստինը:

Չսիրված երկրների շարքում 1-ին հորիզոնականը Հայաստանինն է` շուրջ 38 հազար բացասական քվե: Հաջորդում են Թուրքիան` 24 հազար բացասական քվեով, Ադրբեջանը` 21 հազարով:

Կայքում քվեարկությունը կազմակերպողների մասին որևէ տեղեկություն չկա: Սակայն արդյուքներն ուշադիր ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ այս քվեարկության անցկացումը պարզապես միջոց է, որպեսզի կայքն ունենա շատ այցելություններ, հետևաբար և մեծ եկամուտներ գովազդից:

Կայքում ակտիվ քվեարկություն են ծավալում երկրները, որոնք ունեն ինչ- որ տարածքային խնդիր կամ վեճ հարևանների հետ` օրինակ` Աբխազիա, Հարավային Օսիա, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Կոսովո, Պաղեստին, Վրաստան, Հունաստան, Մակեդոնիա:

Որպես կանոն` ամեն երկրի ներկայացուցիչ դրական է քվեարկում իր երկրի օգտին և բացասական` հարևան երկրի օգտին, որի հետ ունեն խնդիրներ:

Այսպես` Հայաստանի դեմ ուղղված ձայների 24 տոկոսը Ադրբեջանից է, 21 տոկոսը` Մեծ Բրիտանիայից, 10 տոկոսը` Թուրքիայից:

Հայաստանցիների 90 տոկոսը քվեարկել է Հայաստանի օգտնին, իսկ հայերի 51 տոկոսը քվեարկել է Ադրբեջանի և 45 տոկոսը` Թուրքիայի դեմ:

Ադրբեջանցիների 90 տոկոսը քվեարկել է հենց իր երկրի օգտին, Հայաստանի դեմ է քվեարկել ադրբեջանցիների 95 տոկոսը:

Թուրքերի 67 տոկոսը քվեարկել է Աբխազիայի օգտին, 23 տոկոսը` Թուրքիայի, 3 տոկոսը` Ադրբեջանի:

Թուրքերի 30 տոկոսը քվեարկել է Հայաստանի դեմ, 24-ը` Սերբիայի:

www.votethenation.com կայքում գործում է նաև ֆորում` յուրաքանչյուր երկրի անունով: Հայասանին վերաբերող ֆորումում թեժ պայքար է ընթանում մի կողմից հայերի և մյուս կողմից` թուրքերի և ադրբեջանցիների միջև: Յուրաքանչյուր կողմ փորձում է համոզել ֆորումի այցելուներին, որ ցեղասպանության և Ղարաբաղի հարցում իրավացին ինքն է:

Թուրքերը, սակայն, միայն ֆորումով չեն բավարարվում: «Ամերիկայի թուրքական կոալիցիա» կազմակերպությունն ինտերնետային արշավ է սկսել Google-ի դեմ` փորձելով ճնշումների միջոցով ստիպել ինտերնետ ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերությանը համագործակցել իրենց հետ Հայոց ցեղասպանության մերժման գործում· այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Google-ը, հավատարիմ մնալով իր «Մի եղիր չար» կարգախոսին, արգելափակել էր «Ամերիկայի թուրքական կոալիցիա»-ի տեղադրած գովազդները, որոնք ինտերնետում «Հայաստան», «հայ», «Հայոց ցեղասպանություն» բառերը կամ բառակապակցություները որոնելիս հղում էին կատարում Ցեղասպանությունը մերժող կայքերի վրա` բազմապատկելով դրանց այցելուների թիվը։ Թուրքական լոբբիստական այս կազմակերպությունը հանդես է եկել նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձևի ընդունման դեմ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի գնահատմամբ` «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» կողմից Google-ին Հայոց ցեղասպանության մերժման արշավի մեջ ներքաշելու ջանքերը նույնքան սխալ են, որքան մարդկության դեմ կատարած այս հանցագործությունն արդարացնելուն ուղղված նրանց ողջ գործունեությունը»:

Համբարյանը ողջունել է Google-ին` իր գովազդային քաղաքականությունը վերանայելու և «ատելություն և սուտ տարածող գովազդները» արգելափակելու համար:

Google-ը վերանայել է Հայոց ցեղասպանությունը մերժող գովազդների տեղադրման քաղաքականությունը այս տարվա հունիսին` հաշվի առնելով նաև հազարավոր ամերիկահայերից եւ իրավապաշտպաններից ստացած նամակները, որտեղ, ինչպես Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն է տեղեկացնում, նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել ընկերության որդեգրած քաղաքականության առնչությամբ:

Աշխարհի խոշորագույն ինտերնետային սոցիալական ցանցում՝ Facebook-ում, ստեղծվել էր «Դադարեցրեք Google-ում Հայոց ցեղասպանությունը մերժող թուրքական քարոզչությունը» խումբը, որին անդամակցում են 9000-ից ավելի մարդիկ։

Դիտվել է 3188 անգամ:
Print Friendly

Leave a Reply