Վարչապետ. «Պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին` օգնելու նրան լուծելու իր խնդիրները»

Հարցազրույց | | March 28, 2011 18:24

-Պարոն վարչապետ, մի շարք գյուղատնտեսական կարևոր ծրագրեր են մեկնարկում` անասնապահության, պտղաբուծության զարգացում` կոնկրետ ֆինանսավորման աղբյուրներով, սակայն այդ ծրագրերի տնտեսական ազդեցությունը մենք կզգանք մի քանի տարի հետո։ Այսինքն` դեպի արոտավայրեր ճանապարհները մեկ օրում չեն կառուցվի, ծառերը հասակ չեն առնի։ Որո՞նք են այն կոնկրետ ծրագրերը, որոնց շնորհիվ մենք կկարողանանք տարին փակել 10 տոկոս տնտեսական աճով։

-Առաջին հերթին պետք է նշեմ, որ այն տնտեսությունները, որոնք մասնակցում են այդ ծրագրերին, հենց այս տարի կզգան իրենց վրա ազդեցությունը, որովհետև բարձրանալու է արտադրողականությունը, օժանդակությունը լինելու է էական։ Նրանք ստանալու են և սերմ, և ֆինանսական օժանդակություն, և գյուղտեխնիկա, ինչպես նաև խորհրդատվություն այն մասին, թե ինչպես մշակել հողը, ինչ նոր գիտելիք կարող են օգտագործել, որպեսզի բարձրանա արտադրողականությունը։ Երկրորդը. փառք Աստծո, այս տարի բնակլիմայական պայմանները նախորդ տարվա հետ համեմատ ավելի բարվոք են, դա նույնպես իր դրական ազդեցությունը կթողնի։ Երրորդ` մենք մի քանի մեծածավալ ծրագրեր ենք իրականացնում, որոնք անխուսափելիորեն ազդելու են մակրոցուցանիշների վրա։ Մասնավորապես` սերմի ներկրումը Հայաստան և բաշխումն առաջին հերթին այն համայնքներին, որոնք ունեն սոցիալական խնդիրներ։ Նախատեսում ենք, որ այս տարի շուրջ 200 համայնքներ ստանալու են պետության կողմից օժանդակություն, և բնականաբար արդեն աշնանը մենք կտեսնենք դրական արդյունքներ։

-Պարարտանյութի գները շարունակաբար աճում են։ Սյունիքի մարզում տարեկան սպառվում է 2500-3000 տոննա պարարտանյութ։ Նախորդ տարի գյուղացին անվճարունակության պատճառով ձեռք է բերել ընդամենը 300 տոննա։ Այս տարի արդյո՞ք հնարավոր չէ զեղչային համակարգով տրվող պարարտանյութի քանակն ավելացնել։

-Պարարտանյութի խնդիրն ունի էական նշանակություն մեր գյուղատնտեսության համար։ Ոլորտի մասնագետները մեզ հուշում են, որ սելիտրայից պետք է արդեն անցնենք տեղական օրգանական պարարտանյութի։ Սա չափազանց կարևոր խնդիր է, որովհետև նույն փորձագետներն ասում են, որ մշտապես սելիտրայի օգտագործումը հողի հատկանիշների վրա վատ է ազդում, արտադրողականությունն է նվազեցնում, և հետագայում այդ հողը դառնում է գյուղատնտեսության համար անօգտագործելի։ Դրա համար մենք մշակել ենք պարարտանյութերի ազգային ծրագիր, որը նախորդ տարի ՀՀ կառավարությունը հաստատեց։ Ծրագիրը նպատակ ունի տեղական արտադրողների հզորություններն ավելացնել, և անցնել տեղական պարարտանյութի օգտագործմանը։ Երկու խնդիր ենք միևնույն ժամանակ լուծում։ Առաջինը` տեղական արտադրված պարարտանյութն ավելի էժան է, քան ներմուծվող սելիտրան, մյուս կողմից այդ պարարտանյութի արտադրողականությունն ավելի բարձր է։ Մի խնդիր կա. դեռևս մեր գյուղացիական տնտեսությունները տեղյակ չեն, թե ինչպես պետք է այդ պարարտանյութն օգտագործվի, որովհետև զանգվածային օգտագործման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք տեղեկատվություն ապահովենք։ Այս տարի մեր տեղական արտադրողների հետ կնքելու ենք պայմանագրեր, բյուջեից նրանց հատկացնելու ենք գումարներ, որպեսզի նրանք մատակարարեն տեղական օրգանական պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին։ Հետաքրքրական է, որ այս տարվա ընթացքում մեր տեղական, ազգային արտադրողները կարող են բավարարել մեր գյուղացիական տնտեսությունների պահանջարկի շուրջ 50 տոկոսը։ Խնդիրը կայանում է նրանում, որ ցավոք, դեռ ոչ բոլորն են տեղյակ, որ այդպիսի պարարտանյութ կա։ Մենք օգնելու ենք, որ տեղական արտադրողն իր հզորությունն ավելացնի և կարողանա Գյուղատնտեսության նախարարության օժանդակությամբ կոնկրետ տնտեսությունների հետ ստորագրել պայմանագրեր, սովորեցնել այդ տնտեսություններին, թե ինչպես է այդ պարարտանյութն օգտագործվում և 6 ամսվա ընթացքում իրականացնել մոնիթորինգ, մինչև որ բերքը կստացվի։ Եվ այդ ծրագրի մեկնարկը մենք հայտարարում ենք։

-Նորություն չէ, որ նախորդ տարի գյուղատնտեսական ոլորտի վրա իրենց բացասական ազդեցությունը թողեցին անբարենպաստ բնակլիմայական պայմանները։ Գյուղացին ինչքանո՞վ կարող է համոզված լինել, որ այս տարի ցրտահարությունից, կարկտահարությունից բերքը չի տուժի։ Այսինքն` ՀՀ կառավարությունը նախնական ի՞նչ միջոցառումներ է իրականացնում գյուղացու բերքը հնարավոր աղետներից պաշտպանելու համար։

-Իհարկե, աղետներից ոչ մեկը պաշտպանված չէ։ Բնակլիմայական պայմանների ազդեցությունը գյուղատնտեսության վրա էական է և մեծ։ Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը։ Մենք հաստատել ենք բավական մեծ և մասշտաբային, կարկտահարության դեմ պայքարելու առաջին ծրագիրը։ Գիտեք, որ հակակարկտային կայաններ են տեղադրվում Հայաստանում։ Այս պահի դրությամբ` ունենք 110 հակակարկտային կայաններ։ Այս տարվա բյուջեով նախատեսել ենք 200 մլն դրամ, կտեղադրենք շուրջ 50 նոր կայաններ, որպեսզի հնարավորին չափ տնտեսությունները երաշխավորված լինեն, որ կարկուտը վնաս չի հասցնի։ Դա եռամյա ծրագիր է, և ամեն տարի բյուջեով միջոցներ ենք հատկացնում հակակարկտային կայաններ ստեղծելու, ինչպես նաև միասնական կարգավորման համակարգ ստեղծելու համար, որպեսզի պետությունն օպերատիվ կարողանա արձագանքել այս խնդրին։
Մի նոր ծրագիր ենք սկսում, որն այգիներին է վերաբերում։ Այսինքն` նոր ցանցային համակարգով այգիները ծածկելու ծրագիր է, որը Եվրոպայում մեծ կիրառություն է ստացել և ավելի հուսալի է։ Դա լինելու է նորամուծություն մեր պրակտիկայում, և փորձելու ենք նաև այս փորձը տարածել։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգ ներդնելու խնդրին, որի մասին շատ է խոսվում, ապա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա բավականին թանկ հաճույք է, և մեր գյուղացիական փոքր տնտեսությունները պատրաստ չեն ապահովագրական ներդրմանն այն պարզ պատճառով, որ շատ թանկ է։ Այդ տեսակետից պետությունն ավելի շատ իրականացնում է պետական ապահովվածության ծրագրեր. պետական բյուջեով հատկացումներ են նախատեսվում` օժանդակելու գյուղացիական տնտեսություններին։

-Հայտնի է, որ բանջարաբոստանային կուլտուրաների և հացահատիկի ինքնարժեքում ամենամեծ ծավալը բաժին է ընկնում ոռոգման ջրին։ 2005 թվականի համեմատ ոռոգման ջրի սակագինը կրկնապատկվել է։ Արդյո՞ք ՀՀ կառավարությունն ունի ծրագրեր ոռոգման ջրի սակագները մեղմելու ուղղությամբ։

-Այսօր, տեղյակ եք, որ ոռոգման ջրի սակագինը 11 դրամ է։ Տեղյակ եք, որ վերջին տարիների ընթացքում մեծածավալ կապիտալ ներդրումներ են կատարվել ոռոգման համակարգը վերականգնելու, նոր ջրագծեր կառուցելու ուղղությամբ։ Մենք վերջին 3 տարիների ընթացքում աննախադեպ ծախսեր ենք կատարել, որը գերազանցում է 100 մլն դոլարը։ Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ այսուհետև հնարավորություն ունեն ավելի քիչ ջուր ծախսելով, ավելի արդյունավետ օգտագործելով ջրային ռեսուրսները ստանալ արդյունք։ Ջրօգտագործող ընկերություններում կապիտալ ներդրումների, էլեկտրաէներգիայի, աշխատավարձի ծախսերը բավականին մեծ տեսակարար կշիռ են կազմում, և դրանք մենք պետք է հոգանք։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ պետությունը սուբսիդավորում է այդ տնտեսություններին, և նրանց ֆինանսական ճեղքվածքը կազմում է 50-60 տոկոս։ Որպեսզի չբարձրանան սակագները, պետությունը բյուջեից սուբսիդավորում է և այդ ճեղքվածքը փակում, որը տարեկան կազմում է 4 մլրդ 200 մլն դրամ։ Մենք այս տարի դա նախատեսել ենք բյուջեով, և իրականացնելու ենք սուբսիդավորում, որպեսզի սակագինը չբարձրանա։ 2012 թվականին նույնպես նախատեսում ենք այս սուբսիդավորումն իրականացնել, որպեսզի ոռոգման ջրի սակագինը չբարձանա։

-Այսօր գյուղատնտեսական ապահովագրությունը բարձր տոկոսադրույքներով է տրվում գյուղացուն` մինչև 24 տոկոս։ Ի՞նչ լծակներ կամ միջոցներ ունի կառավարությունը, որպեսզի ազդի դրանց վրա և ցածր տոկոսադրույքներ սահմանվեն։ Դուք խոսեցիք ապահովագրության թանկ հաճույք լինելուց` գոնե հնգամյա կտրվածքով, արդյո՞ք կա հնարավորություն այդ ինստիտուտը ներդնելու համար։

-Կարծում եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտում ապահովագրությունը ներդնելը նպատակահարմար չէ, և փորձագետները, որոնք ուսումնասիրել են այս խնդիրը, միջազգային փորձը, խորհուրդ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով։ Ապահովագրության ներդնումը ենթադրում է, որ ձեր ռիսկերի նվազեցման համար դուք այսօր պետք է վճարեք ապահովագրական ընկերությանը։ Ես նշեցի, որ մեր գյուղացիական տնտեսությունները չունեն այդ հնարավորությունն իրենց ռիսկերը նվազեցնելու համար։ Դրա համար մենք պետք է իրականացնենք այնպիսի պետական ծրագրեր, որոնք այդ ռիսկերը նվազեցնում են։ Օրինակ` հակակարկտային ծրագիր։ Ինչ վերաբերում է վարկային միջոցներին, ապա պետք է նշել, որ այսօր գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսը բավականին բարձր է։ Այն միջինը կազմում է 24 տոկոս, չնայած վերջին տարիներին տեսնում ենք, որ տոկոսադրույքները նվազում են, բայց այնուամենայնիվ, դեռևս վարկային միջոցների գինը բավականին բարձր է։ Նախորդ տարի մենք սկսեցինք մի ծրագիր Աշոցքի, Ամասիայի շրջանում, որի իմաստը կայանում էր նրանում, որ պետությունը պետական բյուջեից սուբսիդավորում էր տոկոսադրույքները։ Այդ համայնքներում շուրջ 2 հազար գյուղացիական տնտեսություններ ստացան վարկեր` 10 տոկոս տոկոսադրույքով։ Մենք այսօր ունենք համայնքների թիվն ավելացնելու ծրագիր, ըստ որի` համայնքները կօգտվեն 10 տոկոսանոց վարկային միջոցներից։ Կենտրոնական բանկի հետ համատեղ մշակվել է ծրագիր. ԿԲ-ն առևտրային բանկերին տրամադրելու է անհրաժեշտ միջոցներ` դրամային արտահայտությամբ, և բանկերը պետք է այդ միջոցներն ուղղեն գյուղացիական տնտեսությունների վարկավորմանը, իսկ պետությունը շարունակելու է տոկոսադրույքների սուբսիդավորումը։ Այս պարագայում ԿԲ-ի հետ այդ տոկոսադրույքները կազմելու են շուրջ 14 տոկոս, որից 4 տոկոսի բեռը պետությունը կվերցնի իր վրա, որպեսզի 10 տոկոսով վարկը հասնի գյուղացուն։ Բնականաբար, մենք առաջին հերթին սկսելու ենք այն գյուղական համայնքներից, որտեղ գոյություն ունի աղքատության խնդիր։ Հետագայում կավելալան գյուղատնտեսական վարկերի ծավալները Հայաստանի Հանրապետությունում։

-Պարոն վարչապետ, մենք այստեղ խնդիրներ ենք թվարկում, դրանց լուծման ուղիներն ենք նշում, իմ կարծիքով, սակայն, կա մեկ այլ ավելի արմատական խնդիր։ Մեղմ ասած` որոշ բացառություններով մեր գյուղացին գրագետ չէ։ Բանը հասավ նրան, որ Դուք անգամ ստիպված էիք տարրական հարցեր բացատրել գյուղացուն։ Օրինակները շատ են, չե՞ք կարծում, որ պետական մակարդակով պետք է կրթել գյուղացուն, և ի՞նչ ծրագրեր կան այդ ուղղությամբ։

-Ամոթ բան չէ սովորելը, մենք բոլոս միասին պետք է սովորենք, որովհետև գյուղատնտեսության տարբեր բնագավառներում մշակելով ծրագրեր` մենք հրավիրում ենք հայտնի փորձագետների, և նրանց խորհուրդները, պարզվում է, խիստ օգտակար են մեզ համար, և ամոթ բան չէ, երբ այդ ամենը մենք ներկայացնում ենք մեր գյուղացուն։ Առաջին հերթին մտադիր ենք «Գյուղացիական ժամ» հաղորդումը վերսկսել, որի միջոցով կփորձենք ներկայացնել գյուղացիական ոլորտում առկա խնդիրները, լուծման եղանակները` հրավիրելով լավագույն մասնագետների։ Փորձել խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է այս կամ այն բերքը մշակվի, ինչ պարարտանյութ է նպատակահարմար օգտագործել և այլն, բազմաթիվ խորհուրդներ։ Երկրորդ պետական ծրագիրը վերաբերում է մարզային գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման գրասենյակներին։ Բոլոր մարզերում ունենք այդ խորհրդատվական գրասենյակները, 300-ից ավելի մասնագետներ են աշխատում, որոնք պետք է բոլոր համայնքները հասնեն և օգնեն գյուղացիական տնտեսություններին խորհրդատվական ծառայություններով։ Երրորդն այն միջազգային ծրագրերն ենք, որոնք մենք սկսել ենք։ Այս պահի դրությամբ` շուրջ շուրջ 100 մլն դոլարի հասնող վարկային ծրագրերով մենք բոլոր համայնքներում իրականացնելու ենք տեխնիկական, ֆինանսական օժանդակության ծրագրեր։ Դրանք են Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են խորհրդատվական ծառայության տրամադրման անհրաժեշտություն։ Դա նույնպես օգնելու է, որպեսզի մենք կարողանանք ժամանակակից մեթոդներ ներդնել տնտեսություններում։ Պետք է այնպես անել, որ խորհրդատուները հասնեն բոլոր համայնքներ։ Դա նշանակում է, որ այստեղ լրացուցիչ միջոցներ պետք է ներդնենք, և կոնկրետ պետք է լինի այդ օգնությունը, որովհետև եթե ծրագրում կա այգեգործության տարր, ապա նշանակում է, որ խորհրդատվությունը պետք է վերաբերի ծառերի մշակմանը։ Մեր առջև այսօր խնդիր է դրված` կտրուկ ավելացնել համայնքների քանակը, որոնք օգտվելու են պետական աջակցման ծրագրերից։ Մասնավորապես` սկսել ենք անասնապահության բնագավառում արոտավայրերի արդյունավետ կառավարման ծրագիր Համաշխարհային բանկի հետ։ 55 համայնքներ ներգրավվելու են այս ծրագրի մեջ։ Մենք հայտ ենք ներկայացրել Համաշխարհային բանկին, որպեսզի կրկնապատկենք այդ համայնքների թիվը։ Բնականաբար կկրկնապատկվեն նաև այն ֆինանսական միջոցները, որոնք ուղղվելու են այս ծրագրի իրականացմանը։ Երկրորդը գարու սերմացուի ներմուծումն է։ Կարծում ենք, որ այն 2 հազար տոննա սերմացուն, որն ադեն ներկրվել է Հայաստան, պայմանագրերով տամադրելու ենք առնվազն 20 հազար տնտեսության։ Դա արդեն բավականին զգալի ցուցանիշ է։ Նախորդ տարի մենք ներմուծեցինք շուրջ 1000 տոննա ցորենի սերմ։ Պայմանագրերով մենք այդ սերմացուն տրամադրել ենք 150 տնտեսության, որոնք զբաղվելու են սերմաբուծությամբ։ Այս տարի մենք կունենանք շուրջ 2.5 հազար տոննա սերմացու, որն արդեն պայմանագրերով կտրամադրենք հազարավոր տնտեսությունների։ Նրանք կստանան բարձր որակի սերմացու և բնականաբար խորհրդատվություն, թե ինչպես պետք է դա օգտագործվի։ Արդյունքում` արտադրողականությունը կբարձրանա, 1 հա-ից առնվազն 20 տոկոս ավելի արդյունք կստանանք, կտրվի խորհրդատվություն, թե ինչպես պետք է հողը մշակվի, որովհետև սերմացուն լուծում է խնդրի 20 տոկոսը։ Շատ կարևոր է, թե ինչպես է հողը մշակվում, երբ է սեզոնը սկսվում, ինչպես պետք է պահպանվի բերքը։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ մենք պետք է հասնենք բոլոր տնտեսություններին, և համոզված եմ, որ նոր հաղորդաշարը կօգնի մեր գյուղացիներին։

-Շիրակի մարզի վարելահողերի 57 տոկոսից ավելին տարիներ շարունակ մնացել և հիմա էլ շարունակում են անմշակ մնալ, որի արդյունքում հողի բերքատվությունը նվազում է։ Կան համայնքներ, որոնք արդեն նշում են հողի հնարավոր էռոզիայի մասին։ Կառավարությունն ի՞նչ քայլեր է առաջարկում, երկրի հողային ռեսուրսը, մասնավորապես` Շիրակի մարզում, առավել արդյունավետ կառավարման համար, ու ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Շիրակի մարզի գյուղական աղքատության հաղթահարման և հողի բերքատվության բարձրացման համար։

-Շիրակի մարզը մեր ամենաաղքատ մարզերից մեկն է, և պետության օժանդակությունն առաջին հերթին պետք է գնա աղքատ մարզեր։ Գարու սերմացուն, որը բերվում է, պետք է ստանա Շիրակի մարզը, և առաջին հերթին պետք է օգնենք այն տնտեսություններին, որոնք կարիքավոր են և այն տնտեսություններին, որոնք նոր հողեր պետք է մշակեն։ Մեր ծրագրի նպատակն է ավելացնել մշակվող հողերի ծավալները Հայաստանում։ Դա առաջինը, այսինքն` սերմով ապահովելը։ Երկրորդը` կառավարությունն ընդունել է որոշում, որով էապես պարզեցվել է արոտավայրերի օգտագործման կարգը։ Գյուղացիներն այսուհետև կարող են պայմանագրեր կնքել ուղղակի համայնքի ղեկավարի հետ արոտավայրերն օգտագործելու համար։ Չկա պարտադիր պահանջ նոտարական գրանցման, կադաստրի գնահատման համար վճարումներ կատարելու։ Գյուղացիները պետք է այս տեղեկատվությունն իմանան և օգտվեն այդ հնարավորությունից, որը նրանց ընձեռվում է, պահանջեն իրենց համայքնի ղեկավարներից, որ արոտավայրերի օգտագործման համար ուղղակի պայմանագրեր կնքվեն` առանց լրացուցիչ խոչընդոտների։

-Գյուղական աղքատության հաղթահարման միջոցներից մեկն էլ գյուղմթերքի արտահանումն է, դրա խրախուսումը։ Կառավարությունն այս առումով ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել։ Եվ կարելի՞ է արդյոք սպասել Զվարթնոցի ազատ տնտեսական գոտու գործարկմանը։

-Մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում լինելու է սառնարանային տնտեսության բացումը։ Ազատ տնտեսական գոտու մասին օրենքը Կառավարությունը հաստատել է նախորդ տարի և ուղարկել է Ազգային ժողով, որտեղ քննարկման փուլում է։ Այս տարի այն կընդունվի և մենք Զվարթնոցում կստեղծենք ազատ տնտեսական գոտի։ Էական նշանակություն ունի գյուղատնտեսության համար ապրանքի իրացումը, մթերումների կազմակերպումը։ Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն մթերող, վերամշակող կազմակերպությունները։ Մենք մտադիր ենք օգնել շուրջ 12 մթերող կազմակերպությունների, որպեսզի այս տարի նրանք կարողանան մթերումները նորմալ կազմակերպել։ Ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման կարևորագույն խնդիրը և գաղտնիքը կայանում է նրանում, որ օգնությունը գյուղացուն պետք է գա նրա արտադրված ապրանքի վաճառքը ապահովելու կողմից,ինչը շատ հաճախ անտեսվում էր։ Եթե մենք գյուղացուն տամադրում ենք պարարտանյութ կամ սուբսիդավորում ենք նրա այս կամ այն գործառույթը, դա որևիցե արդյունք չի տա, եթե գյուղացին չի կարողանալու վաճառել իր արտադրանքը։ Դրա համար էական ջանքեր են գործադրվում, որպեսզի մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք գյուղացիական ապրանքների իրացման բնագավառում։ Այդ տեսակետից կառավարությունը տրամադրել է արտոնություններ այն ընկերություններին, որոնք Հայաստան են ներմուծում հոսքային գծեր, որոնք պետք է մշակեն, վերամշակեն գյուղատնտեսական արտադրանքը։ Այս տարի մենք ակնկալում ենք, որ կրկնապատկվելու է պտուղ-բանջարեղենի արտահանումը Հայաստանից, որովհետև կան խոշոր ընկերություններ, որոնք ստացել են կառավարության կողմից արտոնություն և զբաղվելու են գյուղմթերքների արտահանմամբ։ Երկրորդը` մենք էապես պարզեցրել ենք փոքր ու միջին ձեռնարկությունների համար մինչև 2.5 հազար տոննա ապրանքի արտահանումն ու մաքսակետերում բոլոր գործընթացները, որպեսզի ավելորդ վարչարարությամբ նրանց համար խոչընդոտներ չստեղծենք։ Ուզում եմ նաև ավելացնել, որ այս տարի կառավարությունը որոշում ընդունեց` նպատակ ունենալով գյուղտեխնիկայի բնագավառում նույնպես ստեղծել բարենպաստ պայմաններ։ Պարտադիր պայմանը, ըստ որի գյուղտեխնիկան պետք է անցնի տեխնիկական զննում, վերացրել ենք, ինչպես նաև էապես պարզեցրել ենք գյուղում գյուղտեխնիկայի վարորդական իրավունք ստանալու գործընթացը, որպեսզի բյուրոկրատիան էապես նվազի։ Բնականաբար այս բոլոր գործառույթները պետք է ստեղծեն ավելի բարենպաստ միջավայր գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։

-Գյուղատնտեսական աշխատանքներն արդեն մեկնարկում են, ի՞նչ է անում կառավարությունը, որպեսզի գյուղացիական տնտեսությունների հոգսը թեթևացնի։ Այսինքն` գյուղացին վստահ լինի, որ աշխատանքների մեկնարկից կառավարությունն իր կողքին կլինի։ Ի՞նչ է արվում պարարտանյութի գինը զսպելու համար. նախորդ տարի գյուղացին մեկ պարկը գնում էր 4 հազար 500 դրամով, այս տարի արդեն 7 հազար դրամով։

-Էական նշանակություն է ունենալու մեր հայկական պարարտանյութի, մանավանդ` օրգանական պարարտանյութի արտադրությունը։ Հայաստանն ունի կարողություններ, և դրանք մենք կրկնապատկելու ենք։ Գյուղտեխնիկայի առումով` 60 տրակտոր հանում ենք աճուրդի` էժան գներով, որպեսզի կոոպերատիվները կարողանան ձեռքբերել։ Արոտավայրերի արդյունավետ կառավարման ծրագրի ներքո նույնպես ենթադրվում է գյուղտեխնիկայի մատակարարում 50 տոկոսով։ Այսինքն` տեխնիկայի գնի 50 տոկոսը պետությունն ինքն է ֆինանսավորելու, որպեսզի բեռը կոոպերատիվների վրա էապես նվազի։ Այս ծրագրի արդյունքում, կարծում ենք, որ կավելանա գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան։ Երբ խոսում ենք գյուղտնտեսության զարգացման մասին, անպայման պետք է հաշվի առնենք, որ գոյություն ունեն նաև գյուղի խնդիրներ։ Գյուղատնտեսությունն առանց գյուղի զարգացման չի կարելի դիտարկել, գյուղում պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ մարդկանց համար։ Դա նշանակում է, որ մեզ համար էական նշանակություն ունի միջհամայնքային ճանապարհաշինարարությունը, որը մի կողմից հեշտացնում է ապրանքների տեղափոխումը դեպի քաղաք, բայց մյուս կողմից բարեկեցիկ է դարձնում կյանքը գյուղում։ Գյուղում գազամատակարարման, հոսանքի, սոցիալական, մշակութային խնդիրներ կան։ Այս տարի մենք ՀՀ նախագահի հանձնարարականով արդեն իսկ հատկացրել ենք 10 մլրդ դրամ մարզպետերի կողմից ներկայացված սոցիալական ծրագրերը ֆինանսավորելու համար, որի նպատակն է տարածքային համաչափ զարգացման ապահովումը Հայաստանում։ Կարծում եմ, որ այս 10 մլրդ դրամի հատկացումը նույնպես կնպաստի գյուղի խնդիրների լուծմանը։ Անասնաբուծության ոլորտում բյուջեից հատկացրել ենք 1200 երինջի ներկրման համար միջոցներ, դա շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ է կազմում, և նպատակն է` բարձրացնել կաթնատվությունը և մսատվությունն անասնապահության ոլորտում։ Իհարկե, այդ 1200 երինջը դեռևս խնդիրը չի լուծում, պետք է մոտակա տարիների ընթացքում առնվազն տասնապատկենք այս ցուցանիշը։ Կարևոր է, որ մասնավոր անասնաբուծական տնտեսությունները նույնպես կազմակերպում են ինքնուրույն երինջների ներկրում։

-Նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսք գնաց գների նվազեցման մասին, կարելի՞ է ակնկալել, որ, հաշվի առնելով, որ այս գյուղատնտեսական տարին հաջող է համարվելու, գները համաչափ կնվազեն։

-Բնականաբար, եթե գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճի նախորդ տարվա հետ համեմատ 10 տոկոսով, դա նշանակում է, որ գյուղմթերքների գներն անցած տարվա վարքագիծը չեն ունենա։ Մյուս կողմից էլ մեր գյուղացիները շահագրգռված չեն իրենց ապրանքն էժան վաճառել նախորդ տարվա համեմատ։ Ապրանքների գների բարձրացումն ունեցել է նաև հետևյալ էֆեկտը` գյուղատնտեսության ոլորտում ներդրումները 2010-2011թվականներին ավելացել են։ Արդյունքում` մենք ակնկալում ենք, որ շուրջ 50 տոննա պտուղ-բանջարեղեն ենք արտահանելու։ Կրկնապատկվելու է ձկան արտահանումը։ Եթե նախորդ տարի մենք արտահանել էին 400 տոննա ձուկ, ապա այս տարի ակնկալում ենք 800 տոննայի արտահանում։ Գների այս մակարդակը գյուղատնտեսության ոլորտում բերելով լրացուցիչ ներդրումներ` նպաստելու է նրան, որ ավելանան ծավալները։ Մյուս կողմից մեր նպատակն է խթանել, որ այդ գյուղմթերքները հնարավոր լինի արտահանել Հայաստանից։ Այն ընկերությունները, որոնք նմանատիպ ծրագրեր են ներկայացրել կառավարությանը, ստացել են հարկային արտոնություններ։ Համոզված ենք, որ 2011թ-ին կունենանք արտահանման ծավալների աճ։
Խոսելով գնաճի մասին` կարծում ենք, որ Կենտրոնական բանկի և Կառավարության ձեռնարկած միջոցառումները հնարավորություն կտան արդեն ամառվա սեզոնից նկատել, որ գների մակարդակը Հայաստանում նվազում է, մենք հույս ունենք, որ տարին կավարտենք 6 տոկոսանոց գնաճով, այսօրվա 12 տոկոսի փոխարեն։

-Ե՞րբ է հնարավոր ասել, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ գործ է, ի վերջո գաղտնիք չէ, որ գյուղացին կսկսի դրանով լրջորեն զբաղվել, երբ հասկանա, որ ռեալ շահույթ ունի իր աշխատանքից։

-Գյուղատնտեսությունը, բացի տնտեսական խնդիրներից,որի համար պետք է տնտեսապես շահավետ միջավայր ստեղծենք, նաև ունի լուրջ քաղաքական և սոցիալական բովանդակություն։ Նամանավանդ, եթե հաշվի առնենք, որ մենք ունենք 340 հազար գյուղացիական փոքր տնտեսություն, և նրանց կողմից մշակվող հողերի ծավալը կազմում է 430 հազար հա։ Այսինքն` 1 հա-ից մի քիչ ավելի է ընկնում ամեն մի տնտեսությանը. ապահովում է այդ տնտեսությունը զբաղվածություն և տարրական սոցիալական կարիքներ հոգալու հնարավորություն։ Հասկանալի է, որ պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին` օգնելու նրան լուծելու իր խնդիրը։ Այդ տեսակետից, մի կողմից մենք պետք է մտածենք տնտեսական արդյունավետության բարձրացման մասին, դրա համար փորձում ենք խթանել կոոպերատիվների ձևավորումը, որովհետև դրանք հնարավորություն են տալիս ավելի փոքր ծախսերով 15, 20 տնտեսություն սպասարկել` ունենալ գյուղտեխնիկա, ավելի էժան ձեռք բերել սերմացու, վառելիք և այլն։ Մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ դրանով լուծում ենք սոցիալական ու քաղաքական խնդիր։

-Շիրակի մարզում մի քանի գյուղացիական ֆերմերային տնտեսություններ կարտոֆիլ են արտադրում և արդեն բարձրաձայնում են, որ հունիսին սպասվում է կարտոֆիլի կրկնակի գնաճ։ Չկա՞ այնպիսի միտում։

– Գյուղատնտեսության նախարարին տրված է խիստ հանձնարարական կարտոֆիլի սերմացուի խնդիրը պահելու անձնական հսկողության տակ։ Նա ինձ զեկուցել է, որ նախորդ տարի Հայաստան է ներկրվել 800 տոննա կարտոֆիլի սերմացու, այս տարի մենք արդեն ունենք 2 հազար 100 տոննա սերմացու։ Բնականաբար, եթե նախորդ տարի կարտոֆիլի գները բարձրացել են, պահանջարկը շատ մեծ էր, այս տարի ավելի մեծ հողատարածքներ կհատկացվեն կարտոֆիլի համար, դա էլ կլինի երաշխիքը, որ գները նախորդ տարվա համեմատ չեն բարձրանա։ Բնականաբար այս խնդիրը գտնվելու է մեր հսկողության տակ։

-Պրն. վարչապետ, շատ կարևոր ծրագրեր են իրականացվում անասնապահության և պտղաբուծության ոլորտում, և կան դրանց ֆինանսավորման աղբյուրները։ Ինչպե՞ս են վերահսկվելու այդ ծրագրերը։

-Վերահսկողությունը պետք է իրականացվի մի քանի ուղղություններով։ Առաջինը կառավարությունն ինքն իր վերահսկողական ծառայությունների միջոցով պետք է վերահսկի, որ այդ գումարները ծառայեն բուն նպատակին։ Երկրորդ. այդ ծրագրերը գտնվում են նաև աուդիտորական հսկողության ներքո, և բոլոր այդ գործակալությունները, որոնք ստանում են ֆինանսական միջոցները և տեղաբաշխում, պետք է անցնեն պարտադիր աուդիտ։ Երրորդը, որն ամենակարևորն է, այս ծրագրերը պետք է գտնվեն հասարակության վեահսկողության ներքո, և ԶԼՄ-ները պետք է պարբերաբար լուսաբանեն այս խնդիրը` ցույց տալով այն համայնքները, որտեղ այս միջոցները, ըստ պաշտոնական տեղեկատվության, պետք է հասնեն։ Տեղում մենք պետք է ձեզ հետ միասին լինենք և տեսնենք` արդյո՞ք այդ գումարները ծառայում են նպատակին։ Այս երեք ուղղություններով վերահսկողություն իրականացնելով, կարծում եմ, մենք կհասնենք ցանկալի արդյունքի։

-Դուք սիրու՞մ եք հողի հետ աշխատել, հողի հետ կապ ունե՞ք։

-Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ ունի բնական ձգտում հողի հետ աշխատելու, որովհետև մարդ, երբ մեկուսանում է գյուղից, հողի մշակումից, հայտնվում է արհեստական միջավայրում, որը ստեղծում է բազմաթիվ խնդիրներ մարդու համար։ Այդ բնական ձգտումը կա նաև իմ մեջ։

Դիտվել է 2192 անգամ:
Print Friendly

Leave a Reply