Ադրբեջանցի հակերները շարունակում են գրոհել հայկական կայքերը

Օրվա լուր | | August 13, 2009 14:34

Ստեփան ԱսլանյանԱդրբեջանցի և թուրք հակերների` հայկական կայքէջերի վրա  նախորդ շաբաթվա պարբերաբար հարձակումները ստիպեցին տեղեկատվական համակարգի հայ մասնագետներին երկու օրում միավորվել՝ ստեղծելով «Հայակական կայքերի անվտանգության խումբ»: Դեռևս չձևավորված խմբում արդեն գրանցվել են 72 հոգի՝ ծրագրավորողներ, տեխնիկական մասնագետներ և լրագրողներ:

Հայկական կայքերի  գրոհը սկսել է նախորդ ուրբաթ օրվանից. ադրբեջանցի հակերները կոտրել ու շարունակում են կոտրել մեծամասամբ պաշտոնական կայքեր և հատկապես «am» դոմեյնում գտնվող կայքերը:

«Smart Systems» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց, որ ադրբեջանցի հակերների մեծ մասը հայտնի դեմքեր են և գործում են բացահայտ, իսկ իրենց համար պատվի ու հայրենասիրության խնդիր է միացյալ ուժերով հակերներին հարվածելը:

«Կոտրվում են ոչ միայն հայկական կայքեր, այլև այլ պետություննեերի, ուղղակի հիմնական գրոհը հայերին է ուղղված,- ասաց Ասլանյանը,- երբեմն մենք էլ ենք հարվածում, բայց սա լուրջ պատասխան չէ, պետք է անվտանգության խնդիրը բարձրացնել, ոչ թե միայն կայքի որակը»:

Նրա խոսքով՝ նոր ձևավորվող «Հայկական կայքերի անվտանգության խումբը» փորձելու է մշակել համակարգված քայլերի նվազագույն ցուցակ, որը կնպաստի նոր ստեղծվող ու արդեն եղած կայքերի անվտանգությանն ու պաշտպանվածությանը:

«Նույն հակերներն անընդհատ փորձում են կոտրել նաև մեր ընկերության հսկողության տակ գտնվող 500 կայքերից 60-ը,- ասաց Ասլանյանը,- «Smart Systems» ընկերության մասշտաբով մեր պատվիրատուների կայքերն ապահովում ենք հնարավորին հարձակումներից: Ցավալի է, որ մինչ հիմա չեմ տեսել կոնկրետ պետական մակարդակով ձեռնարկված քայլեր՝ հայկական կայքերի անվտնագությունն ապահովելու համար»:

Երկու օր առաջ ադրբեջանական հակերները կոտրել էին ՀՀ պետական եկամուտների կայքը (www.taxservice.am): Կոմիտեի պաշտոնական կայք մտնելիս  հայտնվում էր ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի լուսանկարը, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ կոտրվել էր «Արմինկո» ընկերության սերվերը, որից օգտվում էին նաև պետական մի քանի կայքէջեր, այդ թվում՝ Կառավարության:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply