Հայ կնոջ ընկալմամբ տղամարդն «առաջին» կարգի մարդ է

ԷՍՍԵ | | March 25, 2011 15:44

«Կինը  ստեղծված է իր սիրելիին ծառայելու համար»,- օրերս հեռուստաեթերում ասում էր բանաստեղծուհի  Սոնա Վանը:

Պետական հիմնարկներից մեկում օրերս գնված նոր գույքը հատկացվել է կառույցի տղամարդ անդամներին, իսկ նրանց օգտագործածը տրամադրվել է կանանց:

Մեկ ամիս առաջ մասնակցած մի խնջույքի ժամանակ մի կին բաժակ բարձրացրեց տղամարդկանց համար` նշելով, որ կինն իր ծագմամբ ստորադաս է տղամարդուն:

Երթուղային տաքսիներում կամ  հարևանների սուրճի սեղանների շուրջը պտտվող խոսակցությունների ամենօրյա թեմաներից են կին-տղամարդ հարաբերությունները, որոնցում գերակշռող դերը դարձյալ տղամարդունն է:  «Բա տղամարդ ա, բա մի հատ էլ իրավունք ունի խփելու»,- մտածում են կանայք:

Խոսքը տվյալ դեպքում չի վերաբերում տղամարդու կողմից բռնության ենթարկվելուն, լինի դա ֆիզիկական թե սեռական, թեպետ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանանց դեմ բռնությունը Հայաստանում սովորական և տարածված երևույթ է:

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության» հարավկովկասյան ծրագրի անցկացրած հետազոտության՝   ինտիմ  զուգընկերոջ  կողմից  բռնությունն  ամենատարածվածն  է  ֆիզիկական, հոգեբանական բռնությունների, վերահսկողական վարքի և հավանաբար նաև սեռական բռնությունների մեջ։   Հարցման ենթարկված 680 կանանց 61 տոկոսը ենթակա է վերահսկողական վարքի:

Խոսքն այն մասին է, որ  հայ կնոջ գիտակցության մեջ նստած է տղամարդուց  ցածր լինելու կամ  տղամարդկանց «տիեզերական» նշանակությունը ընդունելու հանգամանքը:

Հեթանոս ժամանակներում կնոջ ընկալումը սեփական անձի նկատմամբ շատ ավելի անկողմնակալ է եղել, քան հիմա: Ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանն ասում է , որ այդ ժամանակներում կնոջ խոսքը չափազանց ազդեցիկ նշանակություն է ունեցել ընտանիքում, և նա տղամարդուն հավասար իրավունքներ է ունեցել:

Հետագայում՝ քրիստոնեության ընդունման և ապա մահմեդական տիրապետության տակ ընկնելու ժամանակաշրջանում կինը կորցնում է տան մեջ ունեցած իր դերն ու վերածվում անդեմ էակի:

-Տե՞ր ես,- հարցնում է եկեղեցու սպասավորը տղամարդուն:

-Հնազանդ եմ,- պատասխանում է կինը:

«Տեր» և «հնազանդ» լինելու եկեղեցական կարգավիճակները չափազանց իրատեսորեն է արտացոլում տղամարդու և կնոջ հարաբերությունների ենթատեքստը: Մահմեդականների տիրապետության ժամանակաշրջանում այդ ընկալումը ենթարկվում է տրանսֆորմացիայի՝ կրելով մահմեդական մշակույթի ազդեցությունը:

Միջնադարում հայ կնոջ դեմքը փակ է եղել, ինչպես մահմեդական կնոջը. բաց են եղել միայն աչքերը: Նա տան մեջ ոչ միշտ էր իրավասու խոսելու, սկեսրայրի, տագեր կամ, առավել ևս, հյուրի ներկայությամբ պիտի լուռ մնար, իսկ անծանոթ մարդկանց ներկայությամբ ամուսիններն իրենց պահել են որպես անծանոթներ, քանի որ ամոթ է համարվել միմյանց հետ ջերմորեն խոսելը:

Հասարակության զարգացման հետ միասին մեր իրականությունն աստիճանաբար ազատվում է մահմեդական մնացուկներից, սակայն հայ կնոջ մեջ, միևնույն է, արմատացած է իրեն երկրորդ «կարգի» մարդ համարելը:

Խորհրդային մշակույթում ընդունված մարտի 8-ն այսօր  ընկալվում է  որպես կանանց և գեղեկության օր: Վերջին տարիներին ՄԱԿ-ն  այն հռչակեց կանանց միջազգային օր: Սակայն մարտի 8-ն ի սկզբանե  եղել է կանանց իրավունքների պաշտպանության օր:

Այդ օրվա ծագումը կապված է Ռոզա Լյուքսեմբուրգի և Կլարա Ցետկինի հետ, թեպետ տարբեր աղբյուրները  տարբեր փաստեր են ներկայացնում: Սակայն 1910-ին Կոպենհագենում տեղի ունեցած Կանանց միջազգային համաժողովի ժամանակ նրանք առաջարկել են նշել մարտի 8-ը որպես կանանց իրավունքների միջազգային օր:

Մեր հասարակությունում ընդունված չէ կանացի համերաշխություն ասվածը, և այն վերաբերմունքը,  որին արժանանում է հայ կինը, շատ  հաճախ կախված է հենց իրենցից:

Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանն ասում է , որ հայ կանայք ոչ միայն իրենք իրենց ցածր են դասում, այլև նախանձում են ավելի հաջողակ կանանց: «Նրանք խանգարում են իրենց ընկերուհիներին, որպեսզի ավելի առաջ չգնան, և ամեն կերպ փնովում են նրանց»,- մեկնաբանում է Քյալյանը:

Ի՞նչ է սա. պարզապես բարդո՞ւյթ, թե՞ արմատացած ընկալում: Փոխվե՞լ է արդյոք հետխորհրդային տարիներին սեփական անձի նկատմամբ մոտեցումը: Աստճանաբար, բայց շատ դանդաղ:  Բաց սահմանների և ինֆորմացիայի այսպիսի առատության պայմաններում կինն ինքը պետք է կարողանա հաղթահարել կարծրատիպը: Կինը պետք է դուրս գա խոհանոցից, գտնի իր դիրքը հասարակության մեջ և զբաղեցնի հավասար տեղ տղամարդու կողքին:

Դիտվել է 2586 անգամ:
Print Friendly

Leave a Reply