Լավություն անողի գլուխը…

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 31, 2011 15:47

Օրերս regnum.ru-ում  տվյալ գործակալության կայքի համար բավական անսովոր մի լուր հրապարակվեց` «Գերմանացի կինոպրոդյուսեր. Հայաստանի կինոարտադրությունը նոնսենս է Եվրոպայի համար» վերնագրով: Խոսքը  գերմանացի պրոդյուսեր Սահար Կոշմանի և տվյալ գործակալության թղթակցի զրույցի մասին է, որում  նա խիստ քննադատության է ենթարկում Հայաստանի կինոարտադրության համակարգը և, ինչպես երևում է վերնագրից, այն Եվրոպայի տեսանկյունից համարում է անհեթեթ: Սակայն պրոդյուսերի այս բավական հեռուն գնացող կարծիքը հիմնված է ոչ թե խոր ուսումնասիրության, այլ մի առանձին ֆիլմի («Երկու աշխարհից ի հիշատակ», նախնական անվանումը` «Իմ սիրելի մայրիկ») նկարահանման հետ կապված եզրակցության վրա: Ընդ որում,  տվյալ կարծիքի հեղինակը այդ ֆիլմի համապրոդյուսերն է, ինչպես որ ներկայացված է թղթակցության մեջ:

Ահա. ըստ Սահար Կոշմանի` հայկական կինոյի ներկայիս անմխիթար վիճակը պայմանավորված է ոչ թե տաղանդների սղությամբ, այլ կինոարտադրության համակարգով, մասնավորապես` այն հանգամանքով, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը մինչ օրս կիրառում է Խորհրդային Միության մոդելը, «որով պետությունը հանդիսանում է պրոդյուսեր»: Այնուհետև թղթակցի զրուցակիցը զարմանում է, թե ինչպես կարելի է 7 ֆիլմ արտադրել միաժամանակ, երբ կենտրոնը ֆինանսական միջոցները ստանում է տարվա ընթացքում, կամ ինչպե՞ս կարելի է լուսային տեխնիկա տրամադրել նրան, ով ավելի շատ է վճարում և այլն: Եվ ամենակարևորը,  որ Կոշմանի վրդովմունքի հիմնական շարժառիթն է. «Սահար Կոշմանը հանդիսանում է ռեժիսոր Նիկա Շեկի «Երկու աշխարհից ի հիշատակ» ֆիլմի համապրոդյուսերը և զարմացած է մնացել, որ երբ գործը հասել է մոնտաժին, և Շեկը` որպես հայկական համապրոդյուսեր, դիմել է կինոկենտրոնին հետագա ֆինանսավորման համար, կենտրոնը հայտնել է, որ չի կարող վճարել մնացած աշխատանքի գումարը»,- ասվում է թղթակցության մեջ: «…Պարզվեց, որ կինոկենտրոնի ղեկավարությունն անգամ չի կարդում այն բյուջեները, որոնք ստորագրում է»,- շարունակում է Կոշմանը: Եվ վերջում եզրակացնում է. «Հարկ է հասնել ղեկավարության փոփոխության արվեստի և կինոյի ոլորտում: Ախր չեն կարող կինոյի համար պատասխան տալ մարդիկ, ովքեր պատահաբար են հայտնվել այնտեղ»,- հայտարարում է նա:

Մի քանի օր անց` մարտի 23-ին, կայքի նույն տեղում հայտնվեց հիշյալ կինոկենտրոնի մամլո քարտուղար Ռուզան Բագրատունյանի հերքումը, որում  համապատասխան փաստաթղթերի հղումներով ցույց է տրված, որ Կոշմանի հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես` հերքման մեջ նշված է, որ Կոշմանի հետ կենտրոնը որևէ պայմանագիր չի կնքել, ինչ վերաբերում է Նիկա Շեկին` մյուս պրոդյուսերին, ապա նա լիովին ստացել է այն գումարը (19 մլն դրամ), ինչը նշված է եղել նրա հետ 2010 թ. մարտի 1-ին կնքված պայմանագրում (ստացականներն առկա են, և իմիջիայլոց, պայմանագրում կինոկենտրոնը որպես պրոդյուսեր չի հանդես գալիս): Բացի այդ, ըստ ներկայացրած հայտի, Շեկը պարտավորվել է պետական ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում ապահովել ֆիլմի նկարահանման անհրաժեշտ մնացած գումարը, որի տակ ստորագրել է: Բացի այդ, հերքման մեջ հղում է արված ևս երկու փաստաթղթի, որոնցից մեկը ստորագրել է Floating Dreams Pictures ընկերության հիմնադիր և տնօրեն Սաhար Կոշմանը, մյուսը`  Mika Limited ընկերության տնօրեն Մ. Բաղդասարովը: Առաջինում Կոշմանը հավաստում է, որ նշված ֆիլմի նկարահանման համար տրամադրում է 45 հազար եվրո, երկրորդում Բաղդասարովը հաստատում է, որ Եվգենյա Շեկոյանին [նույն ինքը Նիկա Շեկին- Ա.Հ.] հատկացրել է ֆիլմի համար 30 հազար ԱՄն դոլար:

Մենք ցանկացանք զրուցել Նիկա Շեկի հետ, սակայն պարզվեց, որ նա Գերմանիայում է: Բայց Ռուզան Բագրատունյանը մեզ տրամադրեց  Նիկա Շեկի իրեն ուղղված պատասխան նամակի տեքստը:

Եթե հանենք Շեկի նամակի ուսուցողական, չար և հասցեատիրոջն ամեն կերպ «սխալ հանելու» տոնը, տակն ըստ էության փաստ ու փաստարկ չի մնա: Նամակի հեղինակն ամեն կերպ ցանկացել է պաշտպանել Սաhար Կոշմանին և նամակի հասցեատիրոջը ներշնչել, որ նա ճիշտ չի հասկացել ռուսերեն տեքստի այս կամ այն բառը կամ բառի հոլովումը: Բայց զարմանալին նամակի` էթիկայի նորմերը խախտող ոճը չէր, այլ այն, որ Շեկը զայրացել է, թե ինչու է Ռ. Բագրատունյանը հրապարակել ֆիլմի բյուջեն: «Ի դեպ, նշեմ, որ ֆիլմի բյուջեի  բարձրաձայնումը և որոշակի թվերի  հրապարակումն առանց պրոդյուսերի համաձայնության ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլև ոչ պատշաճ»,- ասում է նա: Ի՞նչ է ստացվում, ուրեմն առանց փաստեր նշելու կարելի է մեղադրել, բայց փաստեր նշելով չի՞ կարելի հերյուրանքը հերքել:

Ինչի՞ց է այս զայրույթն ու չարությունը կինոկենտրոնի նկատմամբ, որը փաստորեն փորձել է աջակցել երիտասարդ ռեժիսորին պետական բյուջեից (այսինքն` մեր բոլորիս հարկերից գոյացած միջոցներից) 19 մլն դրամ հատկացնելով նրան, որպեսզի նա կարողանա գլուխ բերել իր մտահղացած ֆիլմը:  Այս հարցի պատասխանը գտնելու համար հանդիպեցինք Հայաստանի ազգային կինոկենտրոնի  տնօրեն Գևորգ Գևորգյանին: Ցավոք, նա չկարողացավ տալ այս հարցի պատասխանը: «Ինձ համար անհասկանալի է և՛ Կոշմանի, և՛ Շեկի վարմունքը,- ասաց նա,- «Ռեգնումի» հրապարակումից հետո երկուսն էլ զանգահարեցին ինձ և ասացին, որ դա թյուրիմացություն է: Սահարը հավաստիացնում է, որ ինքը մեր հասցեին միայն լավ բաներ է ասել թղթակցին, Իսկ Նիկա Շեկը հավատացնում է, որ միշտ երախտագիտությամբ է խոսել մեր մասին Կոշմանի մոտ: Բայց հրապարակվածը, ինչպես տեսնում եք, այլ բան է ասում»,- ասաց նա:

Այնուամենայնիվ պրն Գևորգյանն անհրաժեշտ համարեց ցույց տալ բոլոր փաստաթղթերը, որոնց մեջ մեր ուշադրությունը գրավեց նաև մի նամակ Նիկա Շեկից` ուղղված Գ. Գևորգյանին: «Մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել հնչյունային ձևավորմանը: Սակայն մեր գերմանացի համապրոդյուսերը չի կարողանում հայթայթել հետագա ֆինանսավորումը և խնդրում է լրացուցիչ հովանավորներ գտնել Հայաստանում …»,- ասվում է նամակում:

Հստակ երևում է, որ եթե որևէ մեկը չի կատարել իր պարտավորությունը, ապա դա Նիկա Շեկն է: Եվ չկարողանալով հայթայթել պահանջվող գումարը, որ պարտավորվել է հայտը ներկայացնելիս, նա Սահարին ասել է, որ կինոկենտրոնը խոստացել է գումար տալ, բայց չի տալիս, կինոկենտրոնին էլ ասել է, որ Սահարը խոստացել է գումար ճարել, բայց չի կարողացել: Եվ ստացվում է, որ ոչ հրապարակային գրագրության մեջ կարելի է քաղաքավարի լինել, ներողություն և օգնություն խնդրել, իսկ հրապարակավ պախարակել և առաջարկել տեղը զիջել ավելի երիտասարդներին: Մի՞թե սա ազնիվ ու էթիկայի սահմաններում է, մի՞թե Եվրոպայում այսպես են վարվում, և մի՞թե սա է, որ «նոնսենս» չէ Եվրոպայի համար:

Մենք բնավ հակված չենք որևէ կողմին մեղադրելու կամ արդարացնելու և կարծում ենք, որ Հայաստանի կինոարտադրության ներկայիս համակարգն իրոք արմատական բարեփոխման կարիք ունի: Եվ ուրախալի է, որ այս պատմությունը  դեռ չի խաղա ուրիշ երիտասարդ ռեժիսորների առաջխաղացման հարցում, քանի որ այսքանից հետո էլ կինոկենտրոնի տնօրենը բնավ չի ափսոսում, որ մի քանի երիտասարդ ռեժիսորների աջակցելով` ստեղծագործելու հնարավորություն է տվել նրանց:

Մեզ ուրիշ բան է մտահոգում. հիշյալ ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Նիկա Շեկը (այսինքն` Եվգենյա Շեկոյանը), ինչքան հասկացանք նրա ներկայացրած հայտից, ֆիլմ է նկարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և ազգային ինքնության մասին, սակայն նրա գրագրությունը ցույց է տալիս, որ հայամտած անձնավորություն չէ: Չլինի այնպես, որ ֆիլմի ավարտից հետո ավելի լուրջ խնդրի բախվենք, քան ֆինանսականն է: Կապրենք, կտեսնենք:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply